Իջեւանի քաղաքի կենտրոնում գտնվող մի սենյականոց բնակարանում ապրում է 75-ամյա Դ. Կարապետյանը: Նրա տան դուռը մշտապես փակ է: Նրա դրկից հարեւանները մեզ պատմեցին, որ Դ. Կարապետյանը գերազանցությամբ ավարտել է Երեւանի պոլիտեխնիկ ինստիտուտը, Իջեւանում աշխատանքի անցել: Հետո հիվանդացել է շիզոֆրենիա հիվանդությամբ, իսկ 1990թ. մահացել է նրամայրը:
Հարեւանուհիները հայտնեցին, որ արդեն 3 տարի Դ. Կարապետյանը էլեկտրական հոսանք, բնական գազ չունի: Զարմանալի է՝ ծեր մարդն առանց ջեռուցման ինչպե՞ս է դիմացել ձմռանը: Հարեւանների խոսքերով՝ Իջեւանի սոցիալական ծառայությունը պատրաստակամ էր աջակցել Դ.-ին, վերջինս նախկինում ընտանեկան նպաստ է ստացել, սակայն քանի որ հայկական անձնագիր չունի, զրկվել է նպաստից: Հարեւանուհիներն ասացին, որ խորհրդային անձնագիրը հայկականով փոխելու համար հարկ կլինի Դ.-ին լուսանկարել, ինչը շիզոֆրենիայով հիվանդի պարագայում դժվար կլինի:
Հարեւանուհին հայտնեց, որ Դ. Կարապետյանի ամիսներով կուտակված, չվճարված կենսաթոշակի գումարը՝ մոտ 500 հազար դրամ, 2 տարի առաջ Իջեւանից ետ է ուղարկվել: Հարեւանների ընտանիքն ամեն օր 2 թեյնիկ եռացրած ջուր է տալիս Դ.-ին, իրենց ունեցած սննդից բաժին հանում նրան: Սնունդով տոպրակը կախում են բնակարանի դռան բռնակից, թեյնիկը դնում դռան առաջ: Հիվանդին սննդով աջակցում են նաեւ մյուս հարեւանները: Մոտ մեկ տարի առաջ կուրացած, չլսող Դ.-ն բացում է բնակարանի դուռը՝ վերցնում է սնունդը ու ջուրը: Հարեւանուհին ասաց, որ երբեւէ չամուսնացած, ընտանիք չունեցող հոգեկան հիվանդի պատճառով իրենք ամբողջ կյանքում հանգիստ չեն ունեցել, նա միշտ գիշերվա ժամը 3-ին գոռացել է, փայտով հարվածել պատին, հաճախ ծեծել իրենց դուռը:
Կարդացեք նաև
Հարեւանները հարցրին, թե մեր հրապարակումը կօգնի՞, որ Դ. Կարապետյանի խնդիրները լուծվեն: Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանին հարցրինք՝ քաղաքապետարանը ինչո՞վ է օգնել հիվանդին: Քաղաքապետն ասաց, որ մի քանի անգամ նրան դրամական օգնություն են ցուցաբերել , նախկինում, երբ նրա տան էլեկտրական հոսանքը անջատել են, իրենք գումար են տվել, վերականգնել էլեկտրամատակարարումը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Մարդը չի տեսնում, չի լսում, հոգեկան խնդիրներ ունի, իսկ քաղաքապետարանը հոսանքի փող ա տալիս… որ ի՞նչ… կարում ե՞ք, ընենց օգնեք, որ իմաստ ունենա ձեր օգնությունը, ոչ թե ստից անուն հանեք….անձնագիր տվեք, նպաստ տվեք, օգնական կցեք…. թե շատ կլինի, էդքան փող չունեք, բա դուք ինչ ուտեք, հա՞….