«Ադրբեջանի պետական նավթային ընկերության» (SOCAR) ղեկավար Ռովնագ Աբդուլաևը լրագրողներին հայտարարել է, թե Ադրբեջանը պատրաստ է սառեցնել և 2016թ. հունվարի մակարդակին հասցնել նավթի արդյունահանման ծավալները։ Այս մասին տեղեկացնում է Minval.az լրատվական կայքը՝ հղում կատարելով Yeni Musavat-ին։
Աբդուլաևի խոսքերով՝ նավթի արդյունահանման աշխատանքներն արդեն կասեցվել են. «Ադրբեջանում նավթի արդյունահանման ծավալները չեն գերազանցի անցյալ տարվա ցուցանիշը»։
Տեղեկացնենք, որ 2015թ. Ադրբեջանը մշակել է 41,689 միլիոն տոննա նավթ։ Նախատեսվում է, որ այս տարի Ադրբեջանում նավթի արդյունահանման ընդհանուր ծավալը կկազմի 40,7 միլիոն տոննա։
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Ռուսաստանի Էներգետիկայի նախարարությունը հույս էր հայտնել, որ Ադրբեջանն ու Ղազախստանը կմիանան նավթի արդյունահանման սառեցման գործընթացին։ Այդ մասին հայտարարել էր ՌԴ Էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը։