Լրահոս
Օրվա լրահոսը

Զավեշտները` մի կողմ

Մարտ 05,2016 10:00

Երբ Ընտրական նոր օրենսգիրքը մշակող մեր տաղանդավոր իրավաբանները քննարկման դրված փաստաթղթում գրեցին, որ ընտրական տեղամասում դիտորդ ու լրագրող կարող է լինել ընդամենը 8 հոգի, իմ մեջ իսկույն հարց առաջացավ. երբ Սպանդարյանի անվան թիվ 24 դպրոցում իր քաղաքացիական պարտքը կատարի նախագահը կամ հետագայում` պետության որեւէ այլ ղեկավար, մի՞թե պահանջ կդրվի, որ այդ պահը ֆիքսի միայն 8 տեսախցիկ: Կամ` երբ նույն իրավաբանները գրում են, թե ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար պետք է անպայման լինի ՀՀ նախագահի, կառավարության, Ազգային ժողովի կամ ԿԸՀ-ի հրավերը, ես միանգամից պատկերացրեցի, թե ինչպես են հիշյալ մարմինները հրավերներ ուղարկում Արթուր Սաքունցին կամ Բարսեղյան Լեւոնին:

Իհարկե, նախագծի հեղինակների համար շատ ցանկալի կլիներ, որ տեղամասերում ընտրությունները լուսաբանեն միայն իշխանության համար «հաճելի» լրագրողներ, իսկ քվեարկության ընթացքին հետեւեն միայն իշխանական «գոնգո»-ները: Բայց ես համամիտ եմ արդեն արտահայտած կարծիքի հետ, որ այդ «ծայրահեղական» կետերը նախագիծ են մտել… դրանք ի վերջո հանելու համար, ինչը ներկայացվելու է որպես մեծ «զիջում» հասարակությանը:

Ինչպես կասեր մեր նշանավոր դիվանագետներից մեկը, ես այստեղ, այսպես ասած, զավեշտալի բան եմ տեսնում: Բայց այդ զավեշտները չէ, որ պետք է կանխորոշեն ընտրությունների արդյունքները: Շատ ավելի վճռորոշ է այն, ինչ անվանում են «ռեյտինգային քվեարկություն», երբ դու ընտրում ես իշխանական ցուցակից քեզ «հոգեհարազատ» գործարարին, բարերարին կամ թաղային հեղինակությանը` այդպիսով ձայն տալով նաեւ «ցանկալի» կուսակցությանը: Ընդ որում, այստեղ մենք կարող ենք գործ ունենալ նաեւ մարդկանց անկեղծ զգացմունքների հետ: Եթե ես ոչ միայն ընտրությունների ժամանակ, այլեւ 5 տարի շարունակ մարդկանց լավաշ եմ բաժանում, փակում եմ նրանց նիսյաներն ու լույսի պարտքերը, թաղման գումարներ եմ տալիս, ապա ընտրողներն ինձ անկեղծորեն սիրում են: Իսկ եթե սիրում են ինձ, ապա ստիպված կլինեն «սիրել» նաեւ իմ կուսակցությունը: Առաջ, երբ կար մեծամասնականը, ընտրողը կարող էր ձայն տալ թե՛ օլիգարխին եւ թե՛ որեւէ այլ կուսակցության: Հիմա օլիգարխն ու կուսակցությունը մեկտեղվել են:

Ես միանգամայն հնարավոր եմ համարում, որ 2017 թվականին լցոնումը, կարուսելը, բազմակի քվեարկությունը, նույնիսկ ընտրակաշառքը (բառի նեղ իմաստով) մեծ նշանակություն չեն ունենա: Վճռորոշ կլինի անկեղծ սերը տեղական օլիգարխի եւ ստիպողական «սերը» նրա կուսակցության հանդեպ: Եթե ընդդիմությունը եւ հասարակությունը կարողանան հասնել նրան, որ քվեարկությունը զրկվի իր «ռեյտինգային» բաղադրիչից, դա կլինի մեծ նվաճում:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    Ասված է գրեթե ամեն ինչ, ինչ ե՛ս կուզենայի ասել: Արժեր թերևս ձևակերպել այս ամենի սկզբնաղբյուր հանդիսացող կարգախոսը՝ վերջին օրերի դիվանագիտական ձեռքբերումների լույսի ներքո.
    ՛՛Առա՜ջ, դեպի զավեշտալի Հայաստան… ՛՛

  2. Լավատես says:

    Ասում են, բաժանիր, որ տիրես: Հայ ազգը հայ կառավարությունից բաժանել են ու երկուսին էլ տիրում են ինչ որ այլազգի լավ կազմակերպված հարուստ ու հզոր, բայց հոգեպես անորակ ու թունավոր ուժեր: Մենք պետք է մեր մեջ ուժ գտնենք միավորվենք մեր թունավորված հոտած կաշառակեր անմակարդակ կառավարության հետ, որպեսզի այլազգիների ազդեցությունը չեզոքացնենք, իսկ հետո մտածենք նրանց մակարդակը բարձրացնելու մասին: Այստեղ խնդիրն ոչ այնքան մարդկանց մասին է, որքան համակարգի, կառավարությունում աշխատող մարդիկ ոչնչով պակաս չեն միջին վիճակագրական քաղաքացուց, բայց միջին վիճակագրական քաղաքացու խելքը չի հերիքի այլազգիների հատուկ ծառայություններին հաղթի: Հիմա խելքի դար է, մեզ պետք է ստեղծել Հայոց Համաշխարհային Հատուկ Ծառայություն, որի միակ զենքը խելքն է:

  3. brinjao says:

    Եթե ընդդիմությունը եւ հասարակությունը կարողանան հասնել նրան, որ վերջի բոլշեւիկը աշոտյան լինի Պինոչետի պես, դա կլինի մեծ նվաճում…

    • Մարգար Մախսուդյան says:

      Սեղմ էր ու տարողունակ, իսկ ամենակարևորը՝ դիպուկ:
      Դա՛ կլինի մեծ նվաճում…
      Դա կլինի մե՛ծ նվաճում…
      Դա կլինի՛…

  4. Ալեքսանդր says:

    Ես կողմ եմ ռեյտինգային՝ վարկանիշային քվեարկության, որովհետև նույն կուսակցությունում կան և՛ խիստ անցանկալի մարդիկ, և՛ նրանք, ով ինձ համակրելի են: Չմոռանանք, որ շատերը, առաջվա պես, ընդունվում են կուսակցություն իր խնդիրները լուծելու համար, բայց կարգին մարդ են: Թեև հարաբերականորեն կարգին: Բայց ամեն ինչ հարաբերական է: Իսկ այն երևույթը, որ ինչ-որ մեկը հինգ տարի ժողովուրդին լավություն է անում վատը չէ, որովհետև նա կշարունակի, որպեսզի նորից ընտրվի: Իսկ մենք ուզում ենք, որ իշխանությունը ժողովուրդին լավ նայի, չէ՞: Բոլոր երկրներում մարդիկ քվեարկում են, որովհետև համարում են, որ իր թեկնածուն լավն է: Ի՞նչ վատ բան կա:

  5. Ալեքսանդր says:

    Եվ մի լավ բան էլ կա:Քվեներ հավաքելու նպատակով կուսակցությունը ստիպված կլինի համալրել իր ցուցակը մարդկանցով, որոնց սիրում է ժողովուրդը. թող դա մեծահարուստներ լինեն կամ նրանց դրածոները: Արդյունքում կուսակցության թեկնածու և պատգամավոր կդառնան ժողովրդի սիրած մարդիկ: Ի՞նչ վատ է որ:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031