Եթե առաջիկայում Արա Գյուլերի լուսանկարները ցուցադրելու նպատակով նոր հնարավորություններ եւ առաջարկներ ի հայտ գան, Մշակույթի նախարարությունը պատրաստ կլինի դրանք ընդունել: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում նշեց Մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանը:
Նրա խոսքով. «Այս պահին Գյուլերի լուսանկարների թանգարան ստեղծելու հարցադրումը սուր չէ, որպեսզի խիստ հրատապություն հաղորդենք այդ հարցին, որովհետեւ Ազգային պատկերասրահում մի ամբողջ հարկ տրամադրված է Գյուլերին: Հայաստանում չունենք որեւէ լուսանկարիչ, որի աշխատանքներին մի ամբողջ հարկ տրամադրված լինի»:
Հիշեցնենք` ավելի վաղ մամուլում չհաստատված տեղեկություններ էին տարածվել, թե Երեւանում նախատեսվում է հիմնել ստամբուլաբնակ աշխարհահռչակ հայ լուսանկարիչ Արա Գյուլերի լուսանկարների թանգարան:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ