Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Սաքունց. Ընտրական օրենսգրքի նախագիծը ակնհայտ հետընթաց է նույնիսկ այսօրվա գործող օրենսգրքից

Մարտ 07,2016 18:02

«Թե՛ դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների թիվը, թե՛ ընտրությունները լուսաբանող լրատվական միջոցների թիվը Հայաստանում ակնհայտ գերազանցում է 8-ը»,- Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով «Ընտրական օրենսգրքի» նախագծին, ասաց, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

Խոսքը, մասնավորապես, «Ընտրական օրենսգրքի» նախագծի 65-րդ հոդվածի 7-րդ մասի մասին է, որտեղ ասվում է. «Քվեարկության սենյակում միաժամանակ չի կարող գտնվել 8-ից ավելի տեղական դիտորդ եւ զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչ: Եթե տեղամասում ներկա են առավելագույն թվով դիտորդներ եւ զանգվածային լրատվության ներկայացուցիչներ, ապա նոր դիտորդները եւ զանգվածային լրատվության ներկայացուցիչները կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով հերթագրվում են եւ մուտք գործում տեղամաս՝ հերթին համապատասխան: Հանձնաժողովի նախագահն իրավունք ունի կարճ ժամանակով թույլատրելու սահմանված թիվը գերազանցող դիտորդների եւ զանգվածային լրատվության ներկայացուցիչների ներկայություն, եթե դա չի խաթարի քվեարկության բնականոն ընթացքը: Ընտրական հանձնաժողովի կողմից սույն մասի կատարումն ապահովելու անհնարինության դեպքում ընտրական հանձնաժողովի նախագահի պահանջով այն իրականացվում է ոստիկանության օժանդակությամբ»:

Արթուր Սաքունցի խոսքերով՝ դա ամենաանհեթեթ տարբերակն էր, որը կարող էր որեւէ նախագծով առաջարկվել. «Իրապես, տեղամասային ընտրական հանձնաժողովը, որը պետք է սահմանի այդ 8 թիվը կամ հետեւի, որ այդ թիվը չգերազանցվի, ինքը սահմանափակելու է դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպության դիտորդության իրավունքը կամ զանգվածային լրատվության միջոցի իրավունքը, որոնք այդ թվի մեջ չեն մտնի: Այսինքն՝ դա իսկապես խախտում է: «Ընտրական օրենսգիրքը» չի էլ առաջարկում, թե ինչ սկզբունքով են որոշելու: Նույնիսկ եթե այդ սկզբունքն էլ որոշեն, օրենքով նախատեսեն, նույնիսկ դա էլ չի կարող լուծում հանդիսանալ: Որովհետեւ ժամանակային տեսակետից ենթադրենք 20 կազմակերպություն գրանցվեց, այդ 20 կազմակերպությունները 12 ժամվա ընթացքում ո՞նց են իրականացնելու իրենց դիտորդական առաքելությունը, ասենք թե որոշեցին ամբողջ Հայաստանի Հանրապետության տարածքն ընդգրկել: Ինքն իրապես ակնհայտ հետընթաց է նույնիսկ այսօրվա գործող «Ընտրական օրենսգրքից»:

Իրավապաշտպանը հնարավոր է համարում, որ ընտրատեղամասում ներկա լրագրողների եւ դիտորդների թիվը արհեստական ուռճացվի, եւ դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպության դիտորդներին, որոնք նպատակ ունեն իրական դիտորդություն իրականացնել կամ ԶԼՄ-ներին, որոնք օբյեկտիվ եւ անաչառ լուսաբանելու նպատակ ունեն, դուրս թողնեն այդ 8 թվից. «Ինձ թվում է՝ իրենք ակնհայտ գիտակցաբար, ինչպես սահմանադրական փոփոխությունների նախագծի ժամանակ էին մոտեցում դրսեւորել, նաեւ հիմա ակնհայտ այնպիսի թերություններ են մտցնում, որ հետո հանեն՝ իբր հանրային քննարկումների արդյունքում, ճնշման արդյունքում, որ տեսե՛ք, հաշվի առանք հանրության կարծիքը»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031