Եթե ավելի շատ կանայք աշխատեին իրենց մասնագիտությամբ, այլ ոչ թե իրենց կամքով կամ հակառակ իրենց կամքի դառնային տնային տնտեսուհիներ եւ չաշխատեին, ապա Հայաստանի տնտեսության համախառն ներքին արդյունքը` ՀՆԱ-ն, 50-60 միլիոն դոլարով ավելին կլիներ: Այսպիսի եզրահանգման են եկել փորձագետները` ուսումնասիրելով կանանց ներգրավվածությունը աշխատաշուկայում:
Ուսումնասիրությունը, որն իրականացվել է 2015-2016 թթ.-ին, կատարել է անկախ փորձագետ Նվարդ Մանասյանը` ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Գենդերային հավասարության անհամապատասխանությունների ախտորոշիչ ուսումնասիրություն» ծրագրի շրջանակներում:
Այսօր «Մեդիա կենտրոնում» կազմակերպված ասուլիսում Նվարդ Մանասյանն ասաց, որ պետական եւ ոչ պետական բուհերում 28 մասնագիտությունների ցանկում միայն 7-ում են կանայք կազմել 50 տոկոսից ավելին: Այդ ցանկում են հումանիտար եւ սոցիալական գիտությունները, մանկավարժությունն ու արվեստը, տնտեսագիտությունն ու սպասարկման ոլորտի մասնագիտությունները:
Փորձագետը փաստում է նաեւ, որ Հայաստանում կանանց ամսական միջին աշխատավարձը տնտեսության բոլոր հատվածներում զիջում է տղամարդկանց միջինին. Ճեղքվածքը կազմում է 35,9 %: Կանայք հիմնականում զբաղված են ցածր վարձատրվող ոլորտներում:
Կարդացեք նաև
Կանանց նկատմամբ խտրական դրսեւորումների ախտորոշիչ ուսումնասիրությունը նաեւ ցույց է տվել, որ թեեւ Հայաստանում կրթությամբ չեն զիջում տղամարդկանց, այնուամենայնիվ զբաղեցնում են պաշտոններ ստորին օղակներում: Բարձրագույն պաշտոններում 90 տոկոսը տղամարդիկ են:
Ըստ փորձագետի հաշվարկների, Հայաստանին ընտանեկան բռնության հասցրած տնտեսական կորուստը կազմում է 400 հազարից մինչեւ 1,1 միլիոն ԱՄՆ դոլար:
Նվարդ Մանասյանի խոսքերով, կանանց ցածր վարձատրությունը, տարիներ անց խնդիրներ է առաջացնելու. «Կանայք, որոնք շատ ցածր են վարձատրվում, նրանց կենսաթոշակային կուտակային ֆոնդերը շատ ցածր են լինելու եւ ծեր տարիքում կանայք աղքատության ռիսկի առաջ են կանգնելու»:
Aravot.am-ի այն հետաքրքրվեց, թե Կենսաթոշակային բարեփոխումները ներդնելիս, կառավարության պատճառաբանություններից մեկն էլ այն էր, որ բարեկեցիկ ծերություն է ապահովելու, այսինքն` մինչեւ չլուծվի կանանց աշխատանքի հարցը եւ պատշաճ ներգրավված չլինեն տարբեր բարձր եւ ցածր պաշտոններում, բարեկեցիկ ծերություն նրանց չի սպասվում:
Ասուլիսին ներկա ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Գարիկ Հայրապետյանը պատասխանելով Aravot.am-ի այդ հարցին՝ ասաց, որ կանայք պետք է այսօր նորմալ վարձատրվող աշխատանք ունենան, որպեսզի բարեկեցիկ կենսաթոշակ ստանան:
Պարոն Հայրապետյանը նաեւ ասաց, որ կենսաթոշակային բարեփոխումները անհրաժեշտ են, քանի որ 20-25 տարի հետո ներկայիս` համերաշխության սկզբունքով իրականացվող համակարգն այլեւս չի աշխատի, քանի որ, եթե հիմա ամեն չաշխատողին բաժին է ընկնում 4 աշխատող, ապա 20 տարի հետո ամեն չաշխատողին կհասնի 1,8 աշխատող:
Մանրամասները` տեսանյութերում
Մեր այն հարցին, թե կա՞ ուսումնասիրություն, ինչո՞ւ են գործատուները հրաժարվում կին աշխատող ունենալուց եւ արդյոք այն պայմանավորված է կանանց` պոտենցիալ հղիներ լինելով, ինչի պատճառով գործատուն պետք է նոր մասնագետ գտնի, Նվարդ Մանասյանը պատասխանեց, որ ուսումնասիրությունների ժամանակ հղիության գործոնը չեն դիտարկել, այլ դիտարկել են առցանց հեռարձակվող հայտարարությունները, որոնք հրավիրում են աշխատանքի:
Փորձագետը ակնհայտ խտրականություն է նկատել կանանց աշխատանքի հրավիրելու հայտարարություններում. «Աշխատանքային օրենսգրքով չի թույլատրվում, բայց հստակ տարիքային առաջարկություն կար, հստակ գեղեցկադեմ լինելու պահանջը, որոնք մեր օրենքով արգելված է»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ