Լրահոս
Օրվա լրահոսը

«Ֆինանսների նախարարության տարանջատումը որեւէ դրական ազդեցություն չի ունենա»

Մարտ 05,2016 16:00
finansneri naxararutyun

Ֆինանսների նախարարության եւ Պետական եկամուտների կոմիտեի տարանջատումը մի քանի հանգամանքներով է հիմնավորվում: Իշխանության ներկայացուցիչներն այս առանձնացումը պայմանավորում են ԵՏՄ անդամակցությամբ, սահմանադրական փոփոխություններով, 2 քաղաքական ուժերի համաձայնագրով, ՀՀ նախագահի փետրվարի 12-ի ելույթով եւ դրանից բխող դրույթների իրականացմամբ, նոր տնտեսական քաղաքականության մշակմամբ: Ինչ հիմնավորում էլ ներկայացվի՝ հանրության եւ գործարար միջավայրի համար առավել կարեւոր է, որ այդ կառույցները՝ միասին, թե առանձին, ոչ թե խոչընդոտեն, այլ նպաստեն տնտեսական հավասար մրցակցությանը, ստվերի կրճատմանը, տնտեսությունում կոռուպցիայի վերացմանը եւ տնտեսության զարգացմանը:

Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՊԵԿ-ի նոր նախագահ Հովհաննես Հովսեփյանին ՊԵԿ-ում ներկայացնելիս նշել է. «Նրանք, ովքեր համարում են, որ մենք հասել ենք մի այնպիսի աստիճանի, երբ զարգացումը, երբ կոռուպցիայի, հովանավորչության դեմ պայքարն այլեւս անհրաժեշտություն չէ, ապա կարծում եմ՝ այդ մարդիկ չեն կարող առաջ տանել համակարգի զարգացումները»: Թե ինչ ազդեցություն կունենա ՀՀ նախագահի այս հայտարարությունն ու ինչպես կպայքարի ՊԵԿ նոր ղեկավարն իր աշխատակազմով կոռուպցիայի եւ հովանավորչության դեմ՝ ցույց կտա ժամանակը:

Կառավարության կառուցվածքում պարբերաբար կատարվող փոփոխությունները, ըստ տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանի, պայմանավորված չեն լինում կառավարման որակի բարելավմամբ կամ երկրի զարգացման մոդելի փոփոխությամբ: «Առավոտի» հետ զրույցում Առաքելյանն ասաց, որ ոչ միայն կառուցվածքային փոփոխությունները, այլեւ գործառույթները որեւէ դրական ազդեցություն չեն ունենում տնտեսության որակական զարգացման վրա. «Այդ տեսանկյունից ֆինանսների նախարարության տարանջատումը կամ միացումը որեւէ դրական ազդեցություն չի ունենա: Սակայն զուտ տնտեսագիտական տեսանկյունից առավել նպատակահարմար է առանձին կառույցների առկայությունը, քանի որ հարկային մարմինները պետք է ընդամենը կատարեն հարկերի հավաքագրման ֆունկցիա, իսկ բարեփոխումների, զարգացման ֆունկցիաները, այդ թվում՝ հարկային բարեփոխումների մասով, պետք է կատարի ֆինանսների եւ էկոնոմիկայի միավորված նախարարությունը, որը ժամանակին ունեցել ենք»:

Հիշեցնենք, որ ժամանակին հարկային եւ մաքսային մարմիններն էլ առանձին էին գործում, դրանք միավորվեցին 2008 թվականին:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
04.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031