Լրահոս
Օրվա լրահոսը

Միշտ չեն «ֆինանսները ռոմանս երգում»

Մարտ 05,2016 12:00

Սերժ Սարգսյանը հույս ունի, որ ՀՀ-ԵՄ նոր համապարփակ իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունները կշարունակվեն բնականոն հունով

Եվրոպական միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ տիկին Ֆեդերիկա Մոգերինին օրերս Հայաստանում էր, նա հանդիպեց ՀՀ իշխանություններին, քաղաքական ուժերին, իրավապաշտպաններին:

Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը քննարկվել են ինչպես Հայաստան-ԵՄ երկկողմ հարաբերությունների օրակարգին, այդ թվում՝ առանձին ոլորտներում համագործակցությանը, այնպես էլ միջազգային խնդիրներին, տարածաշրջանի զարգացումներին, մարտահրավերներին եւ հեռանկարին վերաբերող հարցեր՝ հայտնում էր նախագահի պաշտոնական կայքը։ Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է նշել տիկին Մոգերինիի մասնակցությամբ տարեվերջին Բրյուսելում տրված Հայաստան-ԵՄ նոր համապարփակ իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունների մեկնարկի մասին եւ հույս հայտնել, որ դրանք կշարունակվեն բնականոն հունով, ու տեսանելի ապագայում կողմերը հաջողությամբ ավարտին կհասցնեն այս կարեւոր գործընթացը: Ըստ պաշտոնական հաղորդագրության` Սերժ Սարգսյանն անդրադարձել է Հայաստանում իրականացվող լայնածավալ բարեփոխումներին, այդ թվում՝ անցած տարվա դեկտեմբերին կայացած սահմանադրական բարեփոխումներին, ընդգծել է, որ Հայաստանը հաստատակամ է՝ շարունակելու տարբեր ոլորտներում սկսված բարեփոխումները, եւ բարձր է գնահատում դրանց իրականացման համար ԵՄ կողմից հատկացվող ֆինանսական փորձագիտական աջակցությունը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ԼՂ խնդրի լուծման բանակցային գործընթացին: Ս. Սարգսյանը ներկայացրել է այդ գործընթացում հայկական կողմի դիրքորոշումները, իսկ Ֆ. Մոգերինին վերահաստատել է այս խնդրում ԵՄ դիրքորոշումը՝ ընդգծելով, որ ԵՄ-ն սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբին նրա առաքելության իրականացման գործում եւ պաշտպանում է բանակցությունների հիմքում ընկած երեք սկզբունքները՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման եւ տարածքային ամբողջականության մասին:

Նախագահականում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամլո ասուլիսում Մոգերինին կարեւորեց 2015 թվականը, քանի որ անցյալ տարի մեկնարկեցին ԵՄ-Հայաստան նոր բանակցությունները: Մոգերինին ՀՀ իշխանությունների հետ քննարկել է այդ բանակցությունների ընթացքը եւ հեռանկարները: Ընդ որում, եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան ուշագրավ շեշտադրմամբ ուղերձ է հղել` նկատելով, որ հասարակությունը պետք է մաս կազմի այդ գործընթացին. «Նույնիսկ այս շատ դժվար տարիներին եւ դժվար ժամանակներում ԵՄ-ն Հայաստանի առաջին առեւտրային գործընկերն է, ներդրողը ու դոնորը: Բայց հարցը միայն փողերի մեջ չէ»:

Մոգերինին ընդգծել է` ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, կոռուպցիայի վերացումը, մարդու իրավունքներն եւ հիմնարար ազատությունները, սահմանադրական ու դատական բարեփոխումները, տնտեսական աճն ու անվտանգության մակարդակը:
Այս սկզբունքների պահպանման անհրաժեշտության մասին ելույթներ Հայաստանում հնչում են արդեն 20 տարուց ավելի, բայց խնդիրն այն է, որ այսօր, երբ Հայաստանը կանգնած է ԵՄ-ի հետ նոր փաստաթուղթ ընդունելու շեմին, Բրյուսելը ՀՀ իշխանություններից այս սկզբունքների հաստատման երաշխիքներ է պահանջում: Այս առումով բոլորովին էլ զարմանալի չէ Մոգերինիի` «հարցը միայն փողերի մեջ չէ» արտահայտությունը: Այն առավել քան թափանցիկ է, ԵՄ-ն Հայաստանի իշխանություններին պարզ ասում է, որ գումար ակնկալելուց առաջ դուք անելիք ունեք, իրականացրե՛ք անհրաժեշտ քայլեր, եւ դուք կստանաք գումար:

ԵՄ-ն սատարում է սահմանադրական փոփոխությունները, բայց…

Մեկ տարի հետո Հայաստանը դարձյալ ընտրական պրոցեսի մեջ է ներգրավվելու, այս հարցում էլ Մոգերինին հարկ է համարել ընդգծել ընտրական համակարգի բարեփոխումները. «ԵՄ-ն սատարում է սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ամփոփիչ զեկույցում տեղ գտած առաջարկները»: Նա կոչ է արել ՀՀ իշխանություններին թափանցիկ հետաքննություն վարել եւ համապատասխան միջոցներ ձեռնարկել ընտրախախտումների մասին պնդումների առնչությամբ՝ փաստացի առանձնացնելով Ընտրական նոր օրենսգրքի հարցը: «Հատուկ ուշադրություն պետք է դարձնել նաեւ ընտրական համակարգի բարեփոխմանը: Մենք քննարկել ենք սա, եւ այս բարեփոխումը պետք է ժամանակին արվի եւ արվի այնպես, որ շահագրգիռ բոլոր կողմերը կարողանան փոխհամաձայնության գալ դրա շուրջ»,- նշել է ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն` հավելելով. «Առանց ընտրախախտումների մասին պնդումների թափանցիկ հետաքննության եւ համապատասխան միջոցներ ձեռնարկելու, եւ եթե այդ պնդումները հաստատվեն, սահմանադրական վերջին հանրաքվեն բաց թողնված հնարավորություն կլինի՝ Հայաստանում ընտրական գործընթացի նկատմամբ վստահությունն ամրապնդելու համար»:

Բրյուսելը հստակ արձանագրել է, որ ԵՄ-ն շարունակելու է աջակցել Հայաստանին՝ առաջընթաց գրանցելու քաղաքական, սոցիալական բարեփոխումների գործում, մարդու իրավունքների պաշտպանությունն ու հիմնարար ազատություններն ամրապնդելու ուղղությամբ, բայց ընտրական գործընթացի նկատմամբ վստահությունն ամրապնդելու համար ԵՄ-ն ցույց է տվել իշխանությունների բացթողումներն ու ընդգծել, որ սպասելու է կոնկրետ արդյունքների:

ԼՂ խնդրի խաղաղ լուծումը ԵՄ առաջնահերթություններից է

«Ստատուս քվոն անընդունելի է մեզ համար: Հակամարտությունը ռազմական լուծում չունի եւ պետք է լուծվի քաղաքական ճանապարհով՝ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան»,- Երեւանում հայտարարեց Ֆեդերիկա Մոգերինին` ընդգծելով, որ ԵՄ-ն սատարում է հակամարտությունը լուծելու ուղղությամբ, Մադրիդյան երեք սկզբունքների հիման վրա, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներդրած ջանքերին. «Կոչ ենք անում ինտենսիվացնել բարձր մակարդակի երկխոսությունները»: Մոգերինին կոչ արեց վերջ տալ շփման գծում իրավիճակի սրման փորձերին, առճակատման հռետորաբանությանը եւ հավատարիմ մնալ խաղաղ բանակցային գործընթացին. «Եվրոպական միությունը սատարում է միջադեպերի հետաքննման մեխանիզմի ստեղծման վերաբերյալ համանախագահների առաջարկը: Մենք կշարունակենք ավելացնել ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահներին ցուցաբերվող աջակցությունը»:

Ըստ էության, եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան շեշտել է, որ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը ԵՄ-ի համար առաջնահերթություն է, եւ հատկանշական է, որ Մոգերինին նույնպես ընդգծեց, որ ԵՄ-ն սատարում է միջադեպերի հետաքննման մեխանիզմի ստեղծման վերաբերյալ համանախագահների առաջարկը, մի առաջարկ, որի ընդունման վերաբերյալ հայկական կողմը վաղուց դրական պատասխան է տվել, իսկ պաշտոնական Բաքուն շարունակում է համառորեն լռել՝ փաստացի հասկացնել տալով, որ դեմ է այդ առաջարկին:

Մինչեւ Երեւան ժամանելը՝ Մոգերինին Բաքվում էր, եւ ադրբեջանական Trend-ին տված հարցազրույցում նա Բաքու այցելելու նախօրեին շեշտել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը այն ձեւաչափն է, որի հետ համաձայնել են բոլոր կողմերը, եւ որը հավանության է արժանացել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից: «ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահները ընդունել են նոր միջնորդական ջանքեր, մենք աջակցում ենք եւ կշարունակենք անշեղորեն աջակցել այդ գործընթացին… Ընդամենը մի քանի ամիս առաջ՝ 2015-ի դեկտեմբերին, ե՛ւ նախագահ Ալիեւը, ե՛ւ նախագահ Սարգսյանը հաստատել են, որ իրենք կշարունակեն արված առաջարկությունների կառուցողական քննարկումը: Դա կենսականորեն կարեւոր է. վերջին հաշվով հենց ձեր երկրների ղեկավարները պետք է կամք ցուցաբերեն եւ մոտեցնեն խաղաղության ձեռք բերումը»,- ասել է նա:

Բաքվում ԵՄ պաշտոնյան իր հերթին է հարկ է համարել շեշտել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափից հրաժարվելը Բրյուսելի համար ընդունելի չէ, ինչը, փաստորեն, շարունակաբար հնչում է Բաքվից տարբեր մակարդակներով:

ԵՄ-Ադրբեջան հարաբերություններում սառույցը հալչում է

Վերջին մեկ-երկու տարիներին Արեւմուտքի ուղղությամբ պաշտոնական Բաքվից քննադատություններն ամենադաժանն էին: Բայց, ինչպես երեւում է, Ալիեւին հասկացրել են, որ արդեն պետք է արգելակի: Վերջին օրերին թե՛ Բրյուսելից, թե՛ Բաքվից հնչում են հայտարարություններ, որոնք վկայում են այն մասին, որ, այնուամենայնիվ, ԵՄ-Ադրբեջան հարաբերություններում լարվածությունը մեղմվում է: Եվ ոչ միայն:

Մոգերինին Բաքվում մասնակցել է Ռուսաստանը շրջանցող «Հարավային գազային միջանցք» կոչվող նախագծի խորհրդատվական խորհրդի երկրորդ նիստին, հանդիպել է Ադրբեջանի իշխանությունների հետ: Բանակցություններից հետո ԱԳ նախարար Մամեդյարովը հայտարարել է, թե Ադրբեջանը ԵՄ-ի ուշադրությանն է ներկայացրել ռազմավարական գործընկերության համաձայնագրի նախագիծ, որի շուրջ էլ քննարկումներ են անցկացրել, մասնավորապես՝ ուրվագծվել են այն քայլերը, որոնք ձեռնարկվելու են փաստաթղթի աշխատանքների մեկնարկի ուղղությամբ. «Երկրների միջեւ էներգետիկ ոլորտում համագործակցությունն ընդլայնվում է։ 2019թ. Ադրբեջանի բնական գազը կհասնի եվրոպական շուկա»։ «Ադրբեջանի եւ ԵՄ-ի համագործակցությունը օրեցօր ամրապնդվում է։ Ադրբեջանն ունի ԵՄ-ի առեւտրային հզոր գործընկերը դառնալու ներուժ»,- նկատել է Մոգերինին։

Ադրբեջանի մուտքը Առեւտրի համաշխարհային կազմակերպություն կլինի արդյունավետ քայլ՝ Մամեդյարովի հետ հանդիպումից հետո նշել է Մոգերինին: «Դա ներդրում կունենա Ադրբեջանում անցկացվող տնտեսական բարեփոխումներում»: Իսկ Իլհամ Ալիեւը եվրոպացի պաշտոնյայի հետ հանդիպումից հետո նշել է, որ Մոգերինիի այցը Ադրբեջան լավ հնարավորություն է՝ քննարկելու Ադրբեջանի եւ ԵՄ-ի միջեւ համագործակցության կարեւոր հարցերը։ Ընդգծելով, որ ներկայում Ադրբեջանի եւ ԵՄ-ի միջեւ համագործակցությունը գտնվում է կարեւոր փուլում, Ալիեւը նշել է համագործակցության հետագա ծրագրերի կարեւորությունը, տարբեր ոլորտներ ընդգրկող գործընկերային երկարաժամկետ արդյունավետ կապերի հաստատման համար գործընկերության ձեւաչափի մշակման հույս է հայտնել։

Իսկ Մոգերինին իր հերթին՝ նշելով, որ իր ներկայացրած կառույցի եւ Ադրբեջանի միջեւ համագործակցությունը կշարունակվի նոր շրջանակներում, ասել է, որ դրա համար կա ամուր հիմք։ Նկատելով, որ երկիրը գտնվում է բարդ տարածաշրջանում, Մոգերինին շեշտել է ԵՄ-ի եւ Ադրբեջանի միջեւ երկկողմ շահերից բխող գործընկերության ռազմավարական մակարդակի հասնելու կարեւորությունը։ Մոգերինին, որը Բաքվում մասնակցել է «Հարավային գազային միջանցք» նախագծի Խորհրդատվական խորհրդի երկրորդ նիստի աշխատանքներին, նշել է նաեւ, որ ԵՄ-ն մշտապես աջակցել է այդ նախագծի իրագործմանը։ Նրա խոսքերով՝ «Հարավային գազային միջանցքը» ներդրում կունենա ոչ միայն էներգակիրների դիվերսիֆիկացման, այլեւ էներգետիկ անվտանգության քաղաքական-տնտեսական կապերի ամրապնդման տեսանկյունից. «ԵՄ-ի անունից շնորհակալություն եմ հայտնում Ադրբեջանին այդ գործընթացում ներդրում ունենալու համար։ «Հարավային գազային միջանցքը» նոր փուլ է ԵՄ-ի ու Ադրբեջանի հարաբերություններում»։

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
04.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Алине says:

    1.”Мирное решение Нагорно-Карабахской проблемы – приоритет ЕС” & ” В 2019г природный газ Азербайджана дойдет до европейского рынка». Могерини отметила: «Сотрудничество Азербайджана и ЕС с каждым днем укрепляется. У Азербайджана есть потенциал, чтобы стать мощным торговым партнером ЕС” – означает, проблема Карабаха будет решаться по Мадридскому договору, в пользу Азербайджана. Почему тогда воевали и умирали? 2. “До прибытия в Ереван Могерини побывала в Баку, и ….” – говорит о том, что Азербаджан является партнером ЕС, а все остальные высказывания со стороны ЕС – пустые слова. 3. Армянские правители никогда не смогут выполнять требования ЕС, но зато ЕС перед каждым соглашением заставит и принудит Наших правителей, отказаться от Карабаха, как и принудили Порошенко раздробить Украину. Азербайджан будущий поставщик топлива, а Армения – никто. 4. Правительство бежит к ЕС для своего кармана, а не для благополучия народа, а чем не надо забывать. 5.ЕС не дарит деньги, а даёт под проценты, потому Прибалтика старается под предлогом окупации, заполучить денег от России, чтоб суметь вернуть свои долги. За счёт таких кредитов богатеют Европейские банки. Таких дураков среди капиталистов не найдёшь, которые деньги, для кого нибудь, на ветер бросят. Очнитесь! Да и кредиты дают частные банки и они без выгоды кредитов не доют. На Грецию посмотрите, которая существует только формально. Неужели, в Армении одного честного политика не найти, который бы работал во благо своего народа, а не во благо своего кармана? А тогда людям горы обещали, винив Россию за все. Где же ваши горы? Под вашим матрасом? Кредо наших политиков: ” ЕС Занг кахем , те тжар асем?”.

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031