Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Մելքոնյան. Դավութօղլուն գտնվում է քաղաքական երկընտրանքի առջեւ

Մարտ 07,2016 16:46

Բրյուսելում մարտի 7-ին տեղի կունենա Թուրքիա-ԵՄ գագաթնաժողովը: Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն մինչ Բրյուսել մեկնելը լրագրողների հետ հանդիպում է ունեցել, որի ընթացքում հայտարարել է, որ Թուրքիան չի ցանկանում Սիրիան մասնատված տեսնել: Նա հավելել է, որ Թուրքիային անհրաժեշտ չէ 100 տարի առաջ տեղի ունեցած տարածաշրջանի պառակտվածության կրկնությունը. պետք է գործադրել բոլոր ջանքերը տարածաշրջանը միավորելու համար:

Այս առնչությամբ Aravot.am-ը զրուցել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի հետ:

«Դավութօղլուն, իմ կարծիքով, գտնվում է ինքնության երկընտրանքի առջեւ, քանի որ նրա տեսական հայտարարությունները եւ գործնական քայլերն իրարից տարբերվում են: Այսինքն՝ տեսաբան Դավութօղլուն եւ վարչապետ Դավութօղլուն, ըստ էության, անում են իրար հակադիր քայլեր: Չմոռանանք, որ նույն Դավութօղլուն է առաջարկել մի քանի այլ տեսություններ եւս՝ 0 խնդիր հարեւանների հետ, կայուն տարածաշրջան եւ այլն: Կարծում եմ՝ երբ որ գործը հասնում է իրական քաղաքականությանը, այսինքն՝ «ռեալ պոլիտիկ» վիճակին, ապա Դավութօղլու այդ տեսությունները հայտարարությունների մակարդակից այն կողմ չեն անցնում: Այս հայտարարությունը կարծում եմ՝ նույնպես նույն ճակատագրին է արժանանալու»,- ասաց նա:

Ըստ թուրքագետի, Դավութօղլուի հայտարարությունն իր մեջ հակասություն է պարունակում, քանի որ նույն Դավութօղլուն կամ Թուրքիայի կառավարությունը, նախագահը բազմիցս հայտարարել են այլ խնդիրներ, մասնավորապես՝ Սիրիայի ներկա լեգիտիմ իշխանությունները պետք է հեռանան. «Այսինքն՝ կողմ են արտահայտվել Սիրիայի մասնատմանը, կարծում եմ՝ այսօր այդ հայտարարությունները առոչինչ են: Բացի այդ էլ՝ պատմությունից միշտ հայտնի է, որ Թուրքիան տարածքային նկրտումներ է ունեցել Սիրիայի նկատմամբ, եւ գաղտնիք չէ, որ 1939 թվականին Սիրիայի մի հատված բռնակցվել է Թուրքիային, հետագայում էլ այդ նկրտումները շարունակվել են: Կարծում եմ՝ ներկայումս թուրք-սիրիական կոնֆլիկտի հիմքում թուրքական տարածքային նկրտումներն են»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031