Անկասկած` մարդուն շատ ավելին տրվեց, քան իրեն պետք էր: Բյուրականի բարձունքից նայելով իրիկնացող օրվա լույսի մեջ մտասույզ շքեղ բնապատկերին` մտածում էի ես:
Այո՛, այնքան շատ տրվեց, որ մարդը մոռացավ հիանալ իրեն տրվածով ու երջանիկ լինել եւ սկսեց փնտրել չերեւացող աշխարհը` փորձելով ոտք դնել հավերժության սեմից անդին: Եվ դեռեւս չճանաչելով իրեն շրջապատող իրերի բնույթը` փորձեց անցնել իրերից այն կողմ: Չկամեցավ այնքան մոտիկից ուսումնասիրել իր ունեցածը, ճանաչել, հասկանալ այն, որ կորցրեց հեռանկարը:
Այնինչ` իմ դիմաց վեհապանծ հառնում էր լեռը, ժամանակների վկան ու քննիչը. ճերմակ ձյունը գագաթին, որ անցյալն էր վկայում, եւ իրիկնաժամի լույսի մեջ կապույտ երանգով երեւացող լանջերը, որ ապագայի խոստումն էին հուշում…
– Ահա աշխարհը,- մտածում էի ես,- ահա լեռը, որ քսվելով հավերժությանը՝ անընդհատ արթնացնում է անսահմանության զգացողություն, ինչպես օվկիանոսն է արթնացնում:
Եվ ինչ է մեր ուզածը, երբ ամեն ինչ արդեն այստեղ է, այստեղ եղել է մեզանից առաջ եւ լինելու է մեզանից հետո:
– Եվ երանի նրան,- մտածում էի ես,- որ այնքան է զբաղված ապրելով, այնքան է սիրում ինքն իրեն, որ ժամանակ էլ չունի կյանքի իմաստի մասին մտածելու:
Կարդացեք նաև
Ես երանի էի տալիս նրանց, բայց իմ երանին ինձ չէր համոզում, քանի որ անմիջապես իմ կողքին շարունակ զգում էի ուրարտական կոչված շրջանի արձանագրության ներկայությունը, ուր Արգիշտի արքան պատմում էր, թե ինչպես մի անգամ պալատի պարսպից ինքը ձգեց իր աղեղը եւ նետը հասցրեց մինչեւ Իշպունորդու տունը:
Հետաքրքիր է՝ չէ՞, որտե՞ղ էր գտնվում պալատը եւ որտե՞ղ` Իշպունորդու տունը, եւ քանի՞ մետր է թռել նետը, երբ հիմա ո՛չ պալատը կա, ո՛չ էլ այդ հարգելի մարդու տունը:
նդամենը մնացել է նետի ահագնացող թռիչքը, որ արձակվել է գրեթե երեք հազար տարի առաջ եւ մինչեւ օրս թռչում է…
Այո՛, Աստված մարդուն շատ ավելին տվեց, քան իրեն պետք էր, եւ մարդն այդ կռահեց ու անտեսելով տիեզերքի կարգ ու կանոնի մեջ գոյություն ունեցող հավերժական օրենքները` փորձեց անմահանալ. սիրեց կնոջն ու երեխային, բայց ավելին ուզեց, սիրեց իր հայրենիքը, բայց սահմանները նեղ թվացին, հիացավ ուրիշների փառքով, բայց չներեց նրանց, ու իր փառքը փնտրեց եւ չգտնելով` հորինեց այն, կործանեց իրենից առաջ եղած աստվածներին եւ իրենն ստեղծեց՝ փորձելով եթե ոչ՝ Աստված, գոնե կուռք դառնալ, միայն թե անմահանալ, միայն թե հիշեն իրեն, այն նետի նման, որ բոլորից աննկատ մինչեւ այսօր էլ թռչում է, եւ որի մասին միայն իմ կողքին կանգնած այս քարը գիտի… իսկ նետը, միեւնույն է, շարունակում է անվախճան թռչել:
ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
04.03.2016