Արդեն որեւէ մեկը չի կասկածում, որ մարտի 1-ին ընդդիմությունը պարտադիր հանրահավաք է անելու: Որովհետեւ չի կարող չանել: Մի քանի պատճառներով: Նախ՝ դա այն եզակի օրն է, երբ այսօրվա ընդդիմությանը հաջողվում է Ազատության հրապարակում մարդ հավաքել: Եվ երկրորդ՝ բոլորը գիտակցում ու հասկանում են, որ մարտի 1-ի զոհերի հիշատակը պարտավոր ենք հարգել: Եվ իրավունք չունենք մոռանալ այդ չարաբաստիկ օրը: Եվ չենք մոռանում:
Ահավոր է, իհարկե, որ գարնան գալուստն ու առաջին օրը մշտապես կապվելու է այդ դժնի օրվա ահավոր հիշողության հետ: Հոկտեմբերի 27-ն ու մարտի 1-ը ճակատագրով մեզ պարտադրված ամոթն ու հիշողությունն են: Եվ եթե նույնիսկ շատ ուզենք, չենք կարող մոռանալ, եւ ամեն տարվա մարտի մեկին փոխանակ գարնան գալուստն ու բնության զարթոնքը նշենք, ստիպված ու ճարահատյալ հիշելու ու նշելու ենք այդ համազգային ողբերգությունն ու դժբախտությունը:
Հրանտ Բագրատյանի այն հույսերը, թե ԱԺ գալիք ընտրություններից առաջ Հայաստանի ընդդիմադիր կուսակցություններն ու գործիչները պիտի միավորվեն ու դաշինքներ կազմեն, դժվար թե արդարանան, որովհետեւ եթե մեր ընդդիմադիր կուսակցությունները մարտի 1-ի տարելիցի առթիվ
չեն կարողանում միավորվել ու միասնական հանրահավաք կազմակերպել, ընտրությունների առիթով դժվար թե կարողանան միմյանց հետ լեզու գտնել եւ ընդհանուր հայտարարի գալ: Նրանցից յուրաքանչյուրն ուզում է, կոպիտ ասած, մարտի 1-ն իրենով անել եւ, ավելի կոպիտ ասած, մարտի 1-ի այդ ահավոր իրողությունից միավորներ կորզել: Մինչդեռ տարվա մնացած օրերին նրանցից յուրաքանչյուրը մարտի 1-ը հաջողությամբ մոռացության է մատնում:
Կարդացեք նաև
Ինքս էլ եմ դժվարանում ասել՝ ինչը եւ ինչպես պիտի հիշեն: Պարզապես ուզում եմ ասել, որ մարտի 1-ը չպիտի առիթ դարձնեն միմյանց վարկաբեկելու եւ ինքնագովասանքով զբաղվելու համար: Բայց, փաստորեն, դարձնում են:
Այս ամենի ֆոնին ու այս ամենի մեջ ամենաահավորն ու ամենաբարդը մարտի 1-ի զոհերի հարազատների վիճակն ու հոգեվիճակն է: Նրանք չեն կողմնորոշվում՝ ընդդիմադիր ուժերից ում ապավինեն եւ ում հավատան: Կամ՝ ում հետ արդարադատություն պահանջեն: Կամ՝ ումից արդարադատություն պահանջեն: Նրանց հույսը, ինչպես Հայաստանի շատ ու շատ տուժած քաղաքացիների վերջին հույսը, եվրոպական իրավական կառույցներն են: Եթե եվրոպական կառույցներն սկսեն զբաղվել մարտի 1-ի հարցով, մեր ընդդիմադիրները մեկից կաշխուժանան եւ կսկսեն մարտի մեկից դրվագներ ու դետալներ հիշել, որոնք այսօրվա դրությամբ անտեսված ու մոռացության են մատնված:
Նույնը վերաբերում է հոկտեմբերի 27-ի ողբերգությանն ու ահաբեկչությանը: Եթե օտարերկրացիք որոշեն ու սկսեն փորփրել հոկտեմբերի 27-ի հետ կապված անցքերը, մեր ընդդիմադիրների ու բոլորիս հիշողությունը մեկից կպայծառանա:
Ինչ վերաբերում է մարտի 1-ին, այդ օրը բոլորս պիտի դուրս գանք փողոց եւ աղաղակենք՝ «Մենք բոլորս մարտի 1-ի զոհերն ենք»՝ ճիշտ այնպես, ինչպես որ Հրանտ Դինքի հիշատակի օրն են Թուրքիայի լավագույն քաղաքացիներն աղաղակում՝ «Մենք բոլորս Հրանտ Դինք ենք»:
Որովհետեւ մարտի 1-ին Երեւանում մարդ սպանելու հրահանգ է եղել: Ընդ որում՝ սպանել առանց ընտրության: Այսինքն՝ մարտի 1-ի զոհերից յուրաքանչյուրի փոխարեն յուրաքանչյուրս կարող էինք լինել:
ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ
«Առավոտ» օրաթերթ
05.03.2016