Ընդհանրապես, ակադեմիական ազատությունների մշակույթը մասնագիտական կրթական համակարգում չձեւավորվեց: Այնինչ, դրա պակասը շատ է զգացվում, մանավանդ կրթական բարձր աստիճաններում: Ասպիրանտի ընդունելության պահանջները դեռեւս համընդհանուր են ամբողջ համալսարանի` անգամ երկրի համար: Այսօր, երբ ՀՀ-ում գործում է ասպիրանտների ընդունելության համընդհանուր կարգ, որը պահանջում է ընդունելության քննություններ, ինչ-որ տեղ հանդուրժելի չէ գիտական ղեկավարի համար, ով ընդունելությունից հետո է միայն դիմորդի հետ ծանոթանում եւ դրանից տեւական ժամանակ անց է ուրվագծում սպասվելիք գիտահետազոտական աշխատանքների եւ ուսումնառության շրջանակը, որոշվում ատենախոսության թեման, հետազոտության թիրախային ուղղությունները: Բնականաբար, թեմայի ընտրության գործընթացում գիտական ղեկավարն ու ասպիրանտը երկուստեք փոխհամաձայնեցված համարժեք վերաբերմունք են ցուցաբերում միայն ընդունելության ավարտից հետո, որը շատ դեպքերում չի արդարացնում իրեն, քանի որ պարզվում է, որ կամ ասպիրանտն ի զորու չէ պատշաճ կարգով գիտական հետազոտություն կատարելու, չնայած որ փայլուն ընդունելության քննություն է հանձնել, կամ էլ թեման նրա սրտովը չէ:
Կարծում ենք, որ արեւմտաեվրոպական փորձի կիրառումը այս պարագայում տեղին է, երբ կրթական երրորդ մակարդակի մուտքը որոշվում է ոչ թե դիմորդի ընդունելության քննություններով, այլ գիտական ղեկավարի հետ հարցազրույցներով: Գիտական ղեկավարի, որպես ծրագրի իրագործման պատասխանատվություն ստանձնած անձի դեպքում ասպիրանտի ընդունելության մոտեցումները փոխվում են: Անշուշտ, օտար լեզվի կամ մասնագիտական գիտելիքների առկայությունը մնում է պարտադիր պահանջ, բայց ոչ բավարար ընդունելության գործընթացում: Դրան զուգահեռ, անհրաժեշտ է համարվում նաեւ ասպիրանտի հմտությունների եւ կարողությունների գնահատումը` նախատեսվող հետազոտական աշխատանքները կատարելիս: Այս առումով, մինչ ընդունելության քննությունները, թերեւս ավելի կարեւոր հանգամանք է դառնում ապագա ասպիրանտի հետ հարցազրույցներ կազմակերպելը, հասկանալու համար, թե դիմորդը որքանով է տեղեկացված լուծմանը սպասող գիտական հիմնախնդրին եւ մինչ ընդունելությունն այդ ուղղությամբ նրա կողմից ինչ աշխատանքներ են կատարվել:
Շատ կարեւոր է նաեւ հարցազրույցների ընթացքում գիտական ղեկավարի կողմից դիմորդի հետազոտական աշխատանքներ կատարելու կարողությունների եւ հմտությունների գնահատումը: Ասպիրանտուրայում ներկայումս պահանջ է դառնում, որ գիտական ղեկավարը ի սկզբանե համոզվի, թե ի վիճակի՞ է, արդյոք, դիմորդը կամ ապագա երիտասարդ հետազոտողը հաղթահարելու իր առջեւ դրված հետազոտական խնդիրները գիտության կոնկրետ ոլորտում, եւ հետո միայն որոշում կայացնի նրան ընդունելու ասպիրանտուրա` անգամ առանց ընդունելության քննությունների:
Կարծում ենք, որ ասպիրանտների ընդունելության հարցում բուհերին պետք է տրամադրվի ակադեմիական ազատությունների լայն շրջանակ, վերացնելով ընդունելության քննությունները եւ կողմնորոշվելով հարցազրույցներով, որպեսզի դիմորդների ընտրությունը կատարվի ելնելով ոչ միայն նրանց կուտակած գիտելիքների եւ գնահատականների որակից, այլ որ ավելի կարեւոր է, հաշվի առնվի հետազոտության ոլորտում դիմորդի փորձը, կարողություններն ու հմտությունները: Թե չէ ստացվում է այնպես, որ ասպիրանտը միայն երրորդ կուրսում է կողմնորոշվում, թե ինչպես արդյունավետ կազմակերպի իր հետազոտությունը, եւ արդյունքում ունենում ենք հապճեպորեն շարադրված, եւ որոշ դեպքերում էլ գիտագործնական արժեք չունեցող ատենախոսություններ, որոնք պաշտպանությունից հետո որակազրկվում են ՀՀ ԲՈՀ-ի կողմից:
ԱՐՄԵՆ ՃՈՒՂՈՒՐՅԱՆ
տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր
«Առավոտ» օրաթերթ
04.03.2016