Այդ աստվածային շնորհը որեւէ մի մահկանացուի փոխանցելը
ոչ մի լավ բանի չի բերում
Արդյո՞ք մարդու բոլոր քայլերը պայմանավորված են ինչ-որ արտաքին գործոններով, թե՞ նա ունի կամքի ազատություն, եւ եթե ունի, ապա որտե՞ղ եւ ո՞ր չափով է նա կարող այն դրսեւորել: Այդ հարցի շուրջ փիլիսոփաները, աստվածաբանները վիճում են առնվազն 25 դար: Վեճը միայն առաջին հայացքից է թվում զուտ տեսական, փիլիսոփայական: Պատմության ընթացքում պատահում է, որ այս կամ այն ժողովրդի «գլխին թափվում է» ազատությունը: Սակայն նման իրավիճակներում ազատությունը ծանրագույն բեռ է դառնում, որը մարդիկ չեն կարողանում եւ չեն ցանկանում տանել: Ապրուստի համար միջոցներ հայթայթելը դառնում է դժվար, իրավիճակը՝ անկայուն, սթրեսներով հագեցած, ապագան՝ մշուշոտ: Ավելի լավ չէ՞ իմ ազատությունը պատգամեմ իմաստուն, բարի, կատարյալ մի էակի, որը կապահովի իմ քիչ թե շատ տանելի գոյությունը, ես էլ, ուղեղս անջատած, ապրեմ իմ կյանքով՝ ոչ մի բանի համար պատասխանատվություն չկրելով: Ծանոթ իրավիճակ է, այնպես չէ՞:
Քրիստոնեական ավանդույթը մինչեւ Մարտին Լյութերը (այսինքն՝ 15 դար) տարբեր վայրիվերումներով եւ երանգավորումներով, ընդհանուր առմամբ, ընդունում էր մարդկանց կամքի ազատությունը: Օրինակ՝ Ավգուստիանոս Երանելին գիտակցում էր խնդրի բարդությունը եւ խոստովանում՝ «երբ պաշտպանում ես կամքի ազատությունը, թվում է, թե ժխտում ես Աստծո երանությունը, իսկ երբ հաստատում ես երանությունը, ապա թվում է, որ չեղյալ ես հայտարարում ազատությունը»: Այդքանով հանդերձ՝ ավանդական քրիստոնյա մտածողները (նաեւ հայ) չէին կարող մերժել մարդու ազատ ընտրության իրավունքը, քանի որ հակառակ դեպքում կստացվեր, որ մարդը «տեղ չունի» կատարելագործվելու, մեղքերից ազատվելու եւ Աստծո հետ միանալու: Հետեւաբար նրանք խորհուրդ էին տալիս բռնվել երկու «սյուներից»՝ երանությունից եւ ազատությունից՝ երկրորդը դիտելով որպես ճանապարհ դեպի առաջինը: Իհարկե, կային վանականներ, որոնք ասում էին, թե Աստված, առանց որոշակի պատճառների, մարդկանց մի մասի համար նախատեսում է բարի հակումներ, իսկ մյուսի համար՝ չար, բայց նման մտածողությունը դատապարտվում էր որպես աղանդ:
Լյութերը եւ Կալվինը, ըստ էության, կրկնեցին այդ աղանդների թեզերը: Եթե հայերի մի մասը սիրում է կրկնել՝ «ով էշ, մենք՝ փալան» ճակատագրապաշտական «իմաստությունը», ապա Լյութերը բերում էր ձիու զուգահեռը. բոլոր մարդիկ ձիեր են, որոնց մի մասի մեջքին նստում է Աստված, իսկ մյուսի մեջքին՝ սատանան. կամքի ազատությունն այդպիսով զրոյացվում է, ամեն ինչ թողնվում է «վերեւներին»: Նման ավտորիտար մտածելակերպը կարող է մարդուն դարձնել խիստ պատասխանատու, քանի որ պետք է անընդհատ ապացուցի, որ իր մեջքին Աստված է նստած՝ այստեղից, այսպես կոչված, «բողոքական էթիկան», եւ հակառակը՝ խիստ անպատասխանատու՝ դե, ինչ արած, ամեն ինչ արդեն որոշված է: Այդ ծայրահեղ «դետերմինիստական» մոտեցումը հաճախ տեղ է գտնում նաեւ գիտության մեջ: Օրինակ՝ կենսաբանը կարող է համոզմունք հայտնել, որ մարդու վարքը պայմանավորված է բացառապես գենետիկ կոդով: Կամ բոլշեւիկյան տիպի «մարքսիստը» կարող է պնդել, որ ամեն ինչ կանխորոշված է «հասարակական կեցությամբ»: Հիշենք նաեւ, որ շիզոֆրենիայի գլխավոր ախտանիշներից մեկն այն է, որ դու մշտապես գտնվում ես ինչ-որ մեկի վերահսկողության տակ, եւ հենց դրանով են պայմանավորվում քո քայլերը:
Բայց հիմնական քրիստոնեական ավանդույթը, կրկնեմ, այս կամ այն չափով ազատ կամքի տեղ, այնուամենայնիվ, թողնում է: Այդպես էին մտածում նաեւ նոր ժամանակների քրիստոնյա մտածողները: Օրինակ՝ 19-րդ դարի առաջին կեսի դանիացի մտածող Սյորեն Կիրկեգորը նշում էր, որ աստվածային զորությունը չի կարող հակասել աստվածային մեծահոգությանը, եւ որպես ճշմարիտ առաքինություններ ունեցող էակ՝ Աստված կարող է հնարավորություն տալ մարդկանց ազատ լինել նույնիսկ Իրենից:
Կարդացեք նաև
Ազատության ծանր բեռն իրենց ուսերին կրող մարդիկ պետք է որ գիտակցեն, որ ոչ իրենք են կատարյալ, ոչ էլ որեւէ այլ մահկանացու: Եվ ազատությունից փախչելը, ապավինելով որեւէ մեկի կատարելությանը, ինչպես որ դա 20-րդ դարում արել են, մասնավորապես, իտալացիները, գերմանացիները եւ ռուսները, նույնպես, ինչպես պարզվեց, հարցի լուծում չէ:
Լուծումն առաջարկել է 17-րդ դարի բրիտանացի քրիստոնյա փիլիսոփա Ջոն Լոքը: Ըստ այդմ, պետք է ընդունել բոլորիս (բացի Աստծուց) անկատար եւ մեղավոր լինելը, եւ որպեսզի մենք իրար չուտենք, պետք է պետության մեջ ստեղծել զսպումների այնպիսի մեխանիզմներ, որոնք մի խմբի «մեղավոր» շահերը կչեզոքացնեն մեկ այլ խմբի նույնքան «մեղավոր» շահերով: Հնչում է ոչ այնքան վերամբարձ եւ պոետիկ, բայց մի շարք ժողովուրդների մոտ դա ստացվել է:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
05.03.2016
«Չգիտակցված մահը մահ է, գիտակցված մահը` անմահություն»
Մի քիչ ձեւափոխելով՝
Ուրիշների կողմից կամ արտաքին հանգամանքներից հարկադրված սահմանափակումները ստրկություն է, իսկ փոքր տարիքից բարու ու սիրո մեջ դաստիարակված ազնվական սկզբունքներից հետեւող ինքնասահմանափակումները՝ ազատություն: