Լրահոս
Օրվա լրահոսը

Քրեական գործը դատարան ուղարկվեց, տուժողը մահացել է

Մարտ 05,2016 15:30

Դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց Խաչիկ Յանթուրյանի վերաբերյալ քրեական գործով դատական անդրանիկ քննությունը:
Քրեական գործը հարուցվել է 2014թ. օգոստոսի 21-ին՝ ՀՀ քննչական կոմիտեի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանի քննչական բաժնի կողմից:

Երեք զավակների հայրը մեղադրվում է մորաքրոջ՝ Վարսիկ Մադոյանի եւ Կամո Պետրոսյանի սեփականության իրավունքով պատկանող բնակարանին տիրանալու համար: Ըստ նախաքննության մարմնի կողմից ձեռք բերված ապացույցների, նա Կենտրոնի նախկին համայնքապետ Գ. Գյանջումյանի կողմից, նրա իսկ որոշմամբ նշանակվել է հոգեկան հիվանդությամբ տառապող մորաքրոջ խնամակալ: Կ. Պետրոսյանը ամբաստանյալի մորաքրոջ որդին էր, որին դատարանը ճանաչել է անհայտ բացակայող՝ ներկայացված փաստաթղթերի հիման վրա:

Մորաքրոջ բուժման նպատակով, նրա համար համարժեք տուն ձեռք բերելու պատճառաբանությամբ, Խ. Յանթուրյանը նախնական պայմանավորվածություն է ձեռք բերել կնոջ եղբորորդու հետ, ձեւական առքուվաճառքի պայմանագրով իբրեւ 18 000 000 ՀՀ դրամով վաճառել է բնակարանը, որը գտնվել է մայրաքաղաքի Աղայան փողոցի վրա:
Ապա բարեկամ-գնորդի օգնությամբ նույն բնակարանը վաճառվել է ֆրանսահայ Ժոզեֆ Լուի Երգանյանին, այս անգամ՝ 28 105 000 ՀՀ դրամով:

Խաչիկ Յանթուրյանը տուժող մորաքրոջ համար Կոտայքի մարզում ձեռք է բերել հողատարածք, որը, ըստ գնահատման սանդղակի՝ 50 տոկոս ավարտվածության աստիճան ուներ, այգետնակ, իրական արժեքն էլ 1 500 000 ՀՀ դրամ էր: Ըստ ավագ քննիչ Ա.Գեղամյանի՝ վաճառքից գոյացած գումարից յուրացվել էր 26 605 000 դրամ:
Ամբաստանյալի շահերը ներկայացնում է Փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Աննա Ջուվանովան:

Ամբաստանյալի գույքի վրա դրված է կալանք, նրա նկատմամբ ընտրվել է խափանման միջոց ստորագրություն չհեռանալու մասին:
Այս գործով վկաները վեցն էին, նրանց մեջ էր նաեւ Խաչիկի եղբայրը՝ Անդրանիկը, ով 2004 թվականից եղել է մորաքրոջ խնամակալը, 2009-ից նրա որդու՝ անհայտ բացակայողի գույքի հավատարմագրային կառավարիչը, ապա նրան իբրեւ հոգեկան հիվանդ լինելու, իր պարտականությունները չկատարելու պատճառաբանությամբ մեկուսացրել էին, եւ նրա փոխարեն հայտնվել էր այս խնամակալը:

Ի դեպ, ամբաստանյալի կնոջ եղբորորդին, նախաքննության մարմնի տվյալներով, 2015թ. սեպտեմբերի 25-ին լքել է Հայաստանի սահմանը եւ այլեւս չի վերադարձել: Այս տարվա հունվարին նա ներգրավվել է որպես մեղադրյալ, նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում:

Ի դեպ, Աղայան հասցեում գտնվող մորաքրոջ բնակարանի վաճառքի վերաբերյալ առկա էր «Գինդ» շաբաթաթերթում տպագրված հայտարարությունը, նշյալ անշարժ գույքը 31 միլիոն դրամով վաճառելու մասին:

Դատարան ուշացումով ներկայացավ հանրային պաշտպանը, իսկ նիստի մասին ծանուցված մեղադրողը չէր ներկայացել դատարան՝ անհասկանալի պատճառով:
Վկաներից էլ դատարան էր ներկայացել ամբաստանյալի եղբայրը՝ Անդրանիկը: Նա, բնականաբար, դուրս հանվեց նիստերի դահլիճից:

Դատական նիստից հետո «Առավոտի» հետ զրույցում Անդրանիկ Յանթուրյանն ասաց, որ քաղհայցով դիմելու է դատարան, որպեսզի իրեն ճանաչեն տուժող, քանի որ մորաքույրը մահացած է, իսկ նրա տղան մինչ օրս անհայտ բացակայող է: Մորաքրոջ մահվան մասին նա տեղյակ է եղել 12 օր հետո միայն, նրան հիվանդանոցից տարել են գերեզմանատուն, ուր անգամ շիրմաքար չկար: «Առավոտին» տրամադրվեց նաեւ գերեզմանատան լուսանկարը:

Դատական հաջորդ նիստը նշանակվեց մարտի 21-ին:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
04.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031