Լրահոս
Օրվա լրահոսը

Կյանքի օրո՞ք, թե՞ «հետո»

Մարտ 05,2016 14:00

Ժամանակին մեծ մտածողները կարծիք են հայտնել, որ դասական արժեք ստեղծող գրողի, գիտնականի կամ արվեստագետի գործը իրենց կյանքի օրոք չի գնահատվում: Իրականում դա յուրատեսակ «քաղվածք» է կյանքի դառը դասերից: Ժողովուրդն էլ իր հերթին այդ մասին ասացվածք է հորինել՝ գնա մեռի, արի սիրեմ: Ի դեպ, աշխարհում հիմնականում հենց այդպես էլ լինում է՝ մարդը ապրում է, ստեղծագործում, ստեղծում, բայց հազվադեպ է իր կենդանության օրոք արժանանում դասականին արժանի գնահատանքի: Արդարության դեմ չմեղանչելու համար նշենք, որ մեծանուններն իրենց ապրած կյանքի ընթացքում արժանանում են բարձրագույն պարգեւների ու վաստակը գնահատող տարբեր հարգի կոչումների, բայցեւայնպես, դասական գնահատականը այնպիսի մի նշաձող է, որ մահկանացուն ժամանակի ոչ մի բարձր կոչում չի ապահովում անմահ անուն եւ սերունդների սերն ու հարգանքը:

Էլ չենք խոսում ֆանտաստիկայի ժանրին հասնող այն մտածողների գործունեության մասին, որոնք ամբողջ մի գիտակցական կյանք ապրում են, չգիտես ինչու՝ չերեւալու պայմանով, եւ որոնց մասին հանրությանը հայտնի է դառնում ոչ միայն նրանց մահվանից հետո, այլեւ մահվանից տասնամյակներ, երբեմն հարյուրամյակներ անց: Այդպիսիք են տարբեր ժամանակներում ապրած, ստեղծագործած ու գնացած, աներեւակայելի կարողությունների տեր ոչ միայն արվեստի ու մշակույթի գործիչները, օրինակ՝ հետախույզները (Գեւորգ Վարդանյան, Ռիխարդ Զորգե եւ այլն), գերգաղտնի զենքեր ու փորձարկումներ իրականացնող տվյալ ժամանակի ամենաբարձրակարգ, բայցեւայնպես լայն հասարակությանը անհայտ գիտնականները (Սախարով, Նորայր Միսակյան եւ այլն), պետության ու եկեղեցու քմահաճ հալածանքների տակ գործող մեծ մտածողները (Ջորդանո Բրունո, Կոպեռնիկոս եւ այլն), փիլիսոփաներն ու արվեստագետները, բավականին հաճախ էլ՝ քաղաքական գործիչները, որոնք դաժան պատիժներ են կրում իրենց ժամանակի կառավարողների կողմից, երբեմն կյանքի մեծագույն մասն անցկացնելով բանտերում կամ աքսորում:

Ստացվում է, թե ժամանակն է միակ դատավորը, որ բոլորովին էլ հաշվի չի նստում «մահկանացու մարդկանց» տրված կամ կառավարող իշխանների շնորհած գնահատականների հետ: Այնուամենայնիվ, շատ հաճախ մարդկային հասարակությունը անթաքույց ջանքեր է գործադրում գտնելու արժանիներին գնահատելու ձեւեր՝ գումարային պարգեւավճարներից սկսած մինչեւ պետական կոչումների, շքանշանների, հիերարխիկ աստիճանակարգերի ու բազում, բազմատեսակ, բազմաստիճան, բազմածավալ, բազմազդեցիկ մրցանակների ձեւով: Լինում է այնպես, որ նույնիսկ արձաններ են կանգնեցվում այս կամ այն մեծ արվեստագետի կամ մարզիկի կյանքի օրոք, ինչպես, ասենք՝ Պելեին՝ Բրազիլիայում, Ազնավուրին՝ մեզանում, եթե հետադարձ հայացք ձգենք՝ արքաներին՝ իրենց ժամանակներում եւ այլն:

Վերջին տասնամյակների ընթացքում աշխարհի շատ երկրներում, օրինակ, բարձրակարգ երգիչ-երգչուհիներ, արվեստագետներ իրենց կյանքի օրոք սահմանում են մրցանակներ ու կրթաթոշակներ, անձամբ նախագահում են իրենց անունը կրող մրցույթի ժյուրիներում: Լինում է այնպես, որ բազմափորձ արտիստը տարիների սեփական վաստակած գումարն է ներդնում որպես մրցանակային ֆոնդ: Բայց շատ մշակութահարգ ու բարեկիրթ երկրներում էլ տվյալ երկրի կառավարությունն է սահմանում մշակութային գործչի անվան մրցանակ, պետության հաշվին կազմակերպում մրցանակային ֆոնդի ձեւավորում եւ որպես կանոն՝ մրցույթի ցմահ նախագահ ընտրում անվանի եւ վաստակավոր գործչին: Օրինակները բազմաթիվ են, բերենք դրանցից 1-2-ը: Ռուսաստանում մինչեւ մահկանացուն կնքելը սահմանվեց մրցանակ ու կրթաթոշակ օպերային երգչուհի Գալինա Վիշնեւսկայայի անվամբ, վաղուց հիմնված են Սպիվակովի, Գերգիեւի եւ մյուս երաժիշտների անունը կրող մրցանակներ, կրթաթոշակներ: Կան նաեւ միջազգային ամենատարբեր մրցույթների եւ գործունեության հիմնադրամներ հենց իրենց անուններով, այդ թվում՝ «Բիլ Գեյթս», «Սորոս», «Լինս», «Ազնավուր», «Ժերալդ Գաֆէսճեան»:

Համոզված ենք, որ ընդունելի կլինի Հայաստանում սահմանել, օրինակ, «Հովհաննես Չեքիջյան» մրցանակ կամ կրթաթոշակ, ավելին՝ մաեստրոյի կենդանության օրոք Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը անվանակոչել նրա անունով, երբ բացահայտ է, որ վաղուց արդեն երգչախումբը մեզանում եւ արտասահմանում ընդունում են հենց Չեքիջյանի անունով: Կամ՝ հաճելի է տեսնել, հանդիպել, շփվել, լսել Տիգրան Մանսուրյանի երաժշտությունը… Արդյոք հաճելի չէ՞ր լինի, որ սահմանվեր Մանսուրյանի անվան մրցանակ, կրթաթոշակ… Ունենք արդեն Ջիվան Գասպարյանի արձանը: Եթե գնանք տասնամյակներ ետ, հաստատ լավ կլիներ, որ կոմպոզիտորի արձանը լիներ իր ապրած տարիների օրոք:

Մեր կողքին այսօր ապրող լեգենդների անունները կարող ենք շարունակել. օպերային երգիչ Գեղամ Գրիգորյան, բալետի արտիստ, խորեոգրաֆ Վիլեն Գալստյան, դաշնակահար Սվետլանա Նավասարդյան…

Մի բանով կարող ենք մխիթարվել. արվեստաբան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սերգեյ Առաքելյանը տարիներ առաջ հիմնելով մատենաշար, անվանի արվեստագետների կյանքի օրոք իսկական «հուշարձաններ» կերտեց, այդ թվում՝ Գոհար Գասպարյանին, Օֆելյա Համբարձումյանին, Գալյա Նովենցին, Սվետլանա Գրիգորյանին, Կարպ Խաչվանքյանին, Բաբկեն Ներսիսյանին, Հովհաննես Չեքիջյանին…, հիմա էլ սկսել է «Ռուբեն Մաթեւոսյան» գիրք-ալբոմի աշխատանքները: Ասվածին հավելենք, որ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան եւ մշակույթի նախարարությունը մեծանուն որոշ արվեստագետների, այդ թվում՝ Տաթեւիկ Սազանդարյանի, Գոհար Գասպարյանի, Պավել Լիսիցյանի եւ մյուսների անվամբ մրցույթներ է անցկացնում, իհարկե, նրանց երկրային կյանքից հետո, Երեւանի քաղաքապետարանն էլ տուն-թանգարաններ կամ փողոցներ է «նվիրում» նրանց: Գուցե Ազգային ժողովի, քաղաքապետարանի, միեւնույն է, թե որ կառույցի շնորհիվ կամ միջոցով մեր մեծերը կենդանության օրոք կտեսնեն իրենց գնահատականը: Բայց որ այս հարցը պետք է քննարկվի ու մեծերին հարիր լուծում ստանա՝ միանշանակ է:

«Առավոտը» դիմեց Հովհաննես Չեքիջյանին հետեւյալ հարցով՝ երբեւէ չի՞ մտածել կամ դե՞մ կլիներ, որ ակադեմիական երգչախումբը, ասենք, հենց այսօր կոչվեր իր անվամբ: Մաեստրոն երեխայի միամտությամբ պատասխանեց. «Ախր էդ հարցը ոչ ոք չի բարձրացրել ու գոնե ինձ չեն դիմել»: Հետո էլ մեզանից հետաքրքրվեց՝ ձեր ականջին նման բա՞ն է հասել: Համոզված ենք, մաեստրոյի նման պատասխանը մեկնաբանությունների կարիք չունի:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
04.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031