Հայ-ռուսական մշակութային համագործակցության շրջանակում՝ «ՀՀ մշակույթի նախարարության և ՌԴ մշակույթի նախարարության միջև 2015 թ. համագործակցության պլանի» և «ՀՀ մշակույթի նախարարության և ՌԴ մշակույթի նախարարության միջև 2016-2018 թթ. համագործակցության մասին» ծրագրի հիման վրա` 2016 թ. մարտի 10-ին, Ռուսաստանի պատմության թանգարանում կբացվի «Հայաստան. լինելիության լեգենդներ» խորագրով քաղաքակրթական ցուցահանդեսը: Կներկայացվի ավելի քան 160 ցուցանմուշ` Հայաստանի պատմության թանգարանից, Մայր Աթոռ Սբ Էջմիածնի թանգարաններից և Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ «Մատենադարանից»:
Ցուցադրության հայեցակարգին համապատասխան հրատարակվել է նաև ցուցահանդեսի պատկերագիրքը, որտեղ ներկայացված է հայ ժողովրդի պատմությունն ու մշակույթը վաղնջական ժամանակներից մինչև մեր օրերը, իսկ առանձին բաժնով` Հայոց ցեղասպանության թեման:
«Հայաստան. լինելիության լեգենդներ» խորագրով ցուցահանդեսը կբացեն ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ու ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին՝ երկու երկրների Նախագահների մասնակցությամբ:
Ցուցահանդեսը կգործի մինչև ս. թ. հունիսի 13-ը:
Գլխավոր հովանավորն է «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ»-ը:
ՀՀ մշակույթի նախարարություն