Մարտի 5-ը Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է: Այդ առիթով Երկրապահ կամավորականների միության անդամները, մի շարք պաշտոնյաներ եւ քաղաքացիներ այցելել էին Եռաբլուր՝ Վազգեն Սարգսյանի շիրիմին:
Եռաբլուր էին այցելել վարչապետ Հովիկ Աբրահամյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԵԿՄ անդամներ Մանվել Գրիգորյանը եւ Սեյրան Սարոյանը:
ԵԿՄ վարչության ղեկավար Մանվել Գրիգորյանը լրագրողների հետ զրույցի ընթացքում նշեց, որ մարտի 5-ը երկակի տոն է իրենց համար ե՛ւ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է, ե՛ւ այդ օրը պատանի երկրապահների երդման արարողությունն է լինում: Մանվել Գրիգորյանը հիշում է Վազգեն Սարգսյանի հետ առաջին հանդիպում, երբ վերջինս սովորական շարքային զինվոր էր եւ դեռ հրամանատար չէր:
Հարցին, թե այդ առաջին հանդիպման ընթացքում Վազգեն Սարգսյանի՝ լավ զինվորական լինելու մասին պատկերացում կազմե՞լ է, նա պատասխանեց. «Դե, որ չկազմեինք, ո՛չ ընկերություն կանեինք, ո՛չ բարեկամություն, ո՛չ էլ կշարունակեինք իր ծրագրերն իրականացնել: Առաջին տպավորություն, աղջիկ-տղա չենք, բայց հարգանքը կամ գաղափարները, ձգտումը նույնն են եղել՝ հայրենիք, պետություն, անկախություն»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ