79-ամյա Ռուդոլֆ Սաֆրազբեկյանը՝ Ուդին, իր կյանքի կեսն անցկացրել է
ազատազրկման վայրերում: 2008թ. լույս ընծայեց իր «Բանտարկյալի օրագիրը» գիրքը: Նրա երկրորդ գիրքը`«Ինչո՞ւ աղմկեց հոգիս», պատրաստ է հրատարակման: Տպագրում ենք մի հատված դեռեւս անտիպ այդ գրքից:
Բասարգեչարի (ներկայիս Վարդենիս) խիստ ռեժիմային գաղութը Երեւանից 250 կմ դեպի հյուսիս էր գտնվում, ոսկու հանքերի ու չորսբոլորը սարերի միջավայրում: Այդ տարածքը բնակեցված չէր, ամենամոտ գյուղը 20 կմ գաղութից հեռավորությամբ Զոդն էր:
Գաղութի պայմանները պարանոիկ վիճակում էին, հետեւանքներով հղի:
Ծառայողական կազմը, հսկիչները ադրբեջանցիներ էին, որոնց մեջ ամենաբարձր կարգավիճակն ուներ ավագ հսկիչ Ջանգիրովը, որովհետեւ կոմունիստ էր, խառնամիտ մարդ, որովհետեւ անընդհատ փնտրում էր մի հարմար առիթ, պատահմունք, որպեսզի հերյուրանքներով, շանտաժի կամ զրպարտության միջոցով պատժախուց՝ կարցեր գցեր ազատազրկվածներիս, 15 սուտկա ժամկետով կամ ներկայացներ քրեական պատասխանատվության: Այդպիսի դեպքերից մեկն այն էր, որ կալանավորներից մեկին ազատության մեջ գտնվող ընկերները թղթի մեջ փաթեթավորած փող էին շպրտել դրսից, արգելափակ գոտու կողմից դեպի գաղութից ներս:
Ադրբեջանցի հսկիչներից Նովրուզովը նկատել էր, բայց չէր հասցրել կանխել ու այդ մասին զեկուցել էր ավագ հսկիչ Ջանգիրովին: Վերջինս գաղութի հեղինակավոր տղաներից գյումրեցի «Կոլա»-ին (Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հայրն է-խմբ) կանչել էր ու ասել, որ գիտեմ դրսից անաշա են գցել գաղութ, իմ հաշիվը 50 ռուբլի տվեք, այլապես կզեկուցեմ գաղութի պետին: Կոլան հերքել էր «անաշայի» փաստը ու ասել էր ճիշտը, որ փող է եղել:
Կարդացեք նաև
Կոլան ճիշտ էր ասել, որովհետեւ գաղտնիք չէր գաղութի խանութից (լարյոկ) կանխիկ դրամով առեւտուր անելը:
Մի փոքր շեղվեմ՝ ասելիքս այն է, եթե խանութից առեւտուր ես անում, կարելի էր շրջանցել օրենքը, իսկ եթե գրպանում էր, խլում էին ու պատժում «օրենքով»: Մի խոսքով, Ջանգիրովը պնդում է իր կարծիքը: Իսկ Կոլան, որպեսզի ամբողջ գաղութը չենթարկեն խուզարկության, որի ընթացքում բոլորից շատ տուժում էր կալանավորը, այսինքն՝ թուրք հսկիչները բարբարոսաբար ջարդուփշուր էին անում ամեն ինչ, տակնուվրա էին անում անկողինները, հագուստները, համաձայնվում է Ջանգիրովի առաջարկած 50 ռուբլին տալ: Այսպիսով, «գործարքը» պայմանավորվելուց հետո Կոլան 50 ռուբլին տալիս է Ջանգիրովին, հուսալով, որ ամեն ինչ ավարտված է: Սակայն ինտրիգան ավարտվեց նրանով, որ Ջանգիրովը կազմում է արձանագրություն, ձեւակերպելով որպես կաշառք, 50 ռուբլիանոցը կցում է արձանագրությանը եւ ներկայացնում քննչական օրգանին, որն իր հերթին գործ է կազմում ու հանձնում դատախազին, նա էլ սանկցիա է տալիս ու ուղարկում դատարան: Կոլային դատեցին, 3 տարի ավելացրին իր նախկին կալանքին: Ասածս այն է, որ հերյուրանքներով ու զրպարտությամբ կոմունիստական գաղափարախոսության ամենակուլ երախի զոհեր շատ եղան:
Կոլան կարող էր 50 ռուբլի չտալ Ջանգիրովին, որովհետեւ անաշա չի եղել եւ հետո անձամբ իրեն վտանգ չկար: 50 ռուբլին տվել էր, որովհետեւ առանց այն էլ հոգեպես ու ֆիզիկապես հյուծված կալանավորների ու ադրբեջանցի հսկիչների միջեւ անդունդ էր: Անդունդ՝ չկամության, փոխադարձ անհանդուրժողականության, մարդկային պարզ հարաբերության բացակայության:
Կոլան 50 ռուբլի տվել էր, որպեսզի առանց այն էլ տհաճ միջավայրը բարբարոս թուրքերը չդարձնեն կատարյալ ավերակներ:
Հարգելի ընթերցող, կոմունիստական Հայաստանում հայ բարձր պաշտոնյաներն արտոնություն էին տալիս մուսուլման ջանգիրովներին, որոնց թունոտ, խոցող վերաբերմունքից անազատության մեջ գտնվող բազմաթիվ հայի զավակներ տառապեցին հոգեկան խանգարումներով, ներքին հիվանդություններով, թոքախտով ու անբուժելի ծանր հիվանդություններով ու հոգիները տվեցին Աստծուն:
Մի՞թե հայ կոմունիստները չէին նկատում ադրբեջանցիների կրոնական ու պապական թշնամությունը հայ կալանավորների նկատմամբ, այսինքն, երբ մուսուլման հսկիչները չէին օգտվում ջրի ծորակից, որտեղից օգտվում էին հայերը: Սակայն պետական օրենքները օգտագործում էին ի նպաստ մուսուլմանական ատելությունը իրագործելու նպատակին: Իհարկե, այդ սատանային ծառայողները հիմա չկան:
Հիմա Հայաստանի գաղութներում կյանքը ընթանում է այն գիտակցությամբ, որ մարդու կողմից մարդը չի արհամարհվում, չի ստորացվում, ինչը հոգեբանական եւ բարոյական մեծ հաղթանակ է:
ՌՈՒԴՈԼՖ ՍԱՖՐԱԶԲԵԿՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
04.03.2016