Շուտով լույս կտեսնի բանաստեղծ, արձակագիր Ռեգինա Ամատունու «Հայոց աշխարհի տերերը» գիրքը, որը հիմնականում ներառում է Արցախյան պատերազմի մասին արձակ ստեղծագործություններ: Այս մասին Aravot.am-ին հայտնեց հեղինակը:
Գրքում ներկայացված պատմություններն իրական են, դրանցից մեկը 2014թ. նոյեմբերին Ադրբեջանի կողմից խոցված հայկական օդուժի ՄԻ-24 ուղղաթիռի անձնակազմի անդամներից մեկի դիի եւ մյուս երկուսի մասունքների տարհանման գործողությունը իրականացրած հետախույզների մասին է. «Խոսել եմ հետախույզների հետ` այն տղաների, որոնք բերել են մեր օդաչուների դիերը: Նրանք պատմում են, թե ինչ հրաման ստացան ղեկավարությունից, ինչպես կարողացան իրականացնել այն: Մահացու վտանգավոր էր այդ ամենը: Չնայած մահվան վտանգին` մեր հետախույզները գնացին այդ քայլին: Քանի որ այդ ամենը գաղտնի է, պատմությունը ներկայացված է գեղարվեստական ժանրում»,-նշեց Ռեգինան:
Նրա խոսքով` «Հայոց աշխարհի տերերը» գրքի ընթերցողը «կտեսնի» հետախույզների ապրումները, հույզերը եւ խրոխտ ոգին:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ