«Հայկական վերածնունդ» կուսակցության կենտրոնական գրասենյակում այսօր կազմակերպվեց «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկում, որին մասնակցեցին մի շարք ՀԿ-ների նախագահներ: ՀՀ Արդարադատության նախարարության Օրենսդրության զարգացման և իրավական վերլուծությունների վարչության պետ Բագրատ Ղազինյանը ներկայացրեց ներկայում Ազգային Ժողովում քննարկման փուլում գտնվող «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը. «Այն նախատեսում է, որ ՀԿ անդամ կարող են լինել նաեւ իրավաբանական անձինք, բացառությամբ կուսակցությունների եւ կրոնական կառույցների: ՀԿ-ն կարող է օրենքով սահմանված կարգով ստեղծել առեւտրային կազմակերպություն: Ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող ՀԿ-ի անվանումը վերջինիս ֆիրմային անվանումն է: ՀԿ-ների պետական գրանցման նպատակով փաստաթղթերը կարող են ներկայացվել նաեւ էլեկտրոնային տարբերակով: ՀԿ-ների շահառուներն են դրա կանոնադրությամբ նախատեսված անձինք: Օրենքի նախագծով հստակեցվել են նաեւ ՀԿ-ների կամավորների աշխատանքային գործունեությանն առնչվող հարցեր»:
«Շողակն բարեգործական» ՀԿ նախագահ Նաիրա Պետրոսյանն ասաց, որ փորձել է ծավալել ձեռնարկատիրական գործունեություն եւ պարզել, որ տվյալ դեպքում ՀԿ-ն դառնում է հարկատու. «Ծրագրեր իրականացնելու համար գումար չի մնում: Եթե ՀԿ-ն ՓԲԸ է դառնում, իմաստը ո՞րն է դրա գործունեության: Առաջարկում եմ նախագծում սահմանել, որ ՀԿ-ների դուստր ձեռնարկությունները հնարավորություն ունենան քիչ եկամտահարկեր տալու. շրջանառության հարկ են ուզում, այնքան մեծ գումար է, որ բուն նպատակների համար գումար չի մնում»:
Տիկնոջ մտահոգությանը Բագրատ Ղազինյանն արձագանքեց, թե օրենքի նախագծով ՀԿ-ների համար ստեղծվելու է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու հնարավորություն. «ՀԿ-ները ստիպված չեն լինի ստեղծել առեւտրային կազմակերպություններ, ինչը կազատի հավելյալ ծախսերից: Հարկային պարտավորությունները կհաշվառվեն ըստ գործունեության ակտիվների»:
«Աշխատավորների շահերի պաշտպանության շարժման» միության ղեկավար Կարեն Թումանյանն էլ հարցրեց, թե ինչու է ՀԿ-ների գրանցումն արվում էլեկտրոնային փաստաթղթավորման միջոցով. «Անհասկանալի է, թե ինչու է առաջնությունը տրվում էլեկտրոնային փաստաթղթերին: Բացի այդ, ՀԿ-ների մեջ ուղղություններ կան, որոնք պետք զարգացնել: Օրինակ, արհեստակցական միությունների գործունեության համար պետք է արտոնյալ պայմաններ ստեղծել»:
Կարդացեք նաև
Ղազինյանը պատասխանեց, որ Արդարադատության նախարարությունում իրականացվող ծրագրային ապահովման աշխատանքներն ուղղված են ՀԿ-ների գրանցման գործընթացը պարզեցնելուն. «Գրանցման ժամկետը կրճատվել է, էլեկտրոնային գրանցման դեպքում դա առավել արդյունավետ կլինի: Պետք է ստեղծել հնարավորինս նպաստավոր պայմաններ` ՀԿ-ն գրանցելու համար: Ինչ վերաբերում է զարգացման ուղղություններին, ապա պետությունը ձեռնարկում է քայլեր` արդյունավետ պայմաններ ստեղծելու ուղղությամբ, որպեսզի խթանվի հասարակական ակտիվությունը եւ այն ՀԿ-ների գործունեությունը, որոնք ուղղված են հասարակության լայն շերտերի շահերի պաշպանությանը: Եվ դա միայն արհեստակցական միություններին չի վերաբերում»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ