Լրահոս
Օրվա լրահոսը

Երազեք, եւ ձեր ենթագիտակցությունը կփնտրի այն իրականացնելու ճանապարհը

Մարտ 06,2016 18:31

Վերջերս Մերգելյան ինստիտուտում մասնակցում էի մի դասախոսության, որի վարողը Գրիգոր Առաքելյանն էր, առավել հայտնի՝ «Զարթուցիչի» Գրիգոր: Ի դեպ, նա մեր իրականության ամենավառ  ու օրինակելի մարդկանցից է, որը ոչ միայն կարողացել է սեփական ուժերով լուրջ ձեռքբերումներ ունենալ, այլ նաեւ իր օրինակով ուրիշներին է փորձում վարակել հաջողության հասնելու ձգտումներով:

Այդ օրվա դասախոսությունն իսկապես շատ ոգեւորող էր, բայց մի հատված հատկապես գրավեց իմ ուշադրությունը:  Նա խոսում էր մեր ցանկությունների ու դրանց իրականացման ճանապարհին մեր ենթագիտակցության երբեմն անհավանական թվացող դերի մասին: Բնականաբար  դասախոսություն կարդացողը անձամբ չէր հայտնաբերել մեր ուղեղի, մտքերի, ենթագիտակցության ու իրականության միջեւ կապը: Սա ընկած է մեր ժամանակներում անընդհատ ուսումնասիրվող գիտության՝ նեյրոլինգուիստիկ ծրագրավորման հիմքում: Ինչպես արդեն գիտության անվան «նեյրո» հատվածն է վկայում՝ այն մեծապես կապված է մարդու մտքի, նրա ուղեղի եւ դրա գիտակցության եւ ենթագիտակցության ուսումնասիրության հետ:  Գրիգորն ասում էր՝ եթե դուք որեւէ բան եք ցանկանում եւ շա՛տ եք ցանկանում, աշխատում եք այդ ուղղությամբ շատ, անգամ եթե հետո այդ ցանկության մասին մոռանում եք, ենթագիտակցությունը հիշում  է այն եւ որոշ ժամանակ անց, ամենաանկանխատեսելի պահին փնտրում եւ գտնում է ձեր երազանքի իրականացման ճանապարհը:

Բեսթսելեր դարձած «Ենթագիտակցությունը կարող է ամեն ինչ» գրքի հեղինակ Ջոն Կեհոն էլ մեր մտքերի ու իրականության սինխրոնիզացիայի մասին այսպես է  գրում. «Ինչպես ջուրն է ընդունում  այն ձեւը, ինչ տարայի  մեջ գտնվում է՝ բաժակ կլինի, թե գետի վտակ, այնպես էլ ձեր ենթագիտակցությունը կարող է այնպես գործել, ինչպես դուք եք ցանկանում: Ձեր ճակատագիրը ձեր ձեռքերում է»: Հեղինակը ենթագիտակցությանը վերագրում էր  մեր « լավ բարեկամի» դերը, ում մշտապես պետք է պատմենք մեր դրական զգացողությունների, ցանկությունների ու նպատակների մասին. «Ինչպիսի մտքեր ու զգացողություններ առաջանում են ձեր մոտ, դրան էլ ձեր ենթագիտակցությունը արձագանքում է»,- գրում է Կեհոն եւ հորդորում, որ մտածենք միայն դրականի մասին:

Այս ամենը լսելիս ու կարդալիս աչքիս առաջ իմ կյանքի սեփական օրինակներ են հայտնվում: Դրանցից ամենատպավորիչներից մեկի մասին կուզեի ձեզ էլ պատմել: Երբ համալսարանի ժուռնալիստիկայի  ֆակուլտետի առաջին կուրսում էի սովորում, ինձ համար անհաս երազանք էր թվում «Առավոտ» օրաթերթում աշխատելը: Համարյա միշտ «Առավոտ» էի կարդում, պատկերացնում այնտեղ աշխատող լրագրողների անգամ դեմքերը, բոլորի մասին իմ կարդացած նյութերից արդեն սեփական պատկերացումներ ունեի: Ժամանակն անցնում էր, ես սովորում էի՝  չմոռանալով  իմ ցանկության մասին: Ամեն անգամ երբ ինձ հարցնում էին, թե որտեղ կուզեմ աշխատել, երազկոտ դեմքով ասում էի՝ «Առավոտում»: Մի անգամ երկրորդ կուրսում  ընկերներիցս մեկն ասաց՝ «Հռիփս, գնա «Առավոտ». Արամ Աբրահամյանի հետ խոսա: Ասում են՝ ինքը նորմալ է համարում նման բաները, գուցե պրակտիկա անցնես»: Ես դեռ վստահ չէի, մտածում էի՝ «Առավոտում» աշխատելու համար շատ լուրջ հիմք ու գիտելիքներ պետք է ունենաս:

Երրորդ կուրսի առաջին կիսամյակում շատերը կասեն՝ բախտս բերեց, իսկ «Զարթուցիչի» Գրիգորը, Ջոն Կեհոն եւ հիմա նաեւ ես կասեմ, որ ենթագիտակցությունս փնտրեց ու գտավ իմ ցանկության իրականացմանը տանող ճանապարհը. 2008 թվականի սեպտեմբեր ամսին ժուռնալիստիկայի ֆակուլտետի երրորդ կուրսում իսկական իրարանցում էր. բոլոր ուսանողները  մամուլի վարպետության տարբեր խմբերում էին իրենց «տեղավորում»: Պարզվեց՝իմ դասախոսը ոչ ավել, ոչ պակաս «Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանն էր լինելու: Անհավատալի էր, անակնկալ, հրաշքի նման, որովհետեւ նախկինում նա որեւէ համալսարանում որպես դասախոս չէր աշխատել… ու հիմա, բացի  այն, որ նա իմ դասախոսն էր, ինձ էլ մեր ամբիոնի վարիչը խմբի ավագ «կարգեց»:  Սա նշանակում էր՝  ինձ ամեն հնարավորություն տրված է, մնում է ճիշտ գործել ցանկությունս իրականություն դարձնելու համար…  Թե ինչ արեցի այդ ընթացքում եւ ինչեր եղան, պատմելը երկար կտեւի, բայց փաստացի իմ չորս տարվա երազանքն արդեն հինգ տարուց ավելի է՝ իրականություն է.  2010 թվականի հունիսի 2-ին «Առավոտ» օրաթերթի խմբագրությունում՝ թռուցկաժողովի ժամանակ, պարոն Աբրահամյանը, ինձ ներկայացնելով իր աշխատակազմին, ասաց՝ Հռիփսիմեն է, իմ ուսանողուհին, նա ուզում է «Առավոտում» աշխատել… հետո էլ ավելացրեց՝ հուսամ՝ մի օր նա իսկական «առավոտցի» կդառնա:

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Անձնական անեկդոտը յուզիչ է (ինչպէս որ էր նաեւ ողբացեալ մայրիկին եւ Վիեննայի պատմութիւնը), շնորհաւորութիւն որ հասել էք Ձեր նպատակին, սակայն ինծ’ թվում է թէ աւելի շուտ՝ կամքի ուժի, վճռակամության եւ աշխատասիրութեան արդիւնքի մի օրինակ է ձեր պարագան:

    Այլապէս, այդ «տեսութիւնները» որոնց կ’ակնարկէք կարող են, որոշ աստիճանէ մը ետք, վտանգաւոր դառնալ: Law or Attraction, positive thinking, եւայլն, ասոնք աշխարհում տարածված մօտեցումներ են, սակայն որոշ անձիք կամ խմաւորումներ նաեւ զանոնք կը շահագործեն աղանդային նպատակներով:

    Իսկ հոգեւորական Հաւատքը տեղ չունի՞ այս ամէնուն մէջ…

    Ինչու չմտածել թէ Աստուած է իրականացրել այս թերթում գործելու ձեր բաղձանքը: Ոչ թէ որպէս հրաշք, այլ Ձեզի շնորհելով հարկաւոր կամքի ուժն ու վճռակամութիւնը, աշխատելու խանդը:

    Իսկ որպէսզի աղանդի ակնարկութիւնս իմ դէմս ել չգործածվի, ասեմ որ խօսում եմ ամենաաւանդական, ամենադասական, ամենատարրական եւ նախնական – նոյնիսկ արտակղերական – Քրիստոնէութեան մասին:

    • Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ says:

      Ես ինքս էլ Հայ առաքելական եկեղեցու հետեւորդ եմ, հավատում եմ Աստծուն եւ համոզված եմ՝ Աստված ստեղծել է մարդուն եւ թողել, որ նա իր գիտակցությամբ եւ բանականությամբ ընտրություն կատարի եւ իր կյանքը տնօրինի: Թե ինչ մենք կստանանք կյանքում, դա մեր ընտրությունների արդյունքը կլինի:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031