Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանն ու Հայաստանը համատեղ գործակցություն են սկսում զբոսաշրջության ոլորտում. իրանական ԶԼՄ-ներ

Մարտ 07,2016 14:00

Տնտեսական պատժամիջոցների վերացումից հետո Իրանը աստիճանաբար սկսել է վերականգնել առեւտրային հարաբերությունները արտաքին աշխարհի հետ: Հատկանշական է, որ Հայաստանի եւ Իրանի միջեւ տնտեսական հարաբերություններն ու փոխգործակցությունը զարգանում են առանց ավելորդ քարոզչական աղմուկի՝ բացառապես գործնական տիրույթում: Տպավորություն է, որ կողմերն ավելի շատ հակված են բարձրաձայնելու արդյունքների, քան բուն քննարկումների մասին:

Պարսկալեզու մամուլն ուսումնասիրելով՝ մի ուշագրավ հանգամանք նկատեցինք. վերջին ժամանակաշրջանում իրանական գրեթե բոլոր առաջատար լրատվամիջոցները խիստ հետաքրքրական հրապարակումներով ակտիվորեն լուսաբանել են ՀՀ վարչապետի օգնական Տիգրան Կարապետյանի՝ օրերս կատարած այցը հարեւան երկիր: Իրանական մամուլի փոխանցմամբ՝ այցի ընթացքում ՀՀ կառավարության ներկայացուցիչը հանդիպումներ է ունեցել զբոսաշրջության եւ մշակույթի ոլորտներում իրանցի մի շարք պատասխանատուների հետ, որոնց թվում են եղել Իրանի փոխնախագահի տեղակալ Մորթազա Ռահմանի Մովահհեդը, Թեհրանի, Սպահանի եւ Արեւելյան Ատրպատական նահանգների զբոսաշրջության տեղական կազմակերպությունների ղեկավարները, Արաքսի ազատ տնտեսական գոտու տնօրեն Մոհսեն Արաբբաղին, ինչպես նաեւ իրանական զբոսաշրջային բիզնեսի մասնավոր հատվածի ներկայացուցիչները, զբոսաշրջության ոլորտում դասավանդում եւ գիտական ուսումնասիրություններ իրականացնող իրանցի դասախոսներ եւ գիտնականներ:

«Իրանի Իսլամական Հանրապետությունը մշտապես մեծ կարեւորություն է տալիս հարեւանների հետ կապերին, իսկ առկա հարաբերությունների տիրույթում Հայաստանը արժանի տեղ է զբաղեցնում, ինչի հետեւանքով երկու երկրների միջեւ զբոսաշրջության ոլորտում էլ համագործակցության բնական ընդլայնումը իրականանում է պատմական եւ մշակութային անցյալի ու հզոր կապերի հիման վրա»,- «Թասնիմնյուզ» լրատվականի փոխանցմամբ՝ ՀՀ կառավարության ներկայացուցչի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է Իրանի փոխնախագահի տեղակալ Մորթազա Ռահմանի Մովահհեդը:
Հայաստան-Իրան զբոսաշրջային հարաբերություններին անդրադառնալով՝ իրանական առաջատար լրատվամիջոցները, ինչպիսիք են՝ «Իռնա» լրատվական գործակալությունը, «Թասնիմնյուզ» լրատվական կայքը, «Ֆարս» լրատվական գործակալությունը, «Մեհր» լրատվական գործակալությունը եւ այլք, մի շարք հրապարակումներ են արել հետեւյալ վերնագրերով՝ «Հայերի հալալ զբոսաշրջային փաթեթները իրանցիների համար», «Զբոսաշրջության ոլորտում Իրանի եւ Հայաստանի համատեղ գործակցության սեզոնը մեկնարկում է», «Արեւելյան Ատրպատական նահանգը պատրաստ է ընդլայնել զբոսաշրջային կապերը Հայաստանի հետ», «Հայաստանի վարչապետի օգնականը Թավրիզում է. զբոսաշրջային կապերը ընդլայնվում են» եւ այլն:

Իրանական աղբյուրների փոխանցմամբ՝ հարեւան երկրի զբոսաշրջության ոլորտի պետական եւ մասնավոր հատվածների պատասխանատուների հետ կայացած հանդիպումների ու բանակցությունների ընթացքում քննարկվել են կոնկրետ գործնական քայլեր, որոնց հնարավորինս արագ իրականացման հետեւանքով շոշափելիորեն կբարելավվի հայ-իրանական զբոսաշրջային միջավայրը, կստեղծվի զբոսաշրջային եւ մշակութային ոլորտներում փոխգործակցության ապահովման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների որակապես նոր համակարգ, ինչը համահունչ պետք է լինի երկու բարեկամ երկրների ու ժողովուրդների հազարամյա հարաբերություններին եւ քաղաքակրթական ձեռքբերումներին:

Իրանական մամուլի կողմից առանձնահատուկ ուշադրության է արժանացել նաեւ այն հանգամանքը, որ ՀՀ վարչապետի օգնականը աշխատանքային այցի ընթացքում առանձին հանդիպումներ է ունեցել Իսլամական Հանրապետության Սպահան եւ Արեւելյան Ատրպատական նահանգների մշակութային հուշարձանների պահպանության եւ զբոսաշրջության կազմակերպությունների ղեկավարների հետ: Ընդգծելով հանդիպումների կարեւորությունը՝ իրանական մամուլը գրել է, որ Սպահան նահանգը հայտնի է Նոր Ջուղայի հայկական պատմական թաղամասի հուշարձանային համալիրներով, իսկ երկրորդը՝ ոչ միայն Իրանի կողմից ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակում ընդգրկված Սբ. Ստեփանոս եւ Սբ. Թադեոս հայկական վանքերով, այլ նաեւ Հայաստանի Հանրապետության հետ անմիջական սահմանակցության հանգամանքով, ինչը առանձնահատուկ կարեւորություն է հաղորդում վերջինիս:
Կայացած հանդիպումների մասին իրանական ԶԼՄ-ների հրապարակումները, ինչ խոսք, հուսադրող են, իսկ դրանց արդյունավետությունը հնարավոր կլինի գնահատել առաջիկայում:

 

«Առավոտ» օրաթերթ
05.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031