2015 թվականի փետրվարի 28-ին ադրբեջանական կողմի իրականացրած դիվերսիոն ներթափանցման փորձի ժամանակ փոխգնդապետ Արտակ Աղեկյանը փորձելով փրկել 20-ամյա Հայկ Բարոյանի կյանքը՝ զոհվել էր, սակայն փոխգնդապետին հաջողվել էր փրկել 3 զինվորի կյանք:
Արտակ Սեդրակի Աղեկյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանները պաշտպանելիս ցուցաբերած արիության համար հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:
2016 թվականի փետրվարի 28-ին Տաշիր քաղաքում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Արտակ Աղեկյանի լուսավոր հիշատակին:Մասնակիցները հարգանքի տուրք մատուցեցին և խնկարկեցին հերոսի շիրիմը: Դպրոց անվանակոչվեց Արտակ Աղեկյանի անունով և բացվեց փառքի սրահ:
Կազմակերպվել էր նաև հուշ-ցերեկույթ, որի ժամանակ հնչեց «Թալիշի Արծիվ» երգի պրեմիերան երգի հեղինակի՝ Արմանիի կատարմամբ, որը նվիրված էր Արտակ Աղեկյանի հիշատակին:
Հեղինակ-կատարող, լրագրող և հաղորդավար Արմանին (ամբողջական անունն է Արման Կարապետյան) արդեն երկար տարիներ է, ինչ կազմակերպիչը կամ մասնակիցն է բազմաթիվ բարեգործական և կոմերցիոն միջոցառումների` Երևանում, Հայաստանի մարզերում, Արցախում, Ջավախքում, Վրաստանում և Ռուսաստանում: Արժանացել է հայաստանյան և միջազգային բազմաթիվ շնորհակալագրերի, պատվոգրերի, դիպլոմների, մեդալների, մրցանակների:
-Արմանի, մեզ հայտնի է, որ դուք բազմաթիվ երգերի հեղինակ-կատարող եք: Ունեք հայրենասիրական թեմայով հրաշալի կատարումներ:Ասացեք խնդրեմ, ինչպե՞ս առաջացավ «Թալիշի Արծիվ» հայրենասիրական երգի գաղափարը:
– Ունեմ բազմաթիվ հեղինակային երգեր, որոնք տարբեր ժանրերում են: Ստեղծագործելիս մեծ ուշադրություն եմ դարձնում անաղարտ խոսքին և երաժշտությանը: «Թալիշի Արծիվ» երգն ազգագրական ոճում է և ունի հետաքրքիր նախապատմություն: Արտակ Սեդրակի Աղեկյանի ցավալի կորստի մասին տեղյակ էի, սակայն նրա հերոսական կերպարին ծանոթացա, երբ գտնվում էի Արցախի Թալիշ գյուղում: Այնտեղ երիտասարդներով այցելեցինք և հարգանքի տուրք մատուցեցինք Աղեկյանի պատվին կանգնեցված խաչքարին:
Զրուցելով տեղի բնակիչների, սպաների ու զինվորների հետ՝ հասկացա, թե ինչպիսի անդառնալի կորուստ է ունեցել հայ ազգը, սակայն այդ ժամանակ դեռևս մտադրություն չկար երգ գրելու: Ամիսներ անց հանդիպեցինք Արտակի բարեկամ Ահարոն Խաչատրյանին և միասին դիտեցինք Աղեկյանին նվիրված ֆիլմը: Այսուհետև Ահարոնն ասաց, որ կցանկանար Հերոսի հիշատակն անմահանա նաև երգի տեսքով: Բանասեր Անի Անտոնյանը, նայելով դեմքիս, ասաց՝ դու կարող ես:
Այդպես ֆիլմից և մարդկանց պատմություններից ոգեշնչված գնացի ու գրեցի ստեղծագործության առաջին հատվածը: Հետո Ահարոն Խաչատրյանի նախաձեռնությամբ հանդիպեցինք Արտակի ընտանիքի անդամների ու բարեկամների հետ, այցելեցինք Տաշիրում գտնվող նրա տուն-թանգարան, դպրոց և հարգանքի տուրք մատուցեցինք Հերոսի շիրիմին:
Վերադառնալով Երևան՝ ամբողջությամբ ավարտեցի երգը և մահվան տարելիցի օրը ներկայացրեցի հանդիսատեսին: Երգը ներկայացնում է կարճ պատմություն, որում նկարագրվում է Արտակ Աղեկյանի անցած հերոսական ուղին ու վառ անհատական կերպարը: Գերիշխում է Հերոսի անմահության գաղափարը: Ունի գեղեցիկ հանգավորում և հայեցի հնչեղություն:
Շատ մեծ պատասխանատվություն է ճիշտ կերտել հերոսի կերպարը երգում: Հուսամ՝ դա ինձ մոտ ստացվել է, և գալիք սերունդները, լսելով երգը, կճանաչեն Արտակ Աղեկյանի ազգանվեր տեսակը:
– Արմանի, ասացիք, որ շատ մեծ պատասխանատվություն է ճիշտ կերտել Հերոսի կերպարը երգում: Ինչո՞վ է դա պայմանավորված:
– Առհասարակ, ժողովրդական և ազգագրական երգեր գրելիս հեղինակը պետք է հաշվի առնի որոշակի նրբություններ` պահպանելով ստեղծագործության գրագետ և հայեցի կառուցվածքն ու մատուցումը: Տվյալ դեպքում պատասխանատվությունը կրկնակի մեծ էր, քանի որ երգի միջոցով կենդանի հուշարձան է թողնվում հետագա սերունդներին:
Սերգեյ ՀԱԿՈԲՅԱՆ