Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախյան պատերազմում Ադրբեջանի օգտին աշխատող դիպուկահարների մեծ մասը վարձկան բիաթլոնիստներ են եղել

Մարտ 05,2016 13:00

Բիաթլոն մարզաձեւը Հայաստանում կա եւ չկա: Կա, որովհետեւ ֆեդերացիա
եւ հատուկենտ մարզվողներ ունենք: Չկա, որովհետեւ պետական ուշադրություն չկա: «Առավոտը» զրուցել է Հայաստանի բիաթլոնի ֆեդերացիայի նախագահ Վարդեւան Գրիգորյանի հետ:

-Պարոն Գրիգորյան: Հայաստանում շատերն անգամ չգիտեն, որ մենք բիաթլոնի ֆեդերացիա ունենք եւ այդ մարզաձեւը գործում է:

-Խորհրդային տարիներին Հայաստանն ունեցել է բիաթլոնի լավ ավանդույթներ: Մեր մարզիկները մասնակցում էին ԽՍՀՄ առաջնություններին, ԽՍՀՄ ձմեռային սպարտակիադաներին եւ որոշ հաջողությունների հասնում էին: Անձամբ ես եղել եմ ԽՍՀՄ ուսանողական հավաքականի անդամ, սպորտի վարպետ եմ, վաստակավոր մարզիչ: ԽՍՀՄ փլուզումից հետո կորսվեցին այդ լավ ավանդույթները, որոնք ձեւավորվել էին դեռ 60-ական թվականներին: Դա հիմնականում պայմանավորված է նրանով, որ բիաթլոնը շատ թանկ մարզաձեւ է ու այն պահպանելն ու զարգացնելը ծախսատար է ու դժվար: Բայց 2007 թվականին կարողացանք ստեղծել մարզաձեւի ֆեդերացիան ու անում ենք ամեն բան՝ այն պահպանելու համար:

-Բիաթլոնը պետական աջակցություն չի՞ ստանում:

-Ոչ: Բայց մենք դրան ըմբռնումով ենք մոտենում եւ ինքներս ներածի չափով որոշակի աշխատանքներ իրականացնում ենք: Օրինակ, ձեռք ենք բերել ռուսական արտադրության ժամանակակից չորս հրացան, երկուսը նվիրել են Նորվեգիայի մեր գործընկերները, իսկ միջազգային ֆեդերացիան ամեն տարի տալիս է որոշակի քանակության դահուկային գույք, հանդերձանք, նաեւ՝ մինչեւ 5 հազար փամփուշտ: Թե գումարային արտահայտությամբ դա ինչ է, ասեմ, որ 50 փամփուշտանոց մեկ տուփը արժե 5000 դրամ: Ուսումնամարզական հավաքի ժամանակ մեկ մարզիկն օգտագործում է 10-12 հազար փամփուշտ: Բաժանեք եւ կտեսնեք, թե ինչ գումարների մասին է խոսքը: Դեռ չեմ խոսում դահուկների, հանդերձանքի, թիրախների, հատուկ հրաձգարանների մասին: Ի դեպ, վերջինն անգամ ԽՍՀՄ-ի ժամանակ չունեինք: Եկեք ընդունենք, որ մեկ բիաթլոնիստը շատ թանկ հաճույք է, անգամ պետության համար:

-Ձեր մարզաձեւը Հայաստանի ո՞ր մարզերում է ավելի շատ տարածված:

-Գյումրիում եւ Ախուրյանում: Մի ժամանակ Հրազդանի շրջանում էլ ակտիվություն եղավ, բայց ԽՍՀՄ-ի փլուզումից հետո մարեց:

– Իրավիճակից ելք գտնելու ուղիներ կա՞ն:

-Բիաթլոնում հաջողությունները ես ուղիղ կապում եմ դահուկավազքի հետ: Աշխարհում ընդունված է, որ ուժեղագույն բիաթլոնիստները մեծամասամբ գալիս են դահուկավազքից: Դահուկային մարզաձեւերի ֆեդերացիայի նախագահ Արմեն Երիցյանի հետ հանդիպելու պայմանավորվածություն կա: Ուզում եմ քննարկել մեր դահուկավազորդներին նրանց անձնական ցանկությամբ վերաորակավորելու խնդիրները:

-Դահուկավազքի եւ բիաթլոնի մեջ ընդհանրություններ կան: Ինչպե՞ս վարվել կրակելու հետ: Դա որոշակի վտանգ է պարունակում:

-Մեր բիաթլոնիստները մարզվում են դահուկավազորդների վազքուղիներում: Բայց քանի որ դրանք անցնում են տարբեր հարթություններով, կարողանում ենք սարերի լանջերին կրակելու հարմար հատվածներ ընտրել: Հարթ տարածությունում կրակելն ընդհանրապես արգելում ենք:

-Հաջողության հասնելու համար համապատասխան որակավորում ունեցող մասնագետներ են անհրաժեշտ:

-Մասնագետներ ունենք: Բայց նրանք կարող են պարապել սկսնակների հետ: Բարձրակարգ մարզիչ ունենալու համար էլ լուրջ միջոցներ են պահանջվում:

-Մի խոսքով, բիաթլոնը հայկական մարզաձեւ չէ՞:

-Ասել եւ մնում եմ նույն կարծիքին, որ ազգային մարզաձեւ հասկացություն չկա, մեզ համար՝ բացի կոխից: Չկա մարզաձեւ, որ ազգը ցանկանա զարգացնել ու չկարողանա: Ամենավառ օրինակը մեր հարեւան Թուրքիան է: Երեք տասնամյակ առաջ նրանք աշխարհին հատուկենտ մարզաձեւով ու մարզիկներով կարող էին ներկայանալ: Իսկ հիմա՞: Ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, սեղանի թենիս, ըմբշամարտ, բռնցքամարտ, ծանրամարտ, ջրային ու ձմեռային մարզաձեւեր, որոնք հաստատ իրենց ազգայինը չեն: Բայց գումարներ են ներդնում, հրավիրում աշխարհի լավագույն մասնագետներին, յուրացնում են նրանց գիտելիքներն ու փորձը, դրանք դարձնում հենակետային կամ ազգային: Ու հիմա առաջատար են:

Բիաթլոնը պիտի լինի հատկապես հայկական մարզաձեւ: Չմոռանանք՝ ովքե՞ր են մեր հարեւանները: Ասում են, Արցախյան պատերազմում Ադրբեջանի կողմից աշխատող դիպուկահարների մեծ մասը այլ երկրների վարձկան բիաթլոնիստներ են եղել: Ինքներդ ասեք. բիաթլոնը ազգային կամ հայկակա՞ն մարզաձեւ է:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
04.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031