Կարելի՞ է կարճ պահել Պահքը
Ինչպես վերեւում գրեցի, Պահքն ունի անհատական երանգ: Դրա համար լավ կլինի, որ դուք ձեր Պահքի չափն ու խստությունը քննարկեք ձեր քահանայի կամ հոգեւոր հոր հետ: Իհարկե, կարելի է կարճ պահել, եթե ամբողջը դեռ չեք կարողանում տանել: Եթե ճշմարտությամբ քիչ պահեք, ապա քիչ կփոխվեք, իսկ եթե շատ պահեք, ապա շատ էլ կփոխվեք: Բայց ավելի լավ է քիչ պահել, քան թե ոչինչ չանել: Մեր Տեր Հիսուս Քրիստոսը մի շատ կարեւոր պատգամ թողեց մեզ: Նա ասաց. «Քիչ բանի մէջ հաւատարիմը շատի մէջ էլ հաւատարիմ է. իսկ քչի մէջ անիրաւը, շատի մէջ էլ անիրաւ է»: (Ղկ 16:10) Ուրեմն դուք գոնե քչի մեջ հավատարիմ մնացեք Իրեն, եւ ձեզ ուժ կտրվի շատի մեջ էլ հավատարիմ մնալ:
Հիվանդները, ծերերը, երեխաները, հղիները, կերակրող մայրերն ինչպե՞ս Պահք պահեն
Քրիստոնեական եկեղեցին միշտ հատուկ բացառություններ է ունեցել հիվանդների, երեխաների, հղիների, կերակրող մայրերի, ծերերի եւ հատուկ նմանատիպ խմբերի մարդկանց համար: Այս խմբերի մարդիկ պետք չէ, որ լրջորեն խստացնեն իրենց կենսակարգը, վնաս չի լինի, որ գոնե որոշ օրերի, հանուն հոգեւոր աճի ու անձի փոփոխության, մի բանից իրենց զրկեն: Բայց նորից եմ գրում, առանց վնասելու իրենց առողջությունը: Այս մասին կարող եք խոսել ձեր բժիշկների հետ, որպեսզի իմանաք, թե ինչից զրկելը չի վնասի ձեր առողջությունը: Իսկ երեխաների պարագայում, շատ օգտակար կլինի, որ իրենք փոքր տարիքից վարժվեն իրենցից մի բան զրկելու, հանուն դրա համբերելու: Ու սա կատարվի ի սեր Աստուծո: Ահա հասարակ մի օրինակ: Ձեր երեխային ամեն օր շոկոլա՞դ եք տալիս: Դարձրեք շաբաթը երկու անգամ: Կարող եք ասել՝ «Համբերիր տղաս: Հիմա Պահոց շրջան է, ու ամեն մեկս մեզ որոշ բաներից ետ ենք պահում: Համբերիր մինչեւ Կիրակի, եւ Կիրակի օրը ես քեզ շոկոլադ կտամ»: Փոքրիկը կսովորի համբերել: Նա կվարժվի ժուժկալության եւ դա իր անձի համար մեծ կարգապահական օգուտ կլինի: Այսպես նա կդաստիարակվի ավելի լավ մարդ, ու դա ձեզ էլ օրհնություն կլինի:
Կարդացեք նաև
ԱՐՄԵՆ ՀԱՐԵՅԱՆ
https://www.facebook.com/hareyanarm/
«Առավոտ» օրաթերթ
05.03.2016