Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Շախմատի շրջանային մրցաշար Արցախում

Մարտ 06,2016 22:19

Դպրոցականների մասնակցությամբ մարտի 5-ին Բերձորի Վահան Թեքեյանի անվան թիվ 1 միջն. դպրոցում կայացավ շախմատի շրջանային մրցաշար, որը կազմակերպվել էր շրջվարչակազմի աշխատակազմի կրթության և սպորտի(ԿՍ) բաժնի կողմից՝ ԼՂՀ ԿԳՍ նախարարության աջակցությամբ: Մրցույթին մասնակցեցին 40-ից ավելի աշակերտներ Բերձորի թիվ 1, Ծաղկաբերդի Աշոտ Նավասարդյանի անվ., Երիցվանքի Մանվել Գրիգորյանի անվ., Ուռեկանի, Վուրգավանի, Գանձայի, Վարդուտի, Գողթանիկի, Վակունիսի Վուրգ Ոսկանյանի անվ. հանրակրթական դպրոցներից:

Մրցաշարի անցկացնող, գլխավոր քարտուղար, ԿՍ բաժնի առաջատար մասնագետ Արմեն Պետրոսյանը տեղեկացրեց, որ մրցույթը կայանում է անհատական մրցակարգով, բայց նշված դպրոցները ներկայացրել են 2-5 աշակերտ՝ 10, 12, 14 և 16 տարիքային խմբերում: Երբ բոլոր մասնակիցները տեղավորվեցին խաղասեղանների մոտ, մրցավարական խումբը՝ գլխավոր մրցավար Արշակ Լալայան(շախմատի միջազգային կարգի մրցավար), անդամներ՝ Ռոբերտ Մատինյան, Կամո Պետրոսյան և Մարտին Սարոյան, անցան իրենց պարտականություններին:

Երեխաներին բացատրեցին մրցույթի կարգը, ժամանակը, տեղեկացրեցին, որ յուրաքանչյուր տուրում խաղալու են 3 պարտիա: Եթե որևէ մեկը երկու անընդմեջ հաղթանակ կտանի, կխաղա հաջորդ տուրում: Ոչ ոքիի դեպքում հաղթող կճանաչվի սև քարերով շատ խաղացածը: Վերջապես սկսվեց պայքարը, որն անզիջում էր ու դիտարժան: Առաջին տուրում աղջիկները մրցեցին առանձին խմբում: Պարտվողները դուրս մնացին հետագա մրցույթից: Մրցաշարի գլխավոր մրցավար Արշակ Լալայանը, ով Բերձորի մարզադպրոցի Վակունիսի շախմատի մասնաճյուղի մարզիչն է, տեղեկացրեց, որ ընդհանուր կայանալու է 4 տուր, և առաջին երկուսում պարտվողները դուրս են մնալու հետագա պայքարից: Առաջին տուրից հետո զրուցեցի մասնակից երեխաների հետ: Վակունիսի դպրոցի 3-րդ դասարանի աշակերտ Տելուշ Զաքարյանը հաղթել էր և պատրաստվում էր երկրորդ մրցակցին հաղթել:

Սիրում է շախմատ խաղալ, բայց ցանկանում է բժիշկ դառնալ: Վուրգավանի դպրոցի երրորդ դասարանի աշակերտուհի Արփինե Բադալյանը պարտություն էր կրել և չէր կարող զսպել արցունքները: Մրցակիցը՝ Գողթանիկ գյուղի դպրոցի 4-րդ դասարանի աշակերտուհի Մարիամ Խաչատրյանը, նաև հանրապետական մրցաշարերի մասնակից է, փետրվարի 18-ին Ստեփանակերտում իր տարիքային խմբում դարձել է երկրորդ մրցանակակիր: Ասաց՝ Արփինեն լավ էր խաղում, բայց ինքն ավելի փորձառու էր: Դպրոցում սիրում է տեխնոլոգիա և կերպարվեստ առարկաները, ցանկանում է նկարիչ դառնալ:

Վուրգավանի դպրոցի շախմատի ուսուցիչ Մյասնիկ Գրիգորյանը, ով նույն դպրոցի նախկին սաներից է, ասաց՝ աշակերտները սիրում են շախմատ խաղալ, և այս մրցաշարին ներկայացել են 4 աշակերտ՝ երրորդ, չորրորդ, վեցերորդ և յոթերորդ դասարաններից: Վուրգավանի հարևան Ուռեկան գյուղի միջնակարգից նույնպես 4 աշակերտ մասնակցեցին մրցույթին: Մարզիչ Հրաչ Միքայելյանը տեղեկացրեց, որ իրենց աշակերտները նույնպես սիրով են մասնակցում շախմատի դասերին: Երկրորդ տուրում մասնակիցներն ավելի ոգևորված սկսեցին մրցել: Էլեն Թադևոսյան(Գանձա-6-րդ դաս.) և Ելենա Գրիգորյան(Վակունիս-6-րդ դաս.) մրցակիցների խաղն ընթացավ բավականին հետաքրքիր: 2-0 հաղթեց Ելենան: Ընթացքում աղջիկները նաև ծանոթացան, ընկերացան, և Էլենը շնորհավորեց մրցակցին: Էլենը նաև երգեր է գրում, սակայն իրենց գյուղում երաժշտական դպրոց չկա, որ նոտայագրի: Ծաղկաբերդի դպրոցից մրցաշարին մասնակցեցին Զառա և Հասմիկ Կիրակոսյան երկվորյակ քույրերը, Վահան Եղոյանը՝ 7-րդ դասարանցիներ և Արսեն Վանյանը: Դպրոցում գործում է շախմատի խմբակ, և երեխաները սիրով են մասնակցում պարապմունքներին, տանը նույնպես խաղում են: Լավ խաղ ցուցադրեց Վուրգավանի դպրոցի 4-րդ դասարանի աշակերտ Դավիթ Ավետիսյանը, ով պարտություն կրեց եզրափակիչում՝ մրցելով Մարիամ Խաչատրյանի հետ: Դավիթը ևս ցանկանում է շախմատիստ դառնալ, տանը հաղթում է եղբորն ու քրոջը, դպրոցում խաղընկերներին: 10 տարեկանների խմբում հաղթող դարձան Գողթանիկի դպրոցի սաները՝ Մարիամ Խաչատրյանը և Հայկ Պողոսյանը: Այս դպրոցի խմբակի մարզիչ Մարատ Խաչատրյանը դեռևս տարիներ առաջ շախմատ էր պարապում իրենց կրթօջախում. շրջանի եզակի դպրոցներից էր, որ այս առարկան դասավանդվում էր: 12 տարեկանների խմբում հաղթող ճանաչվեցին Ելենա Գրիգորյանը(Վակունիս) և Վահան Եղոյանը(Ծաղկաբերդ): 14 տարեկանների խմբում աղջիկներից առաջին տեղ գրավող չեղավ: Տղաներից հաղթեց Բերձորի թիվ 1 միջնակարգից Մարտին Բեգլարյանը, ով հաղթեց բոլոր տուրերում: Մարտինը նույնպես փետրվարի 18-ին Ստեփանակերտում մասնակցել էր հանրապետական մրցաշարին և իր տարիքային խմբում չորրորդն էր: 16 տարեկանների Խմբում հաղթեցին Զառա Կիրակոսյանը և Վահե Մարգարյանը: Վահեն սովորում է Երիցվանքի միջն. դպրոցի 9-րդ դասարանում: 4 խաղից հաղթեց երեքում և հաստատակամ է՝ դառնալու է շախմատիստ:DSCN6058

Բացի անհատական տեղերից, կազմակերպիչները որոշեցին նաև լավագույն երեք թիմերին: Առաջին հորիզոնականը գրավեց Ծաղկաբերդի Ա. Նավասարդյանի անվ. միջն. դպրոցը, երկրորդը՝ Վակունիսի Վ. Ոսկանյանի անվ. հիմն. դպրոցը, երրորդը՝ Գողթանիկի միջնակարգը: Մրցաշարի անցկացնող, ԿՍ բաժնի առաջատար մասնագետ Արմեն Պետրոսյանը տեղեկացրեց նաև, որ փետրվարի 18-ին Ստեփանակերտում հանրապետական առաջնությանը Քաշաթաղի շրջանից մասնակցել են 5 հոգի: Գանձայի դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Կարեն Հովհաննիսյանն իր տարիքային խմբում գրավել է առաջին տեղ: Բոլոր մասնակիցները գոհ էին մրցաշարից, աշակերտները նաև նոր ծանոթներ ու ընկերներ ձեռք բերեցին: Ցանկություն հայտնեցին՝ հաճախակի կազմակերպվի նման միջոցառում:

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031