«Մարտի 10-ին մեր կազմակերպության վեցամյակն է, ու հենց այս շրջանակներում սկսում ենք «6 պրոֆեսիոնալ 6 գիրք» ծրագիրը»,-այս մասին Aravot.am-ի հետ զրույցի ժամանակ ասաց «Մարքեթինգի հայկական ակումբ» հ/կ-ի նախագահ Տարոն Պարսամյանը:
Նա հավելեց, որ ծրագիրն ունի ոչ ֆորմալ կրթական նշանակություն. «Երկու շաբաթը մեկ անգամ կորպորատիվ կազմակերպություններից մեկի մարքեթինգի բաժնի ղեկավար է հյուրընկալվելու ու ներկայացնելու է իր սիրելի մասնագիտական գրքերից որևէ մեկը: Ակնկալում ենք հետաքրքիր քննարկում և հույս ունենք, որ միջոցառումն օգտակար կլինի երիտասարդների համար: Առաջին մասնագետը, որ կներկայացնի գիրքը, կլինի ACBA-CREDIT AGRICOLE BANK-ի մարքեթինգային հաղորդակցությունների բաժնի ղեկավար Արտյոմ Ղազարյանը: Ակումբի թիրախային խումբը մարքեթինգի ոլորտի ուսանողներն են և տարբեր ընկերությունների մարքեթինգի մասնագետները : Մյուս բանախոսների անունները, հետաքրքրություն առաջացնելու համար, չենք հրապարակում»:
Տարոնը նշեց, որ միջոցառումները միշտ անվճար են լինում, բայց մուտքն ազատ չէ. «Մեզ մոտ ծրագրերին մասնակցելու համար գումար հարկավոր չէ,սակայն գինը, որ պետք է վճարել, մասնագիտական չափանիշներն են. միջոցառումներին կարող են ներկա լինել ակումբի անդամները, իսկ ակումբի անդամ դառնալու համար հստակ չափանիշներ կան: Իհարկե, եթե լինեն մարդիկ, ովքեր, չլինելով ակումբի անդամ, ցանկություն հայտնեն մասնակցել և եթե համապատասխանեն ակումբի չափանիշներին, ապա սիրով: Պարզապես ֆիլտրը դրված է, որպեսզի լսարանը խիստ թիրախային լինի»:
Կարդացեք նաև
«Մարքեթինգի հայկական ակումբ» հ/կ-ի նախագահը նկատեց, որ Հայաստանում կան լավ մասնագետներ, սակայն նրանք հիմնականում նեղ մասնագիտացված են. «Մարքեթինգն ունի երկու կարևոր առանձնահատկություններ: Առաջինը՝ այն դինամիկ զարգացող մասնագիտություն է, օրինակ՝ մինչև ինտերնետ մարքեթինգի վերաբերյալ գիրքը գրում, ավարտում ես , այդ ընթացքում այնպիսի միտումներ են փոխվում, որ ստիպված սկսում ես փոփոխություններ անել: Երկրորդ առանձնահատկությունը մարքեթինգ մասնագիտության մեջ՝ իրարից հեռու նեղ մասնագիտացումներն են: Երբ ասում են ընդհանուր մարքեթինգի դասընթաց, ինձ համար մի քիչ ժամանակավրեպ է. օրինակ՝ հետազոտություններ անող մարքեթոլոգը և դիզայնով, բրենդինգով զբաղվող մարքեթոլոգը միմյանցից շատ տարբեր մարդիկ են ու մասնագիտացումն էլ է խիստ տարբեր, մի դեպքում մաթանալիզ, մաթեմատիկական գիտությունների հետ կապ ունեցող ինչ որ մեկն է պետք, մյուսում դեպքում անհրաժեշտ է արվեստի , դիզայնի հետ կապ ունեցող, բայց միևնույն ժամանակ մարքեթինգային մտածելակերպով անհատ»:
Գործունեության 6 տարիների ընթացքում Տարոնը նկատել է, որ չնայած քիչ թվով տաղանդավոր կադրերի առկայությանը` երիտասարդները հիմնականում ծույլ են. «Երբ մենք «Մարքեթինգի հայկական ակումբ»-ը հիմնադրեցինք, թե՜ այն ժամանակ, թե՜ հիմա դիմումների պակաս չի եղել: Մենք հիմնականում աշխատում ենք մարքեթինգի բուհական ամբիոնների հետ . ակումբը սնուցվում է այդ ամբիոններից: Տարվա ընթացքում տասնյակ, հարյուրավոր դիմող երիտասարդներից՝ միայն 2-3-ն են իրոք ցանկանում և կարողանում գտնել իրենց ոլորտում: Մեր գործընկեր առաջատար գործատուներն ասում են, որ երիտասարդների մեծ մասը գալիս է շատ բարձր ինքնագնահատականով: Այսօր, իմ կարծիքով, ունենք լուրջ կադրային խնդիրներ»:
Ըստ Տարոնի, Հայաստանում մարքեթինգն ունի ապագա, սակայն ավելի շատ նեղ մասնագիտական ոլորտներում.ՙ «Ես կարծում եմ՝ կգա մի պահ, երբ ՏՏ ոլորտն ու մարքեթինգը կմիաձուլվեն՝դառնալով մեկ մասնագիտություն՝ IT մասնագետ-մարքեթոլոգ: Հայաստանին մեծ ապագա է սպասվում թվային արտադրանքի արտահանման ոլորտում. եթե ճիշտ աշխատենք, կհասնենք արդյունքի,պարզապես պետք է արտահանման ճիշտ ռազմավարություններ մշակել»:
Վերջում նա անդրադարձավ նաև իրենց ակումբի պլաններին.ՙ«Մենք ուզում ենք շարունակել այս ձևաչափը, հնարավորություն տանք ուսանողներին ներգրավվելու տարբեր բիզնես նախագծերում, իրագործելու սեփական գաղափարները: Պետք է ոչ ֆորմալ կրթական ծրագրերը շարունակեն գործել՝գրքերի քննարկումներ, կոնֆերանսներ, պրակտիկ մարքեթինգի հետազոտություններ, հանդիպումներ պրոֆեսիոնալների հետ:Բայց այս ամենի համար գումարներն են հարկավոր. դրա համար մենք կշարունակենք զարգացնել ինքնաֆինանսավորման քաղաքականությունը և սեփական միջոցներով նպաստել ոլորտի առաջընթացին»:
Միջոցառումների շարքը կմեկնարկի մարտի 10-ից Էրեբունի պլազայի Ուրարտու սրահում ժամը՝18:45-ին:
Արփի ԿԻՐԱԿՈՍՅԱՆ