Մարտի 9-ին` ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա դաշնակահարներ Գլորիա Կամպաների (Իտալիա), Տրիստան Պֆաֆֆի (Ֆրանսիա), Ֆրանսուա-Գզավյե Պոազայի (Շվեյցարիա) և Վահան Մարտիրոսյանի «Չորս դաշնամուր` մեկ բեմում» խորագրով համերգը:
«Չորս դաշնակահարով միաժամանակ ելույթ ունենալը դեռևս Բախի ժամանակներից է գալիս: Սակայն նման ձևաչափով համերգներ քիչ են կազմակերպվում, որովհետև դժվար է այնպիսի բեմ գտնել, որի վրա միաժամանակ չորս դաշնամուր կտեղավորվի: Բացի այդ, պետք է այնպիսի օր գտնել, որը չորս դաշնակահարներին էլ հարմար կլինի: Իսկ դա իրականում բավականին դժվար է. ամեն մեկն իր ժամանակացույցն ունի, և բոլորին նույն օրը նույն տեղում հավաքելը հեշտ չէ»,- «Royal Tulip Grand Hotel Yerevan» հյուրանոցում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը:
Չնայած նշված դժվարություններին` Հայաստանի պետական կամերային նվագախմբին արդեն երկրորդ անգամ է հաջողվում նման համերգ կազմակերպել Հայաստանում. «Այսպիսի համերգ ունենալու գաղափարը ծագեց Շվեյցարիայում` Ֆրանսուա-Գզավյե Պոազանի փառատոնի ժամանակ, երբ չորս դաշնակահարներով կատարեցինք Բախի` չորս դաշնամուրի համար գրված կոնցերտը: Հայաստանում նմանատիպ համերգ անցկացրինք մեկուկես տարի առաջ: Եվ քանի որ դրական արձագանքներ շատ եղան, որոշեցինք այն ավանդական դարձնել»,- ասաց Վահան Մարտիրոսյանը:
Նրա փոխանցմամբ` համերգին կհնչեն Բախի, Ռավելի, Պուլենկի ստեղծագործություններից: Որոշ գործեր հատուկ այս համերգի համար վերամշակվել են:
Կարդացեք նաև
Նշենք, որ արտերկրից հրավիրված երեք դաշնակահարներից երկուսն առաջին անգամ են մեր երկրում, իսկ Տրիստան Պֆաֆֆը` երրորդ:
«Ուրախ եմ, որ դարձյալ Հայաստանում եմ: Ես միշտ հաճույքով եմ վերադառնում ձեր երկիր: Արդեն երրորդ անգամ պիտի ելույթ ունենամ հայ հանդիսատեսի համար, և դա հաճելի է: Իմ համերգներն այստեղ շատ լավ են անցնում»,- ասաց Տրիստան Պֆաֆֆը:
«Շատ էի ուզում Հայաստան գալ, որովհետև բազմաթիվ հայ ընկերներ ունեմ, շատ հայ երաժիշտների գիտեմ, որոնք ինձ Հայաստանի մասին շատ լավ բաներ են պատմել»,- նշեց Գլորիա Կամպաները:
Ֆրանսուա-Գզավյե Պոազան էլ է շատ լսել Հայաստանի մասին. «Ես Ժնևի հայաշատ թաղամասերից մեկում եմ ապրում: Այնտեղի հայերի հետ հաճախ ենք խոսել Հայաստանի մասին: Եվ մի տեսակ անհամբերությամբ էի սպասում, թե երբ եմ վերջապես լինելու ձեր երկրում»,- ասաց դաշնակահարը:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ