Բրյուսելում մարտի 7-ին տեղի է ունենալու Թուրքիա ԵՄ գագաթնաժողովը: Մինչ այդ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի եւ Հոլանդիայի վարչապետ, ԵՄ գործող նախագահ Մարկ Ռուտտեի մասնակցությամբ կայացել է եռակողմ հանդիպումը։ Վարչապետին մոտ կանգնած աղբյուրները նշում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Սիրիայում տեղի ունեցող զարգացումները, փախստականների խնդիրներն ու կրոնական հարցեր:
Aravot.am-ի հետ զրույցում թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը նկատեց, որ Թուրքիան Բրյուսել է գնում խիստ հակաեվրոպական եւ հակաժողովրդավարական իրավիճակով. «Քանի որ վերջին օրերին Թուրքիայում, ըստ էության, տեղի են ունենում այնպիսի իրավիճակներ, որոնք մի կողմից հակասում են եվրոպական բոլոր չափանիշներին՝ մարդու իրավունքներին, ժողովրդավարությանը եւ շատ հռչակագրերին, մյուս կողմից էլ ի ցույց են դնում թուրքական իշխանությունների իրական նպատակը իրական գործելակերպը, այսինքն՝ Եվրամիության եւ համաշխարհային այլ հարթակներում ստանձնած պարտավորությունները, հնչեցրած ելույթները եւ Թուրքիայի իրական քայլերը իրար կրկին հակասում են: Մասնավորապես՝ այսօր Թուրքիայում կոպտորեն ոտնահարվում է դատարանը, եւ Թուրքիայի նախագահը հայտարարում է, որ այդ երկրի Սահմանադրական դատարանի որոշումը առոչինչ է եւ ինքը չի ընդունում այդ որոշումը: Սրանք բացահայտ բռնակալական, բռնապետական միտումներ են:
Երկրորդ՝ ոտնահարվում է խոսքի ազատությունը, գիտենք, որ պետության կողմից հարձակում է իրականացվել այդ երկրում կարեւոր ընդդիմադրիր թերթերից, ամենամեծ տպաքանակը ունեցող «Զաման» թերթի վրա, ինչը գնահատվում է որպես մամուլի դեմ Թուրքիայում գրանցված ամենակոպիտ եւ բիրտ հալածանքի քայլերից մեկը: Եվ Էրդողանը կրկին հայտարարել է՝ եթե դա բռնություն է մամուլի նկատմամբ, ապա ինքը, այո՛, բռնություն է իրականացնում»:
Ռուբեն Մելքոնյանը նշեց նաեւ, որ Թուրքիայում տեղի են ունենում, ձերբակալություններ, որոնց ընթացքում ոտնահարվում են մարդկանց իրավունքները, անմեղության կանխավարկածը. «Այս ամենի հանրագումարը կարող ենք ասել՝ ի ցույց է դնում Եվրամիության առջեւ ստանձնած Թուրքիայի պարտականությունները, մեղմ ասած, չեն կատարվում: Եվ այս հանդիպումը, ի համեմատություն նախորդ հանդիպումների, աչքի է ընկնելու ավելի եւ ավելի աչքի զարնող խստությամբ»:
Կարդացեք նաև
Նա ընդգծեց, որ այս ամենի համատեքստում նաեւ հայկական ուղղվածությունը չի անտեսվում. «2 օր առաջ տեղի ունեցած սկանդալային բացահայտումը, որ Թուրքիայի հետախուզական ծառայությունը այդ ամենի համատեքստում շարունակում է իր ուշադրության կենտրոնում պահել հայերին, հայ համայնքին, անգամ Հրանտ Դինքի դատավարությանը ամենայն մանրամասնությամբ հետեւել է: Եվ այդ ամենը, այսինքն՝ հայ համայնքում Հրանտ Դինքի սպանության հետ կապված բոլոր զարգացումները, նա՝ Թուրքիայի Ազգային անվտանգության ծառայությունը, գնահատում է որպես պառակտիչ գործողություններ: Սա նույնպես խոսում է այդ երկրում բռնապետական արատների օրեցօր ահագնացող ծավալների մասին»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ