Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Րաֆֆի Քալֆայան. «Փոխհատուցման գործընթացները կարելի է առաջ մղել, Թուրքիայի կողմից Ցեղասպանության պաշտոնական ճանաչումից անկախ»

Մարտ 07,2016 12:21

Եվրոպայի Հայերի Համագումարի կողմից, Գերմանիայի Դույսբուրգ քաղաքում, կազմակերպված «ՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՎԱՐՏԻՆ» եռօրյա գիտահետազոտական խորհրդաժողովի չորրորդ նիստը, որն ուներ «Ցեղասպանություն և պահանջատիրություն, քաղաքա-իրավական դաշտում պահանջատիրության հարցի պարզաբանում և հստակեցում» ընդհանուր խորագիրը, վարում էին դոկտ. Րաֆֆի Բեդիկյանը և Երվանդ Խոսրովյանը, ուր և հերթաբար, խոսք առան ֆրանսահայ իրավաբաններ:

«Հայկական Պահանջատիրությունը Միջազգային Օրենքում» թեմայով ելույթ ունեցավ Ֆրանսիայի Հայ իրավաբանների միության համանախագահ իրավաբան Տկն. Վերժինի Տյուշեն։ Նա սկզբում անդրադարձ կատարեց Ֆրանսիայի Հայկական կազմակերպությունների աշխատանքները համակարգող խորհրդի մասին, ապա խոսեց միջազգային զանազան դատարաններում Հայկական հարցի արծարծելու հնարավորությունների և նրանց առջեւ ծառացած դժվարությունների ու արգելքների մասին։

Այնուհետ, «Ցեղասպանության փոխհատուցում: Իրավական հիմքեր, միջոցներ և մարտահրավերներ» թեմայով ելույթ ունեցավ Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (F.I.D.H.) նախկին նախագահ, իրավաբան, միջազգային օրենքի մասնագետ՝ Րաֆֆի Քալֆայանը, որ մանրամասնորեն բացատրեց միջազգային օրենքում տեղ գտած փոխհատուցման եղանակների, միջոցների, պայմանների և հնարավորությունների մասին:

Րաֆֆի Քալֆայանը, հայկական պահանջատիրության ոլորտում, խոսեց Թուրքիայի պետությունից հայապատկան կալվածների անհատական և հավաքական պահանջատիրության անհրաժեշտության մասին, նույն ժամանակ բացատրելով, թե՝ փոխհատուցման գործընթացները կարելի է առաջ մղել, Թուրքիայի կողմից Ցեղասպանության պաշտոնական ճանաչումից անկախ։ Նա նշեց, թե սույն գործընթացը պահանջում է զգուշություն, խոհեմություն և Հայաստան-Սփյուռք ամբողջական համագործակցություն:

Երկու զեկույցների ավարտին, քննարկումներ կատարվեցին հողային և կալվածային պահանջատիրության և ֆինանսական փոխհատուցման իրավական հիմքերի և կարելիությունների մասին:

Հիշեցնենք, սույն թվականի մարտի 4-6-ը Գերմանիայի Դույսբուրգ քաղաքում, Եվրոպայի Հայերի Համագումարի նախաձեռնությամբ, կայացավ՝ հայության հիմնահարցերին նվիրված գիտահետազոտական խորհրդաժողով՝ «ՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՎԱՐՏԻՆ» ընդհանուր խորագրի ներքո, որում զեկույցով հանդես եկան եվրոպահայ տարբեր համայնքների ներկայացուցիչներ:

 

 

Եւրոպայի Հայերու Համագումար

Տեղեկատվական բաժանմունք

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031