Լրահոս
Օրվա լրահոսը

Բորիս Նավասարդյան. Լրագրողները եւ դիտորդները ընտրողներին եւ թափանցիկ ընտրական գործընթացներին չէին խանգարում

Մարտ 07,2016 17:14

Կառավարության հավանությանը արժանացած «Ընտրական օրենսգրքի» նոր նախագիծը անդրադառնում է նաեւ ընտրատեղամասում լրագրողների եւ դիտորդների ներկայության կարգին:

Մասնավորապես, Ընտրական օրենսգրքի 65-րդ հոդվածի 7-րդ մասում ասվում է. «Քվեարկության սենյակում միաժամանակ չի կարող գտնվել 8-ից ավելի տեղական դիտորդ եւ զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչ: Եթե տեղամասում ներկա են առավելագույն թվով դիտորդներ եւ զանգվածային լրատվության ներկայացուցիչներ, ապա նոր դիտորդները եւ զանգվածային լրատվության ներկայացուցիչները կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով հերթագրվում են եւ մուտք գործում տեղամաս՝ հերթին համապատասխան: Հանձնաժողովի նախագահն իրավունք ունի կարճ ժամանակով թույլատրելու սահմանված թիվը գերազանցող դիտորդների եւ զանգվածային լրատվության ներկայացուցիչների ներկայություն, եթե դա չի խաթարի քվեարկության բնականոն ընթացքը: Ընտրական հանձնաժողովի կողմից սույն մասի կատարումն ապահովելու անհնարինության դեպքում ընտրական հանձնաժողովի նախագահի պահանջով այն իրականացվում է ոստիկանության օժանդակությամբ»:

Aravot.am-ը այս առաջարկվող կարգի մասին զրուցեց Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի հետ: Ըստ նրա, այդ կարգը առաջին հերթին կխոչընդոտի ընտրությունների եւ ընտրական գործընթացների թափանցիկությանը. «Միակ բանը, ինչով կարող էր խանգարել լրագրողների եւ դիտորդների առկայությունը ավելի մեծ թվերով, նա էր, որ բացահայտվելու էին այնպիսի անդուր երեւույթներ, ինչպիսին լցոնումներն են, բռնություններն են եւ ճնշումները ընտրողների վրա: Եթե լրագրողները եւ դիտորդները քիչ լինեն, ապա նրանց մեկուսացնելը, լուսանկարելու, տեսագրելու եւ այլ վկայություններ պատրաստելու հնարավորություն չտալը ավելի հեշտ կլինի:

Այլ նպատակ ես այստեղ չեմ տեսնում, որովհետեւ չգիտեմ առանձնապես լուրջ դեպքեր, երբ դիտորդները եւ լրագրողները խանգարել են, եթե իրական դիտորդներ են եւ լրագրողներ, ոչ թե ընտրախախտումներին նպաստող անձինք, որոնց թիվը, ինձ թվում է, չի սահմանափակվելու: Ընտրողներին եւ թափանցիկ ընտրական գործընթացներին իրենք որեւէ ձեւով չէին խանգարում, միայն նպաստում էին»:

Բորիս Նավասարդյանը համարում է, որ ամեն դեպքում պետք է փորձել մասնակցել քննարկումներին եւ այնպիսի փոփոխություններ մտցնել նախագծի մեջ, որոնք կբարելավեն օրենսգիրքը, կբացառեն անիրավ սահմանափակումները. «Եթե դա էլ չլինի, ապա ե՛ւ բողոքի ակցիաներ, ե՛ւ հայտարարություններ, ե՛ւ միջազգային հանրության ուշադրությունը գրավելու տարբեր փորձեր են անհրաժեշտ լինելու, եւ կարծում եմ՝ կլինեն»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Լուսանկարը՝ Զորիկ ԳԱԼՍՏՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031