Լրահոս
Օրվա լրահոսը

Փետրվարի տասնո՞ւթ, թե՞ մարտի տասնվեց

Մարտ 07,2016 13:00

Փետրվարի 18-ի ժողովրդական ապստամբության էությունը նենգափոխվել է խորհրդային բռնազավթման տարիներին: Այն ներկայացվել է որպես արկածախնդրություն, սխալ-անհեռատես գործողություն: Նենգափոխվել է նաեւ մարտի 16-ի ռուս-թուրքական եղբայրության պայմանագրի նշանակությունը: Այն մատուցվել է որպես միջազգային ձեռքբերում, փրկության պայմանագիր:

Փետրվարի 18-ին Հայաստանն ազատագրվել է ապստամբությամբ, սեպտեմբերի 21-ին՝ հանրաքվեով: Սեպտեմբերի 21-ն ու Փետրվարի 18-ը էությամբ նույնն են. երկուսն էլ խորհրդանշում են ժողովրդի պայքարը անկախության համար: Փետրվարի 18-ին ժողովուրդը պարտության է մատնել զավթիչներին եւ դուրս շպրտել երկրից, իսկ բանտերից եւ վերահաս հալածանքներից ազատվել են պետական գործիչներ, հոգեւորականներ, մտավորականներ եւ սպաներ:

Փետրվարի 18-ից դաս քաղած զավթիչները հրաժարվեցին ազգերը ջնջելու կոմունիստական ծրագրային դրույթից եւ Չարիքի կայսրության կազմում թույլատրեցին հանրապետությունների գոյությունը, ինչը հետագայում՝ Չարիքի կործանումից հետո, անկախանալու հիմքը դարձավ: Այնպես որ, Փետրվարի 18-ը լուրջ նշանակություն ունի 15 ազգերի անկախության հարցում:

Մարտի 16-ին մեր երկիրը փաստացի անկախ էր, ժողովուրդը փորձում էր վերականգնել թուրքերի եւ ռուսների ավերածը, սակայն վերջինները միավորելով ուժերը՝ ծրագրեցին կործանել Հայաստանը: Մարտի 16-ից 4 օր անց Ռուսաստանը Հայաստանին ներկայացրեց կապիտուլյացիոն վերջնագիր, որը Թիֆլիսից Երեւան բերեց Հովհաննես Թումանյանը: Ապստամբները պատռեցին վերջնագիրը: 9 օր անց՝ մարտի 25-ին Լենինն անցավ հարձակման եւ ապրիլի 2-ին ներխուժեց Երեւան: Այսպիսով, Մարտի 16-ը, ըստ էության, ոչ թե հայաբնակ տարածքների բաժանման մասին ապօրինի քարտեզագրություն է, այլ Հայաստանին անկախությունից զրկելու ծրագիր, հայ ժողովրդին ազատազրկելու սահմանադրություն:

Սեպտեմբերի 21-ից հետո Մարտի 16-ն ըստ էության չքննադատվեց-չմերժվեց: Այդ պատճառով 1995-ի մարտի 16-ին կնքվեց հակահայկական նոր պայմանագիր՝ ռուսական զորքը ՀՀ-ում տեղակայելու վերաբերյալ, որը հաջորդ ապօրինի եւ հակահայկական գործարքների հիմքը հանդիսացավ: Իսկ 2013-ի սեպտեմբերի 3-ին Մարտի 16-ի ոգով ազգադավ նոր հայտարարություն ստորագրվեց, որն իրավունք տվեց Պուտինին դեկտեմբերի 2-ին հակահայ հերթական գործարքը պարտադրել:
Ներկայում մեր պետական պաշտոնյաները, քաղաքական մեծամասնությունը չկարեւորելով անկախությունը՝ դրսեւորում են հակապետական վարք: Իսկ նրանց ընտրողը, վերածնողը, դաշնակցողը նպաստում են պետություն-հայրենիքի թուլացմանը, իրավազրկմանը, պարտադրված ստորացուցիչ պայմանագրերը համարում են փրկության պայմանագիր, տնտեսական ձեռքբերում: Մի խոսքով՝ ապրում են Մարտի 16-ի «ճշտով» եւ արհամարհում Փետրվարի 18-ը:

Այս իրողությունը հաշվի առնելով՝ դժվար է ասել, թե երբ ըստ էության կվերանայվի Մարտի 16-ը, այսինքն՝ ռուսական զորքը դուրս կշպրտվի, իսկ լյուստրացիան կարգելի ռուսական գործակալներին քաղաքական-պետական պաշտոններ զբաղեցնել: Սակայն վստահաբար կարելի է ասել, որ վերանայման նախորդ օրը կպարզվի վերաբերմունքը Փետրվարի 18-ի նկատմամբ, ազգովի կնշվի որպես ժողովրդական ապստամբության, ազատության պայքարի, ոգու հաղթանակի օր, կծածանվեն դրոշները, համերգ ու տոնակատարություն կանցկացվեն, պետական պարգեւներ կշնորհվեն, համաներում կհայտարարվի: Իսկ քանի դեռ ռուսական զորքը չի հեռացել եւ լյուստրացիա չի եղել, մարտիտասնվեցերը կկրկնվեն ու կկրկնվեն, անկախությունից կնահանջենք ու կնահանջենք, տնտեսությունը կքայքայվի ու կքայքայվի, աղքատությունը կխորանա ու կխորանա, քաղբանտարկյալներ կլինեն ու կլինեն՝ մինչեւ Հայաստանն առանց հայերի մնա, ու կմնա ռուս-թուրքական ծրագիրը:

ԹԱԹՈՒԼ ՄԿՐՏՉՅԱՆ

Պահպանողական կուսակցության քարտուղար

«Առավոտ» օրաթերթ
05.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031