Մ. Մաշտոցի անվան Մատենադարանի արխիվը համալրվել է արժեքավոր փաստաթղթերով, մասնավորապես` Ֆրանսիայից ուղարկվել են Վանին առնչվող փաստաթղթեր եւ իրեր: Այս մասին Aravot.am-ին հայտնեց Մատենադարանի արխիվային փաստաթղթերի պահպանման և գիտական մշակման բաժնի վարիչ Արա Խզմալյանը:
«Փաստաթղթերն առնչվում են անձնական տվյալներին, դրանք նաեւ գիտական աշխատություններ եւ գեղարվեստական գործեր են, որոնք պատմական նշանակություն ունեն` 20-րդ դարի են: Փաստաթղթերի թվում կան նամակներ եւ մեկ վեպ, նաեւ Վանից հավաքված չորացված դեղաբույսեր, որոնք հատուկ խնամքով պահպանվել են: Հավանական է, որ դրանք կցուցադրենք»,- նշեց Արա Խզմալյանը:
Նրա փոխանցմամբ` նշյալ փաստաթղթերի եւ նմուշների նվիրատուները հիմնականում եվրոպաբնակ հայեր են, որոնք լսելով Մատենադարանում ստեղծված նոր պայմանների մասին` իրենց արխիվային ժառանգությունը հանձնել են ապահով հաստատությանը. «Մատենադարանում այդպիսի արժեքները պահպանելու համար լավագույն պայմաններն են ստեղծված, անգամ ավելի բարձր, քան Եվրոպական մի շարք խոշորագույն կառույցներում»:
Մեր զրուցակիցը հավելեց, որ Մատենադարանի արխիվային ֆոնդում մոտ 1 միլիոն փաստաթուղթ կա: Ֆոնդն ամեն տարի համալրվում է:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ