«31»-ի գործով 1995-ի օգոստոսի 10-ի հարցաքննության ժամանակ «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանն ասել էր, որ ոչ թե ես եմ ՀՅԴ-ին գտել, այլ՝ նրանք են ինձ փնտրել ու ներգրավել հեղաշրջման նախապատրաստմանը: Ես ընդամենը, որպես զինվոր, ընկել եմ դաշնակցականների ազդեցության տակ:
Հարցին՝ հեղաշրջման դեպքում ինչքա՞ն զինված մարդ էր պատրաստվում դուրս գալ ներկա իշխանությունների դեմ՝ Մանվել Եղիազարյանը պատասխանել էր. «Ըստ Վահան Հովհաննիսյանի, կարող էր դուրս գալ 5 հազարից ավելի զինված մարդ»:
Իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանին ուղղված նամակում Մանվել Եղիազարյանը գրել էր. «Պարոն նախագահ, ես թույլ եմ տվել սխալ, որ հավատացել եմ մութ ուժերին եւ գործիք եմ դարձել նրանց ձեռքին: Ես միշտ սիրել եմ իմ պետությանը եւ ոչ մի անգամ իմ մտքում չի եղել ձեռք բարձրացնել իմ հարազատ կառավարության վրա, ուղղակի որոշել են ինձ նման հայրենիքին անմնացորդ նվիրված տղաներին դնել իրենց ազդեցության տակ եւ հանել ճիշտ ուղուց: Նրանց նպատակն է եղել որպես զինվոր օգտագործել մեզ իշխանությունների դեմ զենքով դուրս գալու: Եվ քանի որ մեր կառավարությունը չի խրատել մեզ ինչ ձեւով մեզ պահել՝ մենք մնացել ենք բախտի քմահաճույքին: Պարոն նախագահ, ես եղել եմ մի գործիք, որը նետված է եղել պատի տակ եւ ոչ մեկի մտքով չի անցել օգտագործել դա, մինչեւ հայտնվել է մի ուժ՝ կուսակցություն եւ փորձել է դա անել իր նպատակների համար»:
Կարդացեք նաև
«31»-ի գործի այս մանրամասները ուշագրավ են հատկապես «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի՝ վերջերս արած հայտարարությունից հետո, որ իրենց հենց այնպես չեն փորձել բռնել:
Aravot.am-ի հետ զրույցում մեր հարցին, որ փաստորեն պարոն Իսագուլյանը տարիներ հետո հաստատում է այն, ինչ Դուք ասում էիք այն ժամանակ՝ Մանվել Եղիազարյանը պատասխանեց. «Երկու բառով դժվար է ասել, դրա համար ես ձեռնպահ կմնամ: Կգա ժամանակը՝ ես դրան լայնածավալ կանդրադառնամ, թե ոնց է մի մարդը կարողանում խոսքը փոխել: Ես մանրամասն կասեմ, որ պարզ լինի՝ ոնց են աշխատել դատաքննչական մարմինները, ինչպես են մարդկանց գլխին գործ սարքել, ինչպես են մարդկանց վարկաբեկել, ինչպես են մարդկանց ճիշտ խոսքն աղավաղել, ինչքան ճնշման տակ են շատ բաներ գրվել, ինչպես են հարցաքննել մարդկանց: Այդ ամենը մինչեւ չասվի, բավարարվել, թե ինչ-որ մի հատ թուղթ է գրվել… Ես հաստատող ոչ մի բան էլ չեմ ասել, չեմ ասել, որ Վազգեն Սարգսյանին սպանելու էինք, այդպիսի բան չի եղել:
Իսկ ինչ վերաբերում է Լեւոն Տեր-Պետրոսյանին ուղղված նամակին, այդ նամակը ես գրել եմ միայն, որպեսզի փրկեմ իմ մարտական ընկերներին, որոնց կես մարդ էին սարքել բանտերում: Ես ժամանակին պաշտպանել եմ սարսափելի Լեւոն Տեր-Պետրոսյանին՝ իմանալով, որ ՀՀՇ-ն տականքություն է: Ես եթե այսպես մի բան խոսամ, բա չե՞ք ասելու՝ Մանվել Եղիազարյանն իշխանությունների ջրաղացին ջուր լցրեց, ընդդիմությանը վարկաբեկեց: Դրա համար ձեռնպահ եմ մնում: Կգա ժամանակը՝ ես սաղ կասեմ»:
Մանվել Եղիազարյանը խոստացավ ավելի մանրամասն խոսել այս մասին եւ իր խոսքերով՝ «հատ-հատ իրենց դեմը դնել». «Տրամադրեք հեռուստատեսություն, նստեմ խոսամ, ա՛յ մարդ: Ես հիմնավոր կասեմ»:
Մեր հարցին՝ Գառնիկ Իսագուլյանի ասածներն անակնկալ չէի՞ն ձեզ համար՝ Մանվել Եղիազարյանը պատասխանեց. «Ամեն մարդ կարող է մի բան ասել, ես իրավունք չունեմ քննելու: Ես իմ ասածն եմ ասելու եւ հիմնավորելու եմ: Հասարակությունից բացի գոյություն ունեն քննիչներ, մարդիկ, որոնք իրականում գիտեն ինչ է եղել: Ես կիսամեռ, ուղեղի ցնցում տարած ընկած բանտ՝ դուք իմ ցուցմունքը հիմնավո՞ր եք համարում: Դա՞ ա ձեր դեմոկրատիան, դա՞ ա ձեր մարդասիրությունը, դա՞ ա ձեր ճիշտը»:
Մենք ճշտեցինք՝ Դուք հիմա չեք ուզում նախկին իշխանություններին քննադատել, որ չասեն՝ այս իշխանությունների ջրաղացի՞ն եք ջուր լցնում՝ նա պատասխանեց. «Այո, կասեն՝ պաշտպանում է այս իշխանություններին: Պարզ ասեմ՝ սրանք էլ պաշտպանելու բան չեն, դրա համար եմ ձեռնպահ մնում: Թե չէ էնքա՜ն բան կա պատմելու, որ պատմեմ՝ կզարմանաք: Ա՛յ որ նորմալ երկիր կունենաք՝ իսկական դեմոկրատական երկիր, երբ որ հայը արժեք կլինի, էն ժամանակ կլսեք մեր պատմությունը: Ավելի շատ բան կպատմենք, քան դուք պատկերացնում եք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ