Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր ընտրական օրենսգրքի գերկարևորությունը

Մարտ 06,2016 17:30

2015թ. դեկտեմբերի 6-ին կայացած սահմանադրական հանրաքվեից անմիջապես հետո՝ ՀՀ իշխանությունները չափազանց արագ ոչ միայն ձեռնամուխ են եղել ՀՀ նոր ընտրական օրենսգրքի մշակմանը, այլև մի քանի օր է, ինչ այդ օրենսգրքի անգլերեն  տարբերակն արդեն տեղադրված է Վենետիկի Հանձնաժողովի կայքում: Շատ լավ է, որ մեր իշխանություններն այդքան օպերատիվ են աշխատում, սակայն շատ վատ է, որ այդ նախագծի մշակման աշխատանքներին մասնակից չդարձան քաղհասարակությունը և քաղաքական ուժերը:

Անկեղծ ասած, նման մոտեցումն առաջին հերթին վնասում է հենց իշխանություններին, քանզի և Վենետիկի Հանձնաժողովը, և Եվրոպական երկրներն ու միջազգային կառույցները հաստատ տեղյակ են, որ այդ նախագծի մշակմանը, բացի  իշխանական խմբից, այլ մասնակցություն չի եղել, որն ուղիղ գծով հարվածում է ժողովրդավարական կանոններով առաջնորդվելու «պատրաստակամ» ՀՀ իշխանությունների իմիջին, հերթական անգամ ի ցույց դնելով նրանց խոսքի և գործի  հակասությունը:

Միևնույն է, ՀՀ իշխանությունները երբևէ պարտադրված կլինեն՝ թեկուզ ձևական, իրականացնելու ընտրական օրենսգրքի նախագծի հասարակական քննարկումներ, քանզի առանց դրա որևէ միջազգային կառույց հավանության չի արժանացնի նշված նախագիծը: Դժվար է գերագնահատել առաջիկա խորհրդարանական ընտրությունների դերը, քանզի իշխանության բոլոր ճյուղերն ընտրվելու և նշանակվելու են հենց Ազգային Ժողովի կողմից: Նորանկախ Հայաստանի պատմության մեջ այս ընտրությունները բացառիկ նշանակություն ունեն, որի արդյունքները մեծապես կախված են լինելու նաև այն հանգամանքից, թե ինչպիսի ընտրական օրենսգիրք կունենանք: Հետևաբար, նոր ընտրական օրենսգիրքը գերկարևոր նշանակություն է ունենալու ապագա իշխանությունների ձևավորման հարցում: Ասվածից հետևությունը մեկն է. ժողովուրդը պարտադրված իր վերահսկողության տակ պետք է պահի ընտրական օրենսգրքի մշակման և ընդունման ողջ գործընթացը, որպեսզի հետագայում չասի, թե այս ոնց եղավ, այս ինչպես եղավ: Ամեն ինչ դեռ առջևում է…

Այժմ փորձեմ ներկայացնել մեր կազմակերպության կողմից մշակված որոշ սկզբունքներ և առաջարկություններ, որոնց բովանդակային ներառումն ընտրական օրենսգրքի նախագծում համարում եմ շատ կարևոր.

  • Ընտրական օրենսգրքի մշակման աշխատանքները և դրա ընդունումը պետք է լինեն բացառիկ թափանցիկ և դրանց պետք է ակտիվ մասնակից լինի հասարակությունն՝ ի դեմս քաղաքացիական հասարակության ֆորմալ և ոչ ֆորմալ կառույցների, քաղաքական ուժերի, մասնագիտական խմբերի, գիտական հաստատությունների և դրան կոչված այլ կառույցների
  • Ընտրական տեղամասերի տեսանելի վայրերում՝ ընտրություններին մասնակցած քաղաքացիների ցուցակների հրապարակում
  • Ընտրական տեղամասերի տեսանելի վայրերում՝ ընտրություններից 15 օր առաջ՝ ընտրական իրավունք ունեցող, սակայն հանրապետությունից դուրս բնակվող քաղաքացիների ցուցակների հրապարակում
  • Ընտրողների մատների թանաքոտման՝ մատնահետքերի միջոցով ընտրական նոր համակարգի ներդնում և այդ ճանապարհով ընտրական գործընթացի իրականացում
  • Ընտրական տեղամասերից՝ տեսաձայնագրման միջոցով ընտրական գործընթացի ուղիղ առցանց հեռարձակման ապահովում, ինչպես նաև այդ տեսաձայնագրությունների արխիվացում և պահպանում
  • Վերացնել դիտորդական առաքելություն իրականացնելու համար սահմանված քննական արտոնագրման գործող կարգը
  • Դիտորդական առաքելություն իրականացնողներին լիազորություններ տալ՝ արձանագրված խախտումների հիմքերով իրականացնել քվեարկության արդյունքների վերաբերյալ բողոքարկման գործընթաց
  • Բոլոր մակարդակի ընտրական հանձնաժողովների կազմավորում՝ բացառապես մեկական անդամից, խորհրդարան մուտք գործած յուրաքանչյուր կուսակցությունից կամ դրանց միավորումներից
  • Յուրաքանչյուր ընտրական տեղամասում՝ գրանցված ԶԼՄ-ների մինչև 5 ներկայացուցչի՝ միաժամանակյա դիտորդական առաքելության իրականացման հնարավորության ապահովում
  • Ազգային Ժողովում կին պատգամավորների թվի ավելացում, այն հասցնելով պատգամավորների ընդհանուր թվի 35 տոկոսի չափի
  • Արգելել բոլոր տիպի կրթական հաստատությունների աշխատակիցների՝ հատկապես ուսուցիչների, մանկավարժների, դասախոսների ներգրավումը բոլոր մակարդակի ընտրական հանձնաժողովներում
  • Արգելել վարչական ռեսուրսների ներգրավումը ընտրական գործընթացներում
  • Քրեական օրենսգրքում խստացնել ընտրակեղծարարների և ընտրախախտում իրականացնողների համար սահմանված պատժաչափերը
  • Քրեական օրենսգրքում հատկապես խստացնել ընտրական գործընթացների ժամանակ՝ զինվորներին ուղղորդող և ուղղորդելու փորձ անող զինվորական ղեկավարների համար սահմանված պատժաչափերը
  • Ընտրական գործընթացում հնարավոր խախտումների վերաբերյալ բողոքարկումների, վերահաշվարկի և հարակից այլ գործողությունների համար սահմանել 15 օրյա ժամկետ
  • Հեռուստատեսությամբ և զանգվածային լրատվության այլ միջոցներով բոլոր քաղաքական ուժերի և նրանց միավորումների համար ապահովել բացառապես հավասար ժամանակահատված
  • Հաշմանդամություն ունեցող անձանց համար ապահովել նորմալ պայմաններ՝ նրանց ընտրության գաղտնիությունը և օրենսդրությամբ սահմանված մնացած իրավունքների պահպանման ապահովումն իրականացնելու ուղղությամբ:

Սրանք մեր կազմակերպության կողմից այս պահին արվող առաջնային և գլխավոր առաջարկություններն են և հետագայում՝ քննարկումների ժամանակ մեր կողմից կարվեն նաև ոչ պակաս կարևոր նշանակության այլ առաջարկություններ:

 

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

Քաղագետ,  «Ժողովրդավարություն և ընտրական գործընթացներ» միջազգային կենտրոն ՀԿ նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031