Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Բա՞, ես է՞դ տղեն եմ, որ այգիս վնասվի»

Մարտ 07,2016 13:30

Ասում է տաթեւցի ամենատարեց գյուղացի-գիտնականը

90-ամյա Անդրանիկ Սանթրոսյանին ճանաչում են ոչ միայն հայրենի գյուղում, այլեւ ողջ Սյունիքի մարզում: Ունի հինգ երեխա՝ երկու տղա, երեք աղջիկ: Վերջին տարիներին միայնակ է բնակվում Տաթեւում: Մշակում է տանը կից այգին, խնամում հավերին ու ոչխարներին: Աղջիկները բնակվում են Իսպանիայում, իսկ տղաները՝ Երեւանում: Երեխաներն անընդհատ խնդրում են՝ արի մեզ մոտ մնա: Մի կերպ է դիմադրում նրանց: Ասում է՝ «Տաթեւս, այգիս թողնել չեմ կարող: Իմ կյանքը հողն ա եղել: Կյանքս էլ անցկացրել եմ էս հողում»:

Սանթրոսյանի մայրը տառաճանչ չի եղել, տարիների ընթացքում տառեր ու գրագիտություն է սովորել՝ համատեղ ուսուցանելով նաեւ տղային: Ծիծաղելով ասում է՝ երկուսս էլ աշակերտ էինք, էլի: Տաթեւի միջնակարգ դպրոցը գերազանցությամբ է ավարտել, հետագայում ընդունվել Ագրարային համալսարան, այն ավարտել կարմիր դիպլոմով: Համալսարանի դիպլոմում գրված է՝ գիտնական-ագրոնոմ: Երիտասարդ ագրոնոմի նպատակը մեկն էր՝ սովորել եւ հետ վերադառնալ հայրենի գյուղ, ճիշտ կերպով մշակել այգին եւ օգնել համագյուղացիներին՝ վնասներ չկրելու համար:

Andranik_Santrosyan_1
Համագյուղացի Գարիկը հիշում է. «Համալսարանում, դասին ձեռք է բարձրացնում, ասում՝ լսեք, ես գյուղացի եմ, ընդունվել եմ համալսարան, որ ագրոնոմ դառնամ, գնամ գյուղում աշխատեմ, իսկ դուք քաղաքացի եք, ինչո՞ւ եք էս բաժին ընդունվել»:

Կարելի է ասել՝ Տաթեւի միակ մարդն է, ում հողն ու բերքը երբեք չեն վնասվել վնասատուներից, իսկ անասուններն էլ չեն սատկել հիվանդություններից: Հպարտանում է՝ «Այգի ունեմ՝ ցուցահանդես ա»: Հարեւանը ավելացնում է՝ ամենալավ այգին տարածքում ինքը ունի: Ծիծաղում է. «Բա՞, ես է՞դ տղեն եմ, որ այգիս վնասվի»:

Andranik_Santrosyan_3
Գիտնականի պատրաստած թունաքիմիկատները «փրկել» են ոչ միայն տաթեւցիներին, այլ ողջ մարզը: «Աշնանացանից բռնած, մինչ բանջարաբոստանային, բազմամյա կուլտուրաների վնասատուների, հողային հիվանդների դեմ պայքարը իմ ձեռքով եմ կատարել: Գյուղացուն օգնել եմ բարձրացնել հողի բերքատվությունը: Ամբողջը՝ անվճար»,- ասում է գիտնականը:

Սովետական միության տարիներին Տաթեւում ունեցել է պարարտանյութերի պետական դեղատուն, որը հետագայում տեղափոխել է իր սեփական տան երկրորդ հարկ: 1998 թվականից մինչ օրս պարարտանյութեր, գյուղատնտեսական դեղեր է պահում, բաժանում գյուղացիներին՝ հողը բուժելու եւ վնասներ չկրելու համար:

Այս տարի տաթեւցիները տուժել էին հողի վնասատուներից, դրանք կրծել էին կարտոֆիլի պալարները, որի պատճառով կարտոֆիլ չէր աճում: Ասում է՝ ոչ մեկը չեկավ, ինձ չդիմեց, բարի խորհուրդ չհարցրեց: Նեղսրտել է համգյուղացիներից: Նրանք մեծ վնաս կրեցին, այնինչ պրն Սանթոսյանն ու որոշ գյուղացիներ չտուժեցին, քանի որ օգտագործել էին ագրոնոմի պատրաստած պարարտանյութերը:

Կրծողների դեմ պայքարելու համար՝ պետությունը 7000 դրամով պատվաստանյութեր է հատկացնում, այնինչ ագրոնոմն այդ տեսակից իր բաղադրիչներով է պատրաստում եւ անվճար հատկացնում համագյուղացիներին:

90-ամյա ագրոնոմը չի մոռացել սովորած եւ ոչ մի տեսություն: Մինչ օրս մասնագիտական գրքեր, բրոշյուրներ է կարդում, միայն ասում է՝ մի աչքս խեղճացնում ա, մի քիչ լավ չեմ տեսնում:

ԴԻԱՆԱ ՂԱԶԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
05.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարութ says:

    Դժվար է հավատալ, որ պապին 90 տարեկան է: Շատ ջահել տեսք ունի: Աստված առողջություն տա պապիին:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031