Մարտի 20-24-ը Իսպանիայի Lloret de Mar քաղաքում տեղի կունենա «Մոնսերատի ոսկյա ձայնը» միջազգային մրցույթը, որտեղ մեր երկիրը կներկայացնի գյումրեցի լիրիկ սոպրանո Լեոնորան՝ Արեւիկ Թանաշեանը:
Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց երգչուհին, այս մրցույթում առաջին անգամ մասնակցելու է երկու նոմինացիաներով՝ հոգեւոր եւ դասական: Թե ինչ ստեղծագործություններ է կատարելու, երգչուհին առայժմ չի ուզում հրապարակել:
Նշենք, որ երկար ժամանակ Արեւիկ Թանաշեանի ամուսինը՝ լիբանանահայ Վիգեն Թանաշեանը, որ նաեւ նրա պրոդյուսերն է, հովանավորներ էր փնտրում այս մրցույթին մասնակցելու համար, սակայն մեր երկրից որեւէ մեկը ցանկություն չհայտնեց օժանդակելու երգչուհուն: Նա մասնակցելու է սփյուռքահայ բարերարի աջակցությամբ:
Արեւիկ Թանաշեանի ֆեյսբուքյան էջում ընթերցում ենք.
«Ուրախությունս անսահման է, երբ նորից սփյուռքահայը հայտնվեց եւ կրկին անգամ հովանավորեց մեր միջազգային մրցույթի մասնակցելու ողջ գումարը: Այն, ինչ չկամեցան Հայաստանում՝ կամեցավ մեր սփյուռքահայ հովանավորը, որի համար շնորհակալ եմ եւ երախտապարտ,եւ խոստանում եմ կրկին հաղթանակ մեր երկրին սփյուռքահայի հովանավորությամբ»:
Նշենք, որ Արեւիկ Թանաշեանը մշտապես «Գրան Պրի» է բերել մեր երկրին՝ տարբեր միջազգային մրցույթների մասնակցելով: Միայն անցած տարի երգչուհին չորս «Գրան Պրի» է նվաճել. անցած տարվա սեպտեմբերի 13-17-ը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացած «Գրան Պրի 2015» միջազգային մրցույթում, որին մասնակցում էին լավագույն երգիչներ 10 երկրներից՝ Իտալիա, Իսպանիա, Ուկրաինա, Սերբիա, Ռումինիա, «Գրան Պրի»-ի արժանացավ մեր օպերային երգչուհին: Նմանապես նա «Գրան Պրի» մրցանակի էր արժանացել «Կովկասյան առաջնություն», Վարշավայում լեհ երգչուհի, էստրադային աստղ Աննա Գերմանի անվան «Wiktoria 2015» միջազգային մրցույթներում: Արեւիկ Թանաշեանը հերթական «Գրան Պրի»-ն նվաճել էր նաեւ ՌԴ-ի Պյատիգորսկ քաղաքում կայացած «Ձմեռային հեքիաթ» մրցույթում:
Երգչուհին անցած տարի մենահամերգ ունեցավ Իրանի մեծությամբ երրորդ քաղաքում՝ Սպահանում, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-ամյակին ու ոգեկոչումն էր Սպիտակի ավերիչ երկրաշարժի:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարը՝ Արեւիկ Թանաշեանի ֆեյսբուքյան էջից