Արա Հակոբյանի եւ Ռաֆայել Ավագյանի գործով, որոնք կալանավորված են կեղծ դրամներ պատրաստելու եւ իրացնելու համար, Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան երեկ ներկայացած «Պրոմեթեյ» բանկի գանձապահը միայն դատարանում իմացավ, որ կարող է քաղհայցով հանդես գալ, ունի իրավունքներ եւ պարտականություններ:
Դրամարկղի պետը չգիտեր անգամ, որ իրենց իրավաբանին կարող է դիմել՝ դատարան ներկայացվելիք քաղհայցի համար: Այս տուժողի ներկայացուցչի նման տասնյակ բանկի աշխատակիցներ են ուղարկվում դատարան, չիմանալով, թե ինչ գործով, ինչի համար: Մինչդեռ, իրական տուժողները բանկերի այն աշխատակիցներն են եղել, որոնք ձեռքով զննելով օրվա մուտքագրվելիք գումարը, չեն հայտնաբերել կեղծ դրամներ, եւ այն հայտնաբերվել է Կենտրոնական բանկում, տեխնիկայի միջոցով: Ակտը ուղարկվել է տվյալ բանկ, եւ պահումն արվել է բանկի աշխատակցի աշխատավարձից, համապատասխան ակտի համաձայն:
Բանկերը ոչ միայն չեն ներկայանում դատարան, այլ իրենց տուժած աշխատակիցների համար այս գործով քաղհայցեր չեն ներկայացրել իբր տուժողներ: Այս բանկը տուժող է ճանաչվել, քանի որ երկու անգամ կեղծ տասը հազարանոց դրամ է ընդունել, մինչդեռ, իր երկու տուժած աշխատակիցների անունից հանդես եկող ներկայացուցիչը իրազեկ չէր, թե ինչպես, ինչ հանգամանքներում են այս ամենը կատարվել:
«Հայփոստի» մասնաճյուղերից մեկի նախկին աշխատակիցն էլ 100 000-անոց դրամ է ընդունել: Նա պարտավոր էր ստուգել գումարը օպերատոր Ռուզաննա Բաղդասարյանից: Դե, ստուգել է, չի հայտնաբերվել: Նրանց պատժել են՝ 50 000 -ական դրամ երկուսից պահելով, անգամ զրկելով պարգեւավճարից:
«Հայփոստը» չի էլ ներկայացրել իր աշխատակիցների գումարը հատուցելու պահանջ, եւ դա նույնպես մնաց դատարան ներկայացած վկայի վրա, որն այս բազմադրվագ գործով 84-րդն էր:
Արա Հակոբյանի պաշտպան Էդիկ Չինարյանին այլ բան չէր մնում, որ զուգահեռ բացատրեր վկայի իրավունքների մասին, թե ինչպես գնա նախկին աշխատատեղ, բերի տեղեկանք այն մասին, որ նրա աշխատավարձից 50 000 դրամ գումար է պահվել, որպեսզի քաղհայցի հնարավորություն ունենա:
Ռ. Մ.
«Առավոտ» օրաթերթ
04.03.2016