Լրահոս
Օրվա լրահոսը

Թատերարվեստի մեծերը՝ Յաշա Չախոյանի գրքում

Մարտ 05,2016 13:30

Լույս է տեսել թատերական լրագրող Յաշա Չախոյանի «Տարիների հետ» գիրքը, որտեղ զետեղված են հեղինակի՝ ավելի քան չորս տասնամյակների ընթացքում մամուլում տպագրած հրապարակումները: Բացառիկ արխիվային լուսանկարներով ժողովածուն կազմված է «Դիմանկարներ», «Հարցազրույցներ», «Ներկայացումներ», «Գրախոսականներ» եւ «Թատերական էսքիզներ» բաժիններից:

«Տարիների հետ» գիրքը հետաքրքրական է նրանով, որ ամփոփում է ժամանակի անվանի արվեստագետների հետ հարցազրույցներ, նրանց մտորումները, հայացքները:
Վարդան Աճեմյան, Հակոբ Ոսկանյան, Զարեհ Տեր-Կարապետյան, Բաբկեն Ներսիսյան, Սվետլանա Գրիգորյան, Ալեքսանդր Հովհաննիսյան… Ահա ժամանակի մշակութային սերուցքի ոչ ամբողջ բույլը, որոնց մասին գրել է Յաշա Չախոյանը: Նա, բացի հաջողություններից ու նվաճումներից, ներկայացրել է նաեւ այդ արվեստագետների մարդկային դիմագիծը: Օրինակ, Ալեքսանդր Հովհաննիսյանի մասին 1987թ. «Թատերական Երեւանում» գրել է. «Կյանքում հետաքրքիր անձնավորություն է Ալեքսանդր Հովհաննիսյանը, ընկերների եւ բարեկամների շրջապատում նրա խոսակցության հիմնական թեման պապերի ու հայրերի ծննդավայրն է՝ Մուշը, Մշո դաշտը, Էրգիրը: Առանց հուզմունքի չի կարողանում լսել Տարոնի երգերը: Սիրում է, երբ հավաքվածները եւս մասնակցում են իր խոսակցությանը: Ուրախանում է, երբ Հայաստանում լավ բան է կատարվում, մոնումենտալ շինություններ ստեղծվում: Հայրենասեր է բառի ամենալայն իմաստով: Յոթանասուն տարեկան Ալեքսանդր Հովհաննիսյանը յոթ տարեկանի նման պարզսիրտ է, մաքուր, անկեղծ:

Al_Hovhannisyan

Ալեքսանդր Հովհաննիսյանն ու Կիմ Երիցյանը (ձախից)՝ «Երկու օրիորդ» ներկայացման մեջ:

Մտերիմները նրան Ալո են ասում, մեր Ալոն…մտերմություն, որ առաջին հերթին իրենից է գալիս, իր մարդասիրությունից, արդարամտությունից, ընկերասիրությունից»:
Տպավորիչ է Կարպ Խաչվանքյանի հետ հարցազրույցը, որտեղ՝ բավարա՞ր եք համարում դերասանի վարձատրությունը հարցին ի պատասխան՝ արվեստագետը մի դրվագ է պատմել Չախոյանին. «Մի քանի տարի առաջ երկրպագուներս ինձ հարցրին, թե ինչքան է իմ աշխատավարձը: Ես հպարտությամբ (ի դեպ, միշտ ստացել եմ ամենաբարձր աշխատավարձը թատրոնում) պատասխանեցի՝ 300 ռուբլի:

– Մեկ օրո՞ւմ…

– Ոչ, մեկ ամսում:

– Չի կարող պատահել, չէ՞ որ դա մի ռեստորան գնալու փող է…Դա այն ժամանակ էր, իսկ հիմա աշխատավարձը կրկնապատկվել է, բայց դարձյալ մի ռեստորան գնալու փող է»:
Բաբկեն Ներսիսյանի մասին էլ գրքի հեղինակը գրել է. «Լինում են դերասաններ, որոնց հեռանալուց հետո երկար ժամանակ թափուր է մնում իրենց վերապահված տեղը, իսկ թատերասերների մոտ թարմ են նրանց խաղացած բազում բարձրարվեստ դերակատարումները: Այդպիսի անհատներից է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Բաբկեն Ներսիսյանը»:

Գրքում, ի թիվս այլ նյութերի, անդրադարձ կա նաեւ այսօր մեր կողքին ապրող ու ստեղծագործող թատերարվեստի մշակների մասին:

Գ. Հ.

«Առավոտ» օրաթերթ
04.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031