Դեռ օգոստոս ամսին «Առավոտը» տեղեկացրել էր, որ 1915 թվականին Կոստանդնուպոլսի Սուլթան Բայազիտ հրապարակում կախաղան բարձրացված 20 հնչակյան ղեկավարների մասունքները կտեղափոխվեն Երեւան եւ կվերահուղարկավորվեն Եռաբլուրում:
Ավելի ուշ, մամուլում հայտնվեց ՍԴՀԿ ԿՎ գաղտնի շրջաբերականը, որում ուշագրավ մանրամասներ կան հայտնաբերված եւ Հայաստան տեղափոխված մասունքների, այդ ողջ գործընթացի մասին: Ըստ այդմ, Հայաստան է տեղափոխվել մեկ կմախք, որն, ըստ փորձաքննության արդյունքների, որեւէ կապ չունի կախաղան բարձրացված 20 հնչակյանների աճյունների հետ:
Aravot.am-ը փորձեց այդ առիթով ստանալ ՍԴՀԿ հայաստանյան կառույցի ատենապետ Նարեկ Գալստյանի մեկնաբանությունները: Վերջինս շատ կարճ խոսեց: «Ես հիմարություններ չեմ մեկնաբանում»,- ասաց նա: Համանման պատասխան հնչեց, երբ փորձեցինք մեկնաբանություններ ստանալ այդ առիթով Վերակազմյալ սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցության վարչության անդամ Համբարձում Եղիազարյանի մեկնաբանությունների վերաբերյալ: Համբարձում Եղիազարյանն այս գործընթացը համարել էր` «ամոթ եւ խայտառակություն»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ