Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Լյուդմիլա Սարգսյանն առայժմ չի միանա ՀԱԿ-ի առաջարկներին՝ ԸՕ-ի մասով

Մարտ 07,2016 13:47

Վերակազմյալ սոցիալ դեմոկրատ կուսակցությունն առայժմ չի պատրաստվում միանալ ընտրական օրենսգրքի շուրջ ՀԱԿ-ի ներկայացրած կետերին, որոնց պաշտոնապես միացել է միայն Ազգային վերածնունդը: Aravot.am-ի հետ զրույցում,ՎՍԴՀԿ ատենապետ, ԱԺ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն ասաց, որ իրենք նախապատրաստում են ԸՕ-ի առաջարկությունների սեփական փաթեթը, որն առաջիկայում կներկայացնեն հանրության դատին:

Կուսակցությունում մինչեւ վերջ դեռ չեն ուսումնասիրել ներկայացված նոր նախագիծը, բայց որոշ դիտարկումներ արդեն ունեն: Դրանցից մեկն էլ վերաբերվում է առաջարկվող համամասնական ընտրակարգին: «Բավականին խճճված համակարգ է ներկայացվում, որն, ըստ էության, իր մեջ ներառում է նաեւ մեծամասնական ընտրակարգ: (Այս մոտեցումն ունեն նաեւ ՀԱԿ-ում եւ Ժառանգությունում- Ն. Գ ): Անհասկանալի է մոտեցումը, բավականաչափ բացատրություններ են պետք, որպեսզի փորձենք հասկանալ, թե իրականում ի՞նչ են ուզում ապահովել այս նախագծով, դրա հեղինակները: Բազմաթիվ մտահոգիչ դրույթներ կան՝ միանշանակ»,- ասաց Լյուդմիլա Սարգսյանը հավելելով, որ որոշակի բարեփոխումների միտում էլ տեսնում, բայց դրանց կիրառության մասով հստակություն չկա:

Ընդդիմադիրները առաջարկները՝ ընտրատեղամասերում տեսախցիկների տեղադրման, ընտրողների մատների թանաքոտման, բնակիչների ռեգիստրի մաքրման, քվեարկած քաղաքացիների ցուցակների հրապարակման եւ այլն, ինչպես հայտնի է, նախագծում տեղ չեն գտել կամ բավական լղոզված են արտահայտված:

Տիկին Սարգսյանը կարծում է, որ ընդդիմադիրները պետք է պայքարեն, որպեսզի այդ կետերն ամբողջությամբ եւ հստակ ամրագրվեն օրենքում` մանավանդ, որ ընդդիմադիր ուժերի մոտեցումները հիմնականում չեն տարբերվում: Նա, իհարկե, վստահ չէ, որ նախագծի հեղինակների կողմից առանց սվինների կընդունվեն ընդդիմության առաջարկները, բայց կարծում է, որ ընդդիմությունը պետք է կարողանա լուրջ ճնշումներ գործադրել:

Մեր զրուցակիցն այդքան էլ համամիտ չէ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանի առաջարկին՝ իջեցնել անցողիկ շեմի տոկոսը երեք տոկոսի: Ինչ-որ տեղ ընդունելի է համարում նախագծի հեղինակներից Հրայր Թովմասյանի այն բացատրությունները, որ 67 կուսակցություն կա եւ շեմն իջեցնելու դեպքում 10-12 երեք հոգանոց խմբակցություններ կձեւավորվեն, որոնք, ըստ էության խորհրդարանում որեւէ դերակատարում չեն կարողանա իրականացնել՝ փոշիացնելով ընդդիմադիր դաշտի ընտրողների ձայները:

Լյուդմիլա Սարգսյանը դրական է համարում մոտեցումը, որ կայուն մեծամասնություն ձեւավորելու համար երեք կուսակցությունից ավել չեն կարող կոալիցիա կազմել: «Իշխանությունը կարող է 4-5 ուժի հետ պայմանավորվել՝ ստեղծել մեծամասնություն, հուսահատ թողնելով հանրության ընդդիմադիր դաշտի այն ընտրազանգվածին, որոնք կարծել են, թե այդ կուսակցությունները ընդդիմադիր են»,- հիմնավորվում է մեր զրուցակիցը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031