Խորանարդներ, բուրգեր, սլաքներ… ահա այսպիսի «նկարչություն» է անում պատգամավոր Թեւան Պողոսյանը ԱԺ հանձնաժողովների նիստերին, ամենատարբեր քննարկումների, խորհրդարանական լսումների ժամանակ:
Պարզվում է՝ պատգամավորը ոչ թե պարապությունից է խզմզում, այլ այդ տարօրինակ պատկերներով սղագրում է կատարվածը կամ այլ կերպ ասած՝ տեսագրում է իր համար: Օրերս, երբ իր աշխատասենյակում նկատեցինք տարբեր երկրաչափական պատկերներով այդպիսի բազմաթիվ նշումներ, հետաքրքրվեցինք, թե ի՞նչ են նշանակում այդ խորանարդները, հոգեբանները գուցե բացատրեն: Թեւան Պողոսյանը պատասխանեց, որ ոչ մի հոգեբան չի կարող իմանալ այն, ինչ թաքնված է այդ նշումներում. «Ես նշանս դրեցի՝ ինձ դա հերիք է, որ հիշեմ՝ դա ես արել եմ այս նիստի ժամանակ, այսինչ րոպեին, այսինչ մարդու խոսքի ժամանակ: Օրինակ՝ այս նշանը նայում եմ, գիտեմ՝ այս պահին ինչ եմ խոսել, ինչ եմ ուզել ասել, ինչ է կատարվել»:
Թեւան Պողոսյանը հարցրեց. «Դուք հեռախոսի համարները ո՞նց եք հիշում: Մարդ կա՝ չի հիշում, մարդ կա՝ գրում է, իսկ ես համարը մի անգամ հավաքում եմ, հիշում եմ մատներիս շարժը զգայականով ու վերջ»:
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
04.03.2016