Համբարձում Եղիազարյանը մեղադրում է Սեդրակ Աճեմյանին
«Սեդրակ Աճեմյանը երբեք էլ հնչակյան գաղափարախոսության կրողը չի եղել եւ չի դավանել այն գաղափարախոսությանը, որը հիմնել են մեր մեծերը` 1887 թվականին: Սեդրակ Աճեմյանը հնչակյան կուսակցությունը միշտ էլ օգտագործել է սեփական շահերի եւ բիզնես-նպատակները սպասարկելու համար: Ընդհանրապես նրա որեւէ միտք կապ չի ունեցել քաղաքականության կամ 1991 թվականի Հայաստանի անկախությունից հետո, երկրի եւ պետականության շահերն ամրապնդելու հետ»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության վարչության անդամ Համբարձում Եղիազարյանը` անդրադառնալով Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության շուրջ բարձրացած վերջին աղմկահարույց պատմությանը:
Հիշեցնենք. մամուլում հրապարակվեց ՍԴՀԿ կենտրոնական վարչության ատենապետ Հակոբ Տիգրանյանի եւ ատենադպիր Համբիկ Սարաֆյանի կազմած թիվ 16/20-2016թ. շրջաբերականը` ուղղված կուսակցության շրջանների վարիչ մարմիններին` կուսակցության սփյուռքում գործող կառույցներին: Հույժ գաղտնի այդ շրջաբերականում կետ կա նաեւ հնչակյան 20 կախաղան հանվածների` Պոլսի Սուլթան Բայազիտ հրապարակում 1915 թվականին կախաղան բարձրացված Փարամազի եւ նրա ընկերների աճյունները Հայաստանում` Եռաբլուրում վերաթաղելու գործընթացին: «20-ններու մասունքներու հարց – Նկատի ունենալով, որ այս հարցի կապակցութեամբ տակաւին կը շրջանառուին այլազան տարաձայնութիւններ, որոշեցինք ձեզ փոխանցել կեդրոնական վարչութեան պաշտօնական տեղեկութիւնը:
Արդարեւ, անցեալ տարի կարգ մը կուսակցական եւ ոչ կուսակցական անհատներ, գլխաւորութեամբ ընկեր Սեդրակ Աճէմեանի եւ Հայաստանի շրջանի կարգ մը ընկերներու, ինքնագլուխ, առանց կեդրոնական վարչութեան գիտութեան եւ արտօնութեան, ձեռնամուխ եղան, իբրեւ թէ 20-ններու մասունքներու տեղափոխութեան դէպի մայր հայրենիք: Անոնք, կրկին առանց կեդրոնական վարչութեան գիտութեան, հեռաձայնային կապ հաստատեցին շրջաններու անհատ ընկերներու հետ, առաջարկելով անոնց միանալ «Յանձնախումբի» մը, որ իբրեւ թէ ստեղծած էին այդ նպատակի համար: Օրին, կեդրոնական վարչութիւնը այդ ընկերները նախազգուշացուց զերծ մնալ մեր քսան հերոսներու աճիւններու հարցը, անձնական հաշիւներէ ելլելով, շահարկման առարկայ դարձնելէ, մանաւանդ երբ կեդրոնական վարչութիւնը պաշտօնապէս դիմած էր Թուրքիոյ պատկան մարմիններուն աճիւններու հարցով: Ի պատասխան այդ նախազգուշացման, այդ ընկերները կեդրոնական վարչութենէն ժամանակ խնդրեցին՝ հաւաստիացնելով, որ գործը իր աւարտին շատ մօտ է, եւ մասունքները շուտով Հայաստան պիտի հասնին: Կեդրոնական վարչութիւնը, նկատի ունենալով հայաստանեան մամուլի մէջ արդեն տեղ գտած շահարկումները՝ որոշեց հրապարակային ոչ մէկ յայտարարութիւն կամ քայլ առնել մինչեւ լիովին յստակ չդառնային հանգամանքները:
Կարդացեք նաև
Նշուած «Մասունքները» մէկ ամբողջական կմախքի ձեւով հասան Հայաստան, սակայն կեդրոնական վարչութեան նախաձեռնութեամբ կատարուած դատաքննութիւնը պարզեց, որ այդ կմախքը ոչ մէկ առնչութիւն ունի մեր քսան հերոսներու հետ, այլ պարզապէս Էտիրնէ Գափուի գերեզմանէն խորհրդանշական, անյայտ անձի մը աճիւնն է: Շնորհիւ կեդրոնական վարչութեան խոհեմ եւ հաշուէնկատ գործողութիւննրուն, այս մեծագոյն խայտարակութիւնը հնարաւոր եղաւ հեռու պահել հանրութենէն եւ մամուլի էջերէն: Կեդրոնական վարչութիւնը իր լիակատար նիստի յատուկ օրակարգով քննարկեց կեդրոնական վարչութեան անդամ ընկեր Սեդրակ Աճէմեանի պատասխանատուութեան հարցը այս արկածախնդրութեան մէջ եւ առաւ համապատասխան վարչական որոշում»,- ասված է շրջաբերականում:
Համբարձում Եղիազարյանը սա համարում է խայտառակություն. «Ուղղակի ամոթ է մարդկանց, պատմության, դիակների վրա սեփական անձի ճանաչումը կառուցել: Որպեսզի Կենտրոնական վարչությունում իրենց դիրքերը կարողանան ամրապնդել, մարդիկ պատրաստ են անգամ սրբությունների վրայով անցնել: Այս հույժ գաղտնի կոչված փաստաթուղթն իրականում բացահայտում է համահնչակյան ընտանիքում առկա իրական պատկերը»: Համբարձում Եղիազարյանից հետաքրքրվեցինք`տեղյա՞կ է՝ առաջիկայում, մանավանդ այս պատմությունից հետո հնարավո՞ր է Սեդրակ Աճեմյանին ԿՎ-ից հեռացնելու հարց բարձրացվի: «Մենք շատ սահմանափակ, զուտ ընկերական հարթությունում շփումներ ունենք ՍԴՀԿ ԿՎ անդամների կամ հնչակյան ընտանիքի անդամների հետ: Ըստ ՀՀ օրենսդրության՝ որեւէ կուսակցություն պետք է համագումար անցկացնի ոչ ուշ, քան երկու տարին մեկ: Բայց այդ մարդիկ անգամ ՀՀ օրենքները չեն հարգում եւ ցանկանում են չորս տարին մեկ համագումար անցկացնել: Ինչեւէ: Համագումար կանցկացնե՞ն արդյոք, ի՞նչ հարցեր կքննարկեն` ժամանակը ցույց կտա»,- ասաց մեր զրուցակիցը` հավելելով, որ Սեդրակ Աճեմյանը եւ ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանն այժմ եվրոպական շրջագայությունների մեջ են` փորձելով ստանալ հնչակյան վեց շրջանների համաձայնությունը` 2017 թվականի սեպտեմբերին նախատեսված համագումարը չանցկացնելու մասին: «Այլապես դա իրենց վերջը կլինի»,- կարծում է Համբարձում Եղիազարյանը:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
05.03.2016