2016թ. մարտի 6-ին պաշտոնական այցով Բաքու էր ժամանել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի գլխավորած պատվիրակությունը։ Հունգարիայի վարչապետի այցի մանրամասներն է հաղորդում թուրքական «Հաբերլեր» լրատվական գործակալությունը։
Վարչապետի պատվիրակության կազմում էին նախարարներ և հունգարացի բազմաթիվ գործարարներ։
Ադրբեջանի նախագահ Ալիևի և վարչապետ Օրբանի միջև կայացած երկկողմ և երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ հանդիպումներից հետո Ալիևը նշել է, որ վերջին տարում ավելացել են հունգարական ներդրումները Ադրբեջան, ինչը գոհացուցիչ փաստ է։
Նախագահ Ալիևը խոսել է նաև Հունգարիայի և Ադրբեջանի նմանությունների մասին. «Եվս մեկ անգամ հաստատվեց Ադրբեջանի և Հունգարիայի ռազմավարական գործընկերներ լինելու փաստը։ Հունգարիան անկախ քաղաքականություն է վարում. այս է պատճառը, որ մեր երկու երկրների միջև շատ նմանություններ կան։ Դրանով է նաև պայմանավորված, որ Հունգարիան պատվով դուրս եկավ աշխարհում և Եվրոպայում տիրող ճգնաժամից»։
Կարդացեք նաև
Վարչապետ Օրբանն էլ իր հերթին նշել է. «Մեր համագործակցության համար ծնվում են նոր հնարավորություններ։ Ստեղծված պայմաններում անհնար է նույն կերպ շարունակել տնտեսական քաղաքականությունը։ Նախկինում վառելիքի գներն այլ էին։ Այս պատճառով մենք պետք է համակերպվենք ստեղծված իրավիճակի հետ և մենք կարող ենք դա միասին անել։ Այս գործընթացից Ադրբեջանն ավելի ուժեղ դուրս կգա՝ կհիմնի ավելի բազմակողմ տնտեսություն և մենք՝ հունգարներս, կմասնակցենք այդ գործընթացին»։