Մարտի 2-ին Մոսկվայի ազգությունների տանը տեղի ունեցավ գրող, դրամատուրգ, սցենարիստ և հայ ժողովրդի մեծ բարեկամ Կիմ Բախշիի 85-ամյա հոբելյանին նվիրված երեկոն:
Ներկաներին ուղղված իր խոսքում ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանն անդրադարձավ Կիմ Բախշիի ստեղծագործական գործունեությանը` նշելով, որ իր բացառիկ աշխատանքների և, մասնավորապես, «Արցախի հոգևոր գանձերը» գրքի շնորհիվ Կիմ Բախշին այսօր մեծ հեղինակություն և հարգանք է վայելում Հայաստանում և Արցախում: Դեսպան Եսայանն ընթերցեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Կիմ Բախշիին ուղղված շնորհավորական ուղերձը և հանձնեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հրամանագրով շնորհված «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալը` հայ մշակույթի հանրահռչակման գործում ունեցած նշանակալի ավանդի համար:
Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանը ընթերցեց Արցախի նախագահ Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձը` ռուսաստանցի գրողին հանձնելով նախագահի հրամանագրով շնորհված «Երախտագիտության» մեդալը:
Երեկոյի ընթացքում շնորհավորական ելույթներով հանդես եկան Ռուսաստանի հայ համայնքային կառույցների ղեկավարներ, ռուսաստանցի գրողներ և հասարակական գործիչներ: Միջոցառումն ուղեկցվեց նաեւ երաժշտական կատարումներով:
Արտաքին գործերի նախարարություն