Լրահոս
Օրվա լրահոսը

Միայն անձանձրույթ աղոթքը կհասնի իր նպատակին

Մարտ 06,2016 12:00

Մեծ պահքի հերթական կիրակին կոչվում է «Անիրավ դատավորի կիրակի», որը ունի հատուկ պատգամ:

Հիսուս հերթական առակը պատմելիս` խոսեց անիրավ դատավորի մասին. «Մի քաղաքում մի դատավոր կար, ով ոչ Աստծուց էր վախենում եւ ոչ էլ մարդկանցից ամաչում: Նույն քաղաքում մի այրի կին էլ կար, ով դիմում էր նրան եւ խնդրում. «Իրավունքս պաշտպանիր իմ հակառակորդից»: Դատավորը երկար ժամանակ մերժում էր դատը տեսնել, սակայն ի վերջո ինքն իրեն ասաց. «Թեեւ Աստծուց չեմ վախենում եւ մարդկանցից չեմ ամաչում, բայց քանի որ այս այրին նեղություն է տալիս ինձ, նրա դատը տեսնեմ, որպեսզի անվերջ մոտս գալով` չանհանգստացնի ինձ»: Ապա Տերը շարունակեց. «Լսեցեք, թե ինչ է ասում այդ անիրավ դատավորը: Իսկ Աստված ինչքա՞ն կհամբերի իր ընտրյալների կրած անիրավությանը, չի՞ պաշտպանի նրանց, ովքեր գիշեր ու ցերեկ դիմում են իրեն: Այո, ասում եմ ձեզ, նրանց իրավունքն իսկույն կպաշտպանի: Բայց Մարդու Որդին երբ գա, արդյոք հավատ կգտնի՞ երկրի վրա»:  (Ղուկաս 18:1-8):

Ըստ առակի՝ հավատքն օգնեց այրի կնոջը, քանի որ կինը գիտեր` դատավորն անիրավ էր, Աստծուն չէր հավատում, ամոթ չուներ, բայց հոգու խորքում նա չընկճվեց. հուսով ու հավատքով անդադար դիմեց եւ հասավ իր ցանկությանը:

Այդ իսկ պատճառով Հիսուս պատգամում է աղոթել եւ չձանձրանալ, այսինքն` չհուսահատվել եւ չհուսալքվել, քանի որ մեկնաբանվում է, որ ձանձրույթն անհավատության նշան է: Հոգեւոր հայրերը մեկնաբանում են, որ երբ մենք հավատում ենք, որ Աստված կլսի մեր աղոթքը եւ կկատարի, ուրեմն սա առիթ է ուրախանալու, այլ ոչ թե ձանձրանալու:

Ըստ հոգեւոր հայրերի` մեր հոգու եւ հավատքի զորացման ճանապարհին շատ կարեւոր է անդադար եւ անձանձրույթ աղոթելը:

Լինում է, որ մենք աղոթում ենք, Աստծուց ինչ-որ բան ենք խնդրում, եւ որքան մեր աղոթքը երկարում է, այնքան մենք ձանձրանում ենք: Նոր Կտակարանի մեջ ցույց է տալիս նաեւ, որ կարելի է աղոթել առանց հավատքի, ինչպես, ասենք, հեթանոսները:

Օրվա խորհուրդը նախ եւ առաջ պարզում է այն ճշմարտությունը, որ այսօր ամենքս էլ ձանձրանում ենք աղոթելիս, եւ միեւնույն ժամանակ սովորեցնում է, որ ոչ թե պետք է ձանձրույթի դեմ պայքարել, այլ չթողնել, որ ուրախությունը հեռանա մեր սրտերից: Ոչ թե պետք է պայքարենք անհավատության դեմ, այլ պարզապես պետք է հավատանք:

Ըստ հոգեւոր հայրերի` զղջալ չի նշանակում լաց լինել անցածի համար, այլ` դեմքով դառնալ դեպի Աստված, նայել Աստծուն, լսել, թե Աստված ինչ է ասում մեզ, վերագտնել հաշտությունն Աստծո հետ:

 

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

 

«Առավոտ» օրաթերթ
04.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031