Լրահոս
Օրվա լրահոսը

Որքա՞ն են ավելացել ՀՆԱ ծավալները անցած 15 տարիներին. «Ազգ»

Մարտ 05,2016 11:09

Դժվարին համարվող տարում՝ 2015-ին Հայաստանն ունեցավ 3 տոկոս տնտեսական աճ: Այդ ցուցանիշը օրերս հրապարակեց ազգային վիճակագրական ծառայությունը: Այս համատեքստում հիշեցնենք անցյալ տարվա տնտեսական աճի կանխատեսվող տարբերակները: Այսպեսՙ ՀՀ պետական բյուջեում դրված էր 4,1 տոկոս տնտեսական աճի ցուցանիշը, ՀՀ ԿԲ-ն կանխատեսում էր մինչեւ 2 տոկոս տնտեսական աճ, Համաշխարհային բանկը` 0,8 տոկոս, իսկ Արժույթի միջազգային հիմնադրամը` մինչեւ 1 տոկոս անկում էր կանխատեսում: Նշենք, որ պարբերաբար անդրադառնալով տնտեսական աճի հնարավոր ցուցանիշին, մեր հրապարակումներում կանխատեսել էինք, որ այն կլինի 2,5-3 տոկոսի սահմաններում, ինչն, ըստ էության, տեղի ունեցավ:

Այժմ վերադառնալով ցուցանիշին տեղեկացնենք, որ գումարային առումով Հայաստանի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) գերազանցեց 5 տրլն դրամըՙ կազմելով 5 տրլն 47 մլրդ 486 մլն դրամ: Ըստ տնտեսության ճյուղերի, գումարային առումով ամենամեծ ծավալներն ունի առեւտուրը 2 տրլն 283 մլն դրամ, չնայած 8 տոկոսով նվազելուն: Զարգացած երկրներում ՀՆԱ-ում ամենամեծ ծավալներ ունենում են արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը:

Մինչդեռ Հայաստանում արդյունաբերության ցուցանիշը միայն երկրորդն էՙ 1 տրլն 327 մլրդ դրամ, որը 5,2 տոկոսով ավելի էր նախորդող տարվանից: Երրորդը ծառայությունների ոլորտն է 1 տրլն 188 մլրդ դրամ ծավալով եւ 2,7 տոկոս աճով: Գյուղատնտեսությունն անցյալ տարի բավականին լավ ցուցանիշներ արձանագրեց, աճելով 11,7 տոկոսով եւ գերազանցելով 1 տրլն դրամը (1 տրլն 2 մլրդ): Շինարարությունը թեեւ անցյալ տարի վերջապես խախտեց անկում արձանագրելու վերջին 8 տարվա տխուր ավանդույթը եւ արձանագրեց 0,3 տոկոս աճ, բայց նրա ծավալը կազմեց 457 մլրդ դրամ:

Այդուհանդերձ, 2015-ի ՀՆԱ-ի ցուցանիշը բավականին հետաքրքրական զուգադիպություն է ցույց տվել: Համաձայն այդ ցուցանիշի, Հայաստանի տնտեսության ծավալը անցած 15 տարիներին ավելացել է 5 անգամ: Այսինքն, մեր համախառն ներքին արդյունքը հնգապատկվել է 2015-ին հասնելով 5 տրլն 47 մլրդ դրամ` 2000թ.-ի 1 տրլն 31 մլրդ դրամի դիմաց:

Արա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այս համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031