Համաշխարհային չարիք համարվող «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման տրամադրության ներքո երեխաները դաստիարակվում են զանգվածային մահապատիժներին մասնակցելու և մարդկային անդամահատված գլուխների հետ խաղալու միջոցով։ Այսպիսի պնդումներ են կատարել ՄԱԿ-ի աջակցությամբ բրիտանական Quilliam կազմակերպության հրապարակած զեկույցի հեղինակները։ Այս մասին հայտնում է The Independent-ը։
Զեկույցի հեղինակներն եկել են եզրակացության, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդները դաստիարակվել են «համակարգված հրահանգավորմամբ»՝ ինչպես դաստիարակվում էին երեխաները ֆաշիստական Գերմանիայում, և շարունակում են նույն մեթոդներով դաստիարակել իրենց երեխաներին։
Զեկույցում նշվում է, որ ահաբեկչական կառույցի մարտիկների երեխաները ծնված օրվանից մեծացվում են, որպես ջիհադի (իսլամի դրույթներով ջիհադը պատերազմ է անհավատների դեմ) ապագա մարտիկներ։