Լրահոս
Օրվա լրահոսը

Սնկով եւ պանրով քյուֆթա

Մարտ 06,2016 12:30

«Քյավառի քյուֆթան» շատերիս սիրելի ուտեստներից է, եւ ընդունված է մատուցել տոնական սեղաններին՝ սնկով եփված հաճարով փլավի հետ: Քյուֆթան կարելի է մատուցել նաեւ ոչ թե եփված վիճակում, այլ՝ ջեռեփ: Փորձեք ավանդական քյուֆթայի այս տարբերակը, եւ այն կդառնա ձեր սեղանի զարդերից:

Անհրաժեշտ մթերքները

Քյուֆթա- 1 կգ

Գլուխ սոխ- 1 հատ միջին՝ քյուֆթայի մեջ գցելու համար եւ 1 հատ խոշոր` սնկի հետ տապակելու համար

Կաթ- 150 մլ ՝ ¾ բաժակ

Օղի կամ կոնյակ- 1 ճաշի գդալ

Սունկ- 0,5 կգ

Դեղին պանիր- 100 գրամ

Բուսական յուղ- 2 ճաշի գդալ

Աղ, սեւ պղպեղ- ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Գնեք թարմ եւ լավորակ, առանց ջլերի քյուֆթա՝ պատրաստի ծեծած միս: Լցրեք այն խորը ամանի մեջ: Վրան ավելացրեք խորանարդաձեւ, բայց ոչ շատ մանր կտրատված սոխը, կաթը, օղին: Սկզբում պարզապես խառնեք, ապա սկսեք ձեռքով «ծեծել» քյուֆթան. «ապտակեք» այնպես, որ ձեր ձեռքը մտնի քյուֆթայի մեջ՝ մինչեւ ամանի հատակը եւ այդպես խառնի քյուֆթան: Ընթացքում կզգաք, թե որքան է «թեթեւանում» միսը՝ ձեր ապտակների շնորհիվ մեջը լցված օդի շնորհիվ: Քյուֆթայի ծեծը շարունակեք մոտ 15 րոպե:

qyufta1 qyufta2Դրանից հետո պատրաստեք սնկով սոխառածը: Թավայի մեջ տաքացրեք բուսական յուղը, մեջը լցրեք երկար-բարակ կտրատած սոխը: Մարմանդ կրակի վրա սոխը տապակեք՝ պարբերաբար խառնելով, որպեսզի չվառվի, ապա ավելացրեք տաշեղաձեւ կտրատած սունկը: Աղ եւ պղպեղ արեք: 10 րոպե տապակելուց հետո անջատեք:

qyufta3

Ջեռոցի թավայի հատակին կարագ քսեք: Ծեծված քյուֆթան հավասար տարածեք թավայով մեկ: Վրան լցրեք սնկով սոխառածը, դրա վրա էլ՝ քերած դեղին պանիրը: Դրեք նախապես 200 աստիճան տաքացրած ջեռոցը: 40 րոպե անց ստուգեք քյուֆթայի պատրաստվածության աստիճանը՝ դանակով կամ փայտիկով ծակեք, եթե մեջը սպիտակ է, ուրեմն պատրաստ է: Նկատի ունեցեք, որ ջեռոցում եփվելու ընթացքում քյուֆթան ծավալը կորցնելու է:

qyufta4 qyufta5 qyufta6

Մատուցեք սնկով եփված հաճարով փլավի հետ: Ի դեպ, կարող եք հաճարով փլավի մեջ ոչ թե պարզապես խաշած սունկ լցնել, այլ ճիշտ նույնպիսի սոխառածով պատրաստված սունկ, ինչպիսին լցրեցիք քյուֆթայի վրա: Շատ ավելի համեղ կլինի:

qyufta7

Բարի ախորժակ:

Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

«Առավոտ»

5.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    «ծեծել»… «ապտակել»… մե՛ղք է, սա խեղճ քյուֆթան

    դեռ յետոյ ալ կրակի վրայ զետեղել, ապա՝ ծամել, ուտել

    այս ինչ դաժան ճակատագիր…

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031