Հանրապետական-դաշնակցական նոր կառավարության առաջին քայլերից մեկը, եթե իհարկե հաշվի չառնենք ԿԳ նորանշանակ հին նախարար Լեւոն Մկրտչյանի տարածած շրջաբերականը, որով արգելվում է դպրոցներում մարտի ութի տոնի կապակցությամբ երեխաներից փող հավաքել, այն էր, որ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը ազատվեց պաշտոնից եւ նրան փոխարինեց Վերահսկիչ պալատի նախարարի տեղակալ Լեւոն Յոլյանը: Այս իրադարձությունը հատկապես ուշագրավ է այն առումով, որ սա ըստ էության ՀՀԿ-ՀՅԴ քաղաքական համագործակցության մասին հուշագրի կարեւոր դրույթներից մեկի անմիջապես կատարումն էր: Հիշեցնենք, որ համաձայն այդ դրույթներից մեկի, իսկ ավելի կոնկրետՙ 1.1.11 (գոլդ) դրույթիՙ «Կողմերը հանձն են առնում վարել արհեստավարժության եւ հանրային վստահության չափանիշներին համապատասխանող կադրային քաղաքականությունՙ շարունակաբար լայնորեն ներգրավելով երիտասարդներին պետության կառավարման գործում»: Եւ ահա քեզ, նախկին նախարարը այս տարի կդառնար 70 տարեկան, իսկ Լեւոն Յոլյանը 57 տարեկան է. 13 տարով ավելի փոքր, 13 տարովՙ երիտասարդ, երիտասա՛րդ:
Բայց դառնանք նախարար Մկրտչյանի տարածած շրջաբերականին, որով, կրկնեմ, ԿԳ ենթակայության տակ գտնվող դպրոցներին հրամայվում է, իսկ մարզպետարանների ենթակայության տակ գտնվողներին հորդորվում էՙ ոչ մի պարագայում մարտի ութի առիթով աշակերտներից փող չհավաքել: Իմ կարծիքով լավ բան է, նկատի ունեմՙ շրջաբերական բառը, հրաման-հորդո՞րը, գիտեք, երբ ես սովորում էի դպրոցում, ավելի ճիշտ այն ավարտում էի, ԿԳ նախարար Էդուարդ Ղազարյանը, չնայած ոչ մի նման շրջաբերական չէր տարածել, բայց մեր դասղեկը ինքնակամ արգելել էր իրենՙ Վերջին զանգի հետ կապված որեւէ բան նվիրել: Բայց մենք նվիրեցինք, ոսկե մատանի, չէր վերցնում, չվերցրեց, հետո, ավելի ուշ, մենք դասարանով գնացինք նրա տուն եւ տանը «պատահաբար մոռացանք» մատանին: Նա ոչինչ չասաց, իմաստ չկար, բայց նա շնորհակալություն էլ չասաց, եւ ճիշտ արեց:
Հիմա, արդյոք ազդելո՞ւ է ԿԳ նախարարի տարածած շրջաբերականը հայ ծնողներիՙ լավության տակից ամեն կերպ դուրս գալու ցանկություն-բնավորության վրա: Իմ կարծիքովՙ չի ազդելու:
Հովիկ ԱՖՅԱՆ
Կարդացեք նաև
Հրապարակումն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս շաբաթվա համարում: